Լույս ու ստվերի աշխարհ տեղափոխված Շանթի համար կողմնորոշիչն իմ ձայնն է: Ձեռքի հպումով հաստատում եմ ներկայությունս ու տեղավորվում բազմոցին: Տղան շարունակում է մնալ բազկաթոռի վրա նույն դիրքով՝ կիսադեմով ինձ, ձեռքն այտին հենած: Որեւէ զգացմունք չարտահայտող դեմքից դժվար էր գուշակել, թե ինչ է կատարվում նրա հոգում, գուցե դեռ շարունակվում էին փոթորկվել պատերազմական հուշերը:
Սեպտեմբերի 26-ին ծնունդն էր, լրացել էր 19-ամյակը: Ընկերները, հարազատները շնորհավորել էին, առողջություն մաղթել, անփորձանք ծառայություն ու խաղաղություն սահմաններին: Ծնունդի հաջորդ օրը պատերազմ էր: Մի քանի օր անց թշնամին պայթեցնելու էր իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Աստծո կամոք, թե երջանիկ պատահականությամբ մեքենայում չէր լինելու: Պատերազմի՝ իրեն բաժին հասած ժամանակահատվածում, պահապան հրեշտակը, մինչեւ խավարի թագավորության դռները բախելը, մեկ անգամ եւս փրկելու էր վերահաս մահից: Երրորդ փորձությունը ճակատագրական էր լինելու:
Շանթը պատմում է, պատմում՝ հստակ չհիշելով դեպքերի հետ կապված օրերի հերթագայությունը: Պայթյունների, հոգեմաշ սպասումների, ողջ մնալու հույսը մինչեւ լուսաբաց պահելու ժամերն այդպես էլ հստակ հիշվող օրացույցային օրերի չեն վերածվել տղայի համար, այլ՝ ամփոփվել պատերազմի 4-րդ, 5-րդ, 10-րդ կամ 21-րդ օրը հասկացության մեջ: Այնպես, ինչպես սովորաբար սկսում են տուն վերադարձի հաշվարկը բանակ զորակոչվածները:
Շանթը բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 14-ին: Ծառայության վայրը Մատաղիսն էր: Ինն ամսվա ծառայող էր,երբ սկսվեց պատերազմը: «Ծնունդիս օրը՝ պատերազմից մի օր առաջ, մեր սպաներից մեկը զանգեց, թե սնարյադ կա տանելու, մի 3-4 ժամվա ճանապարհ էր՝ շատ խառը, ու դա մենակ ես գիտեի,-պատմում է Շանթը,- մենք գնացինք, սնարյադը տարանք ուրիշ զորամաս, արդեն ուշ ժամ էր, ասին՝ մնացեք էստեղ, որ առավոտ լույս աչքով սնարյադները թափենք: Առավոտը ժամը 7:15-ից սկսեցին խփելը: Մենք Հոռաթաղում էինք, տագնապ տվեցին: Մեր մոտ սպա չկար, մեկը չկար ասեր, թե էդ սնարյադներն ուր պիտի տանենք կոնկրետ: Հետո իմացանք, որ բոլոր սպաները Մատաղիսի շտաբում էին: Սպասեցինք, մի քանի ժամից Հոռաթաղի սպաներից մեկը եկավ, տարան իրանց պոստեր, սնարյադները դատարկեցինք, հետո ասին՝ գնացեք, էլի սնարյադներ բերեք, արդեն ուշ գիշեր էր, կապ տվեցինք մեր սպաներին, ասին՝ բերեք Մատաղիս»: