Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառության և ուսումնասիրության տակ եղած գործերը վարույթ ընդունելու գործընթացը ձգձգելու պատճառների մասին։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործնական կիրառում չի ունեցել։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով` իշխանությունն այն ընդունելիս առաջնորդվեց ավելի շատ քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քան նպատակային կիրառման սկզբունքով։
«Օրենքի ընդունման նկատմամբ հանրային մեծ հնչողությունից հետո այն ըստ էության մոռացության մատնվեց, քնեցվեց, իսկ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը նորից հայտարարեց, որ գնալու են ապօրինի գույքի բռնագանձումների ճանապարհով՝ հերթական անգամ փորձելով վախեցնել, ճնշել»,- նշեց նա։
Մասնագետի խոսքով`վարչապետի արթնացրած «հրաբուխը» նորից հանգում է, քանի որ մի քանի պետություններում գործող իրավակարգավորումներից արտատպված օրենքը նախ մեր երկրին համապատասխանեցնելու, ապա նաև այն ճշգրիտ կիրառող մասնագետների խնդիր կա, այնինչ օրենքի տեղայնացման նպատակով որևէ ուսումնասիրություն չի արվել։
«Մեծ դժվարություններ են լինելու օրենքի կիրառության առումով։ Այն պետք է ոչ միայն նպատակային կիրառել, այլ նաև այդ կիրառության արդյունքում լայնամասշտաբ իրավախախտումներ թույլ չտալ, հակառակ դեպքում դրանք կարող են Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվելիք վճիռների հիմք հանդիսանալ»,- պարզաբանեց Հայրապետյանը։
Իրավաբանը պետական ռեսուրսների անիմաստ վատնում է համարում նաև օրենքի գործարկման համար գլխավոր դատախազությունում վարչության կազմավորումը։ Ասում է` կարելի էր որոշ դատախազների վերապատրաստել և սահմանափակվել, օրինակ, պետական շահերի վարչությանը կից բաժին ստեղծելով։
Հիշեցնենք` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։
Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am