«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆայել Հովհաննիսյանի սխրանքի պատմությունը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Բանակի մասին հարցս Ռաֆայելին հիշողությունների գիրկն է տանում, բայց պատասխաններում զուսպ է, համեստ ու լակոնիկ. «Սկզբում ծառայել եմ Լուսակերտում ու հենց այնտեղ էլ դարձել եմ հակատանկային հրետանավոր։ Հետո տեղափոխվել եմ Մատաղիսի զորամաս։ Կոչումով սերժանտ եմ եղել»: Ապրիլյան քառօրյա պատերազմի դրվագները հստակ է նկարագրում` ժամի ճշգրտությամբ:
«Ապրիլի մեկին բարձրացել ենք դիրքեր, գիշերը ժամը 3-ի սահմաններում սկսվեց ամեն ինչ։ Ականանետերով խփում էին։ Ապրիլի երկուսին առավոտյան ամբողջ ճակատով սկսվեց բացահայտ հարձակում՝ տանկերով առաջ» էին շարժվում: Նրանց գյուղից մոտ ինը տանկ էր դուրս եկել, 7-ն արդեն անցել էին դեպի մեր դիրքեր։ Նայում էի, թե որ տանկն է կրակում կամ առաջ շարժվում, մենք էլ իրենց էինք կրակում»,-պատմում է նա` համեստորեն լռելով իր սխրանքի մասին: Նա անդրդվելի էր հարցերի իմ տարափի տակ. նրան համոզել փորձում են մարտական ընկերները՝ Գևորգ Մանուկյանն ու Շուլի Հակոբյանը, ովքեր և մեզ հետ նույն սենյակում են. «Դե նորմալ պատմի էլի, ասա, որ երեք տանկ ես խոցել»: Ռաֆայելն ի պատասխան ասում է. «Դե ինչ ասեմ…25-30 րոպեների ընթացքում ոչնչացրել եմ հակառակորդի երեք տանկ»:
Մեր պատմության հերոսի համար երազանքներ ունենալու «ժամանակներն անցել են»: «Հիմա պետք է նպատակ դնենք մեր առջև ու առաջ գնալով հասնենք դրանց իրագործմանը։ Այժմ նպատակներս մի փոքր անձնական են, բայց դեռ հեռու են»,- ասում է նա:
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ծնված ու մեծացած Ռաֆայելն այժմ ապրում է Գյումրիում։ Դեռ չի աշխատում, բայց սովորում է. «Սովորում եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնում՝ առաջին կուրսում։ Մինչև բանակ զորակոչվելն ավարտել եմ Գյումրու 4-րդ արհես տագործական ուսումնարանը՝ փայտի փորագրիչ մասնագիտությամբ»: Սովորել է նաև համակարգչային օպերատրություն։ Հիմա նաև պրակտիկա է անցնում համակարգչային ոլորտում՝ մոնտաժ, տեխնիկա:
Ռաֆայելը պատմում է, որ զբաղվել է բոքսով և ֆուտբոլով։ «Ամեն սպորտաձևով պարապել եմ մոտ երկու տարի տևողությամբ։ Մասնակցել եմ ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը։ Այդ ժամանակ երրորդ տեղն ենք գրավել։ Բայց բոքսի մրցումների չեմ մասնակցել։ Պիտի մասնակցեի, ուղղակի դրանից երկու օր հետո պետք է Ռուսատան մեկնեի, չցանկացա կապտած աչքերով գնալ այնտեղ»,- պատմում է նա։
«Ռաֆայել, երեք տանկ ես խփել, երբ քեզ հերոս են ասում, ի՞նչ ես զգում»,-հարցնում եմ, բայց նա խուսափում է պատասխանից։ Որպես հերոս մատնանշում է մեզ հետ նստած իր ընկերներին՝ Շուլի Հակոբյանին և Գևորգ Մանուկյանին, ինչպես նաև մնացած բոլոր տղաներին, ովքեր եղել են իրենց հետ այդ օրերին դիրքերում։
Ինչպես բոլոր զինվորներին է հատուկ` բանակում ցանկացած պահի գիտեն, թե քանի օրից են զորացրվելու, այդպես էլ Ռաֆայելը, առանց հատուկ դժվարության հիշում է, որ ապրիլի մեկին իր զորացրվելուն մնացել էր հարյուր օր. «Այդպես էլ դիրքերից չիջա, ընդամենը մեկ օր առաջ իջա զորամաս ու զորացրվեցի»:
«Ինչ ուժ փրկեց քեզ». հարցին հետևում է պատասխանը, որ պատահականությամբ է ողջ մնացել։ «Չգիտեմ։ Եթե ասեմ, որ Աստծո հանդեպ հավատն է փրկել, երևի սխալ կլինի, այնպես չի, որ մյուս տղաները չէին հավատում։ Ուղղակի պատահականություն է եղել»,- նշում է Ռաֆայել Հովհաննիսյանը։
Լիլիթ Դեմուրյան
Armenpress.am