Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմում միակ ռազմավարությունը դարձավ դիմակ կրելու քարոզն ու պարտության համար մեղավոր հռչակվեց «դուխով» ժողովուրդը, ապա տեսանելի թշնամու դեմ պատերազմում սրանց ռազմավարությունը կդառնա միայն պաշտպանիչ գլխարկ կրելը։ Ով բաց տարածքում գլխարկ չկրի, 20.000 դրամով կտուգանեն, իսկ եթե թաքստոցներում մոռանան գլխարկը դնել, ապա կտուգանվեն 50.000 դրամով։
«Կրի՛ր, որ կրենք»,– կհայտարարեն քայլարածները և կռվի ժամանակ կսկսեն փողոցներում զինվորական «կասկաներ» բաժանել՝ «Տավուշ կասկա» գործարանի բիզնես–պլանը կյանքի կոչելով։
Չեն մոռանա, իհարկե, հայտարարել, որ թշնամուց պետք է սոցիալական հեռավորության վրա մնալ և մշտապես ախտահանել տանը ունեցած սառը զենքերը՝ դանակն ու պատառաքաղը։
Պարտության համար, բնականաբար, մեղավոր կհռչակվի անդուխ ժողովուրդը։
«Բոլորս էլ մի օր վիրավորվելու ենք կամ մեռնենք։ Կարևորն այն է, որ վիրավորների քանակն ավելի շատ չլինի, քան Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների քանակն է։ Կարևոր է նաև այն, որ մահացածների գլխին անպայման «կասկաներ» լինեն–կհայատարարի «գերագույնը»՝ ավելացնելով, որ տարածքային կորուստներ և պետականության փլուզում հայերը միշտ էլ ունեցել են, այնպես, որ կառավարության հասցեին հնչող մեղադրանքները սխալ են։
«Եթե հիմիկվա պարտությունների համար ես եմ մեղավոր, ապա Ավարայրի ճակատամարտում կրած պարտության, Վանի ու Ղարսի կորուստների համա՞ր էլ եմ ես մեղավոր»,–դեմագոգիկ հարցադրում կհնչեցնի և կարդարանա մեր երկրում բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցնող մարդը, որն, ի դեպ, պատերազմի օրերին կհաջողացնի վիրավորվել հրթիռից ու մեկ շաբաթում ամբողջությամբ բուժվել։
Անդրանիկ Թևանյանի էջից: