Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված 24-ամյա Գևորգ Կիրակոսյանը ՌԴ քաղաքացի էր, նա կարող էր իր ծառայությունը Ղրիմում անցնել, սակայն վերջին պահին մերժել է, ասալ՝ ես օտար հողում չեմ ուզում ծառայել, ես պիտի գնամ ու հենց Արցախում ծառայեմ: Գևորգը նվիրվել է հայրենիքին, կյանքով պահել սահմանն ու ընկերներին:
Tert.am-ի հետ զրույցում Գևորգի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը պատմեց, որ ընտանիքը սկզբում առարկել է Գևորգի՝ Արցախում ծառայելու որոշումը, քանի որ նա պետք է մագիստրատուրա ընդունվեր, սակայն բոլորին հակառակ գնալով՝ Գևորգը մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, լեյտենանտի կոչում ստացել և մեկնել Մատաղիս, ծառայության մեկ տարին օգոստոսին էր լրացել:
Գևորգը Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2-րդ դպրոցն է ավարտել, այնուհետև սովորել է Ալավերդու ուսումնարանում, տեղափոխվել ՌԴ Ռոստով քաղաք, սովորել Հարավային դաշնային համալսարանի (ЮФУ) Իրավաբանական ֆակուլտետում:
Գևորգը երեք քրոջ միակ եղբայրն էր, ամենափոքրը, նրանց մեջ տարիքային տարբերությունը մեծ էր: Ընտանիքի ամբողջ սերը Գևորգին են տվել, քույրն ասում է՝ չարաճճի, համով ու աշխույժ երեխա էր, կատակասեր, իսկ իր ընկերասիրության մասին բոլորն են խոսում: «Ընկերասիրությունն իր մոտ այն աստիճանի վրա էր, որ դեռ անցած տարի, երբ Վազգեն Սարգսյանի ինստիտուտում էր սովորում, մորաքրոջս ասել էր՝ եթե ես Արցախ գնամ ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ»:
Այս տարի հունիսի 5-ին պետք է տեղի ունենար Գևորգի և իր սիրած աղջկա նշանադրությունը, սակայն համավարակը պլանները խառնել էր. այդ երազանքն այդպես էլ չիրականացավ: Վերջին անգամ տուն էր եկել պատերազմից մի շաբաթ առաջ: Եկել էր, համապատասխան փաստաթղթեր ներկայացրել ՀՀ Ոստիկանական ակադեմիայի մագիստրատուրա ընդունվելու համար, բայց քննությունները չհասցրեց տալ:
«Պատերազմի սկսվելու առաջին օրը Գևորգը քրոջս տանն էր, ինձ խնդրել էր, որ իր համար մի քանի բան պատրաստեմ, զանգեցի, ասացի՝ պատրաստում եմ, Գև ջան, արի, ասաց՝ լուրերը չե՞ս հետևել, պատերազմ է, ես գնում եմ Արցախ, կգամ, որ ձեզ հաջող անեմ: Երբ եկավ, ասացինք, որ գոնե մի կտոր հաց ուտի, ասաց՝ չէ, երեխեքս՝ զինվորներս (Գևորգը ԿԱԴ-ի հրամանատար էր) զանգել են, ասում են հասի: Ուտելիքի պատառը կիսատ թողեց ու գնաց»,- պատմեց քույրը և հավելեց, որ Գևորգին զինվորները «Կամանդոր» էին անվանում։
Ամբողջությամբ՝ tert.am