«Նաիրիտում» գտնվող վտանգավոր քիմիական նյութերը մնացել են առանց ԱԻՆ-ի ստորաբաժանումների վերահսկողության։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը։
2010թ․-ից ի վեր չգործող գործարանում քիմիական ռեակտիվներ և նյութեր են մնացել, որոնք մշտական վերահսկողության կարիք ունեն՝ արտահոսքը, հրդեհը կամ այլ վտանգները չեզոքացնելու համար։ Նախկինում այդ վերահսկողությունը պայմանագրային հիմքով իրականացնում էին համապատասխան կառույցները՝ ԱԻՆ-ի ղեկավարությամբ։ Երբ գործարանը սնանկ ճանաչվեց, վերահսկողության համար վճարում էր սնանկության կառավարիչը։
«Հիմա պայմանագիրը չի երկարաձգվել, և մեր կազմակերպությունն այլևս գործարանում չի աշխատում»,-տեղեկացրեց Զարգարյանը։
Նշենք, որ ավելի վաղ գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի անգամ զգուշացրել էր, որ շուտով ի վիճակի չեն լինի նաև ԱԻՆ փրկարարներին և գործարանի պահակներին վճարելու։
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն իր հերթին ասում է, որ ներդրողներին, որոնք կարող են վերականգնել արտադրությունը, թույլ չեն տալիս ծանոթանալ գործարանի վիճակին։ Դրա փոխարեն տարբեր պատճառաբանություններով վաճառում են գործարանի ունեցվածքը։
«Հիմա շատ հարմար առիթ է՝ կհայտարարեն, որ գործարանը վտանգավոր է դարձել, այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ վաճառենք ու վերջնականապես լուծենք այդ հարցը»,-ավելացրեց Իսրայելյանը։
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ սնանկության գործով կառավարիչը հայտարարել էր, որ գործարանը լրիվ չի վճարել աշխատակիցներին։ Նրանց աշխատավարձերը վճարել են, բայց չեն վճարել ուշացման տույժերն ու տուգանքները։ Դրա համար միջոցներ էր պետք հայթայթել։
«Ուզում են ցույց տալ, թե լուծում են մարդկանց խնդիրները։ Դե թող ասեն` որտեղից են ճարելու այդ գումարը։ Ուզում են վաճառել գործարանը, բայց այդ դեպքում շատերը երբեք աշխատանքի չեն վերադառնա։ Ուրեմն թող մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն այն, ինչ իրականում ծրագրում են»,-նշել է Իսրայելյանը։
Նշենք, որ գործարանի պարտատերերն այդ հարցով որևէ դիրքորոշում չեն հայտնում և սնանկության կառավարչին գործողությունների լիակատար ազատություն են տալիս։ Ընդ որում, գրեթե բոլոր պարտատերերը պետական կազմակերպություններ են(Պետեկամուտների կոմիտեն, Երևանի ՋԷԿ-ը, Տարածքային կառավարման նախարարությունը), իսկ գործարանը պետք է պահպանել հենց պետության շահերից ելնելով։
Իսրայելյանը կարծում է, որ եթե որևէ մեկը գործարանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, պետք է հնարավորինս աջակցել նրան։
Նշենք, որ ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկն էր։ 90-ականներին դրա աշխատանքը դադարեցվեց, բայց անգամ 2000-ականներին այնտեղ արտադրվող սինթետիկ կաուչուկը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների թվում էր։
2006թ․-ին գործարանը սեփականաշնորհվեց շինծու կազմակերպության, դրա անունով վարկ ձևակերպվեց, որը չմուծվեց և գործարանը սնանկ ճանաչվեց։ Այնուհետև գործարանը կրկին դարձավ պետության սեփականությունը, բայց արտադրությունը չվերականգնեցին։