Զինված բախումներ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների՞ն. էս ի՛նչ խայտառակություն է, մեր հայրերն ու եղբայրները սրա համար չեն արյուն թափել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զինված բախումներ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների՞ն. էս ի՛նչ խայտառակություն է, մեր հայրերն ու եղբայրները սրա համար չեն արյուն թափել

Երբ երեխան տարրական դպրոցից անցում է կատարում ընդհանուր դպրոց, կարելի է համարել, որ նա կյանքի նոր փուլ անցավ՝ նոր առարկաներ, նոր ուսուցիչներ, նոր ու հետաքրքիր պատմողական առարկաների ավելացում: Երեխան ինքն էլ է հասկանում, որ նրա պատասխանատվության աստիճանն ու կատարված «աշխատանքից» ակնկալվող որակի չափանիշներն արդեն փոխվել են:

Հաճելիորեն զարմանում ես, իմանալով, որ ավելացել է «Հայրենագիտություն» առարկան: Եթե կհիշեք, մեր ժամանակ նման առարկա չկար: Պարզ է, չէ՞, որ անմիջապես նետվելու ես նման հրաշք առարկայի դասագիրքը տնտղելու, ուսումնասիրելու ու փորփրելու… Եվ ահա այսպիսի հիասթափություն. Պարզվում է, որ նորանկախ Հայաստանի բազմաթիվ դժվարություններից էին «զինված բախումները Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, Ադրբեջանից հարյուրհազարավոր հայ փախստականների առկայությունը և այլ հիմնախնդիրները»:

Խնդրում եմ, փոքր-ինչ ինքնուրույն վերլուծեք, թե ինչ է ասվում… Լղոզված «զինված բախումներ» բառակապակցությունը… Զինված բախումները, Կա՛րլ… Թե՞, ամեն դեպքում՝ լայնածավալ պատերազմ: Պատերազմ հանուն ազատագրման, անկախացման, ինքնորոշման իրավունքի իրագործման… Էս ի՛նչ խայտառակություն է:

Կամ՝ «Ադրբեջանից հարյուրհազարավոր հայ փախստականների առկայությունը» միտքը…

Հարկ եմ նշում ընդգծել գրքի վերահրատարակման տարեթիվը… Չէ՛, բան չեմ ակնարկում: Ընդգծում եմ, որ մի փոքր մտածեք…

Ակամայից երկու օր առաջվա «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանյան մասնաճյուղի (ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հարցազրույցից հատվածներ հիշեցի. «…Հիմնադրամն ու մի քանի գործընկերներ երկար ժամանակ եղել են այն կառույցները, որոնք հետևողականորեն բարձրաձայնել են շատ մեծ պրոբլեմ՝ անգրագիտությունը… …եթե դրա դեմ պայքարելը հայի ինքնությունը հանելն է, ապա այո՝ հանում ենք…»:

Բա էլ «բարեփոխումներին աջակցելով՝ հայի ինքնությունը հանելը» պոզով-պոչով է լինո՞ւմ…Ի՞նչ եք ուզում… Ո՞ւմ շահերից է բխում հենց հայի ինքնությունն ընդգծող «Հայրենագիտություն» առարկայի էջերին տեսնել նման խայտառակ կա՛մ պրոադրբեջանական, կա՛մ պրոթուրքական, կա՛մ պրոսորոսական, կա՛մ՝ ամենը մեկում մտքեր… Մտածեք ու վերլուծեք ինքներդ:

Մեր հայրերն ու եղբայրները սրա համար չեն արյուն թափել…

Ալբերտ Ունուսյանի էջից:



Նման նյութեր