2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել են արնանման և մաշկի հետքեր, որոնք ստացված փորձաքննության եզրակացության համաձայն՝ կարող էին պատկանել թե՛ Աջամյանին, թե՛ դիրքի ավագին, իսկ վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին պատկանելիության հարցը բացառվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանն արձանագրեց, որ եզրակացությամբ հիմնավորվել են այն կասկածները, որ դիրքի ավագի հետ վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ Աջամյանն ինքն իրեն վնասվածք չպետք է պատճառեր իր եղունգներով և իր մաշկը չպետք է իր եղունգների տակ հայտնվեր, ստացվում է, որ վիճաբանությունը եղել դիրքի ավագի հետ և մաշկը պատկանում է դիրքի ավագին։
Քրեական գործով նշանակվել է ևս մեկ համալիր փորձաքննություն՝ դատաբժշկական, դատաքիմիական և դատակենսաբանական, որոնց վերաբերյալ եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։
Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Փաստաբանի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չի տրվել՝ քննարկվող վարկածների վերաբերյալ, ուստի չի կարող հաստատապես ասել՝ վարույթն իրականացնող մարմինը մնում է այդ վարկածին, թե ոչ։
Նշենք, որ գործով նախաքննությունն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում է, սակայն որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
«Կարծում եմ՝ այս պահին վարույթ իրականացնող մարմինն օգտագործում է այն հանգամանքը, որ մեր երկրում պատերազմ է տեղի ունեցել և քննչական մարմինները ծանրաբեռնված։ Այնուամենայնիվ, այդ հանգամանքը պետք չէ շահարկել, որովհետև այն քայլերը, որոնք պետք է արվեն՝ պետք է արվեն։ Կան բավականին փաստեր՝ անձին առնվազն կասկածյալի կարգավիճակ տալու համար»,- նշեց Սարգսյանը։
Քննիչի գործողությունների դեմ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դեռևս 2020թ սեպտեմբեր 24-ին, որն ուղարկվել էր զինվորական դատախազություն, իսկ այդտեղից էլ՝ վարույթ իրականացնող մարմին, այսինքն, այն մարմինը, որտեղ այժմ նախաքննություն է ընթանում։ Փաստաբանը նաև բացարկ է հայտնել քննիչին՝ պահանջելով վարույթից հեռացնել վերջինիս, սակայն քննիչն այդպես էլ չի փոխվել։
«Ունենք նույն պատկերը, որը կար պատերազմից առաջ՝ ոչ մի մեղադրյալ, ոչ մի կասկածյալ, ոչ մի արդյունք»,- նշեց նա՝ հավելելով, որ նշանակված փորձաքննություններից միայն եղունգների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունն է ստացվել, ընդ որում՝ հաղորդումից հետո միայն։
«Վարույթն իրականացնող մարմինը չի տեսնում այն փաստերը, որոնք մեր կողմից արձանագրվում են։ Ունենք փաստեր, որ դեպքի վայրում փոփոխություններ են տեղի ունեցել հենց առաջին օրը, չունենք փամփուշտը, որով կրակոց է արձակվել Աջամյանի գլխին։ Մենք գնդակը չունենք»,- նշեց նա՝ հավելելով, որ քանի դեռ քրեական գործ չի հարուցվել այդ հատկանիշներով, քննություն իրականացվել չի կարող։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: