Հայրս՝ Արթուր Սարգսյանը, զոհվել է բունկերի պայթեցման հետևանքով․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Հայրս՝ Արթուր Սարգսյանը, զոհվել է բունկերի պայթեցման հետևանքով․ hraparak.am

hraparak.am–ը գրում է․ «Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ: Մի մասը միայն տեղում է իմացել, թե ինչու են իրենց բերել Շուշի, եւ հրաժարվել է մեկնել: Նրանց մի մասին ասված է եղել, թե պետք է գնան բնակավայրերում ծառայություն իրականացնելու։ Նրանց հավաքել են Շուշիի մշակույթի տանը՝ բացատրական աշխատանքներ տանելու համար, եւ հենց այդ հավաքի ժամանակ էլ մշակույթի տունը ռմբակոծվել է: Զոհվեցին 22 ոստիկաններ, մեկն անհետ կորավ, եւ մնացին բազում կասկածներ, թե ինչպես իմացվեց, որտեղից, եւ ինչպես թշնամին ճիշտ այն պահին, երբ մարդիկ շենքի ներսում հավաքված էին, ռմբակոծեց պալատը:

Այս միջադեպին, որի վերաբերյալ քննչական գլխավոր վարչությունում գործ է քննվում, օրերս անդրադարձել էինք, որից հետո բազմաթիվ զանգեր ստացանք: Զանգում էին ե՛ւ ոստիկանների, ե՛ւ այդ օրը մշակույթի տանը եղած զինվորականների հարազատները, մանրամասներ էին ներկայացնում դեպքից, սակայն նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչ ընթացքում է քրեական գործը, նրանցից ոչ մեկին դեռեւս չեն հարցաքննել:

Մեզ հետ կապ հաստատեց նաեւ զինվորական Արամ Սարգսյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի որդին: Գնդապետ Սարգսյանը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում: Մինչ օրս լուրեր են տարածվում, որ գնդապետ Արթուր Սարգսյանն է ստիպել ոստիկաններին՝ մտնել մշակույթի տուն, մասնակցել այն ճակատագրական ժողովին: Նրան մեղադրում են ոստիկանների մահվան մեջ՝ գոնե զոհվածների հարազատներն այդպես են կարծում:

Արթուր Սարգսյանի մահվան շուրջ էլ սկանդալային տեղեկություններ են տարածվում, թե իբր նրան գնդակահարել են լրտեսական գործունեության համար: Զոհված ոստիկանների հարազատները համոզված են, որ Արթուր Սարգսյանն է եղել Շուշիի մշակույթի տան հավաքի նախաձեռնողը:

Ավելին՝ նրան դավաճան են անվանում։ Գնդապետի որդին՝ Արամ Սարգսյանը, հերքում է այս տեղեկությունները:

Նա պատմեց, որ իր հայրը հոկտեմբերի 4-ին իրոք ներկա է եղել Շուշիի մշակույթի տանը, սակայն նա չի եղել հավաքի նախաձեռնողը:

«Հայրս գլխավորել է այդ ժողովը, եղել է հենց այդ նույն բեմի վրա, որտեղ որ հասցվել է թշնամու հարվածը, եւ այդ հարվածի հետեւանքով նա ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Եթե նա դիտավորյալ կազմակերպած լիներ այդ հավաքը, պարզ է, որ ինքը չէր լինի ամենաթեժ վայրում, որտեղ եղել է հարվածը: Նա ուղղակի այդտեղ չէր լինի: Կռվի ժամանակ հայրս եկավ իմ զորամաս՝ իր գործերով, անձամբ ինձ մոտ չէր եկել, այլ ինչ-որ ծառայողական հարցերով: Երբ որ իմացավ, որ մեր վրանում 4 հոգով ենք մնում, նա անձամբ կարգադրեց, որ 4-5 հոգուն, ովքեր իրար հետ էին մնում, հեռացնեն իրարից: Հայրս չէր կարող 400 հոգու կանչել մի տեղ: Վիրավորումից հետո նա Արցախում է բուժվել, բժիշկը նրան արգելել է ոտքի վրա գտնվել, բայց իր համառ բնավորության արդյունքում ինքն ասել է՝ 18 տարեկանները զոհվում են, ես չեմ կարող ինձ համար պառկել, ու ձեռնափայտ է վերցրել, գնացել է նորից մարտի»,- ասում է Արամ Սարգսյանը:

Սկանդալային տեղեկությունը, թե հորը գնդակահարել են, ըստ Արամի, չի համապատասխանում իրականությանը: «Նա զոհվել է Շուշիի դեպքից մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, Մարտունի-2-ի հրամանատարային բունկերի պայթեցման հետեւանքով»:

Ի՞նչ բացատրական աշխատանքներ էին տարվում Շուշիում, ինչո՞ւ են ոստիկաններին հավաքել մի տեղ՝ այն դեպքում, երբ իրար գլխի հավաքվելն արգելված էր: Արամ Սարգսյանն այս հարցի պատասխանը չունի:

«Ես չգիտեմ, թե ինչու են նրանց տարել-լցրել մի տեղ, դա չեմ կարող ասել: Պետք է դրանով հատուկ մարմինները զբաղվեն: Ավելի լուրջ կառույցներ կան, որոնք պետք է զբաղվեն այն հարցով, թե ով է այնտեղ մարդկանց տարել ու ինչի համար»,- ասում է գնդապետի որդին:

Սակայն նաեւ նշում է՝ ինքը չի հավատում, որ այդ դեպքով անաչառ քննություն կլինի, եթե անգամ լինի էլ, իր ընտանիքի համար ոչինչ չի փոխվի: «Այնքանով մեզ կարող է օգնել, որ խոսակցությունները հորս շուրջ կդադարեն»,- ասում է նա: Գնդապետը 45 տարեկան էր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից: Ընտանիքն ապրում է Էջմիածնում»:



Նման նյութեր