ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հորդորում է կորոնավիրուսի վարակի տարածման իրավիճակում խուճապի չմատնվել և պահպանել սթափ դատողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովում իր արտահերթ ելույթի ընթացքում:
«Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում՝ ծանր, շատ ծանր, պատերազմական, և ես կարծում եմ, որ այս պահին առավել, քան երբևէ մեզ պետք են հանգստություն և սթափ դատողություն, իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ, կառավարելի քայլեր: Երբևէ չի կարող գործին որևէ օգուտ տալ խուճապը»,- ասաց Միրզոյանը:
Խորհրդարանի խոսնակը նշեց, որ որքան վնասակար է անլրջությունն ու ավելի թույլ գնահատումը, ավելի վնասակար կլինի գույների անհարկի խտացումը:
Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 697-ով և ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նորայր Շողիկյան