Դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամաս գտնվող «Սիրո և Հավատի» զբոսայգում աղբի մեջ հրազեն կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ և փամփուշտներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության փորձաքրեագետը: Փաստի աթիվ ոստիկանության Մալաթիա –Սեբաստիայի բաժի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ հայտնաբերված ինքնաշենը լինի այն զենքը, որով դեկտեմբերի 9-ին դիմակավորված ճիվաղը Հարավ-Արևմտյան թաղամասում ավազակային հարձակում էր կատարել տարադրամի փոխանակման աշխատակցի նկատմամբ, սակայն իր սև գործը կիսատ թողնելով՝ դիմել էր փախուստի: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։
Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս էր մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Հանցագործը, ով եղել էր դիմակավորված, ավտոմատն ուղղել էր խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի էր դրել ավտոմատը. կրակոցներ էր արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել էր փախուստի։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի