Արդեն 4-րդ ամիսն է ավարտին մոտենում, ինչ Հայաստանում քաղաքական սուր ճգնաժամ է։ Ընդդիմությունը պահանջում է Նիկոլի հրաժարականը, Նիկոլը հրաժարվում է ու վստահ է, որ իրավիճակը վերահսկում է։ Նիկոլի շարժառիթների ու գործիքակազմի մասին այս անգամ խոսելու իմաստ չեմ տեսնում, փոխարենը, ցանկանում եմ մատնանշել այն գլխավոր խոտանը, որը թույլ չէր տալիս, թույլ չի տալիս ու թույլ չի տալու ընդդիմությանը հաղթել Նիկոլին։
Այդ խոտանի էությունն այն է, որ ընդդիմությունը փորձում է գոնե կիրառվող փողոցային պայքարի գործիքակազմում Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Ավելի հանրամատչելի եթե փորձեմ բացատրել. ըստ իս՝ ֆունդամենտալ սխալ մտայնություն կա, որ կարելի է նույն գետը երկու անգամ մտնել ու եթե Նիկոլը կարողացավ 2018 թվականին փողոցով վերցնել իշխանությունը, ապա նույնը կարելի է անել 2021ին… Ո՛չ, տիկնա՛յք և պարոնա՛յք, չի կարելի։
Չի կարելի, ոչ թե նրա համար, որ ամոթ է, հարիր չէ, սազական չէ, այլ պարզապես դուք չեք կարող ապահովել գործոնների այն ողջ սպեկտրը, որոնք հնարավոր դարձրին պետական հեղաշրջումը։ Թվարկեմ այդպիսի մի շարք գործոններ, որոնք տարբերում են 2018-ը 2021-ից, բայց նախապես նշեմ, որ թվարկած գործոններս բոլորը եղածներ չեն։
2018-ին կար համաշխարհային կոնսենսուսս, որ Սերժ Սարգսյանն ու «պատերազմի կուսակցությունը» պետք է հեռացվեն։ Այլ հարց է, որ ռուսական բևեռն այլ թեկնածու էր տեսնում, ոը պետք է գար Սերժ Սարգսյանից հետո, իսկ եվրա-ատլանտյան/թուրքական բևեռը՝ Նիկոլին, բայց փաստ է, որ երկու բևեռներն էլ իրենց բոլոր պրոքսիներին օգտագործում էին Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու համար։ Այսօր բոլորն են հիշում օրինակ՝ սորոսականներին, բայց քչերն են հիշում օրինակ՝ Գազպրոմի ու Հարավ-Կովկասյան Երկաթուղու աշխատակիցների մասսայական ու համակարգված ներկայությունը ցույցերին։ 2021 թվականին ոչ միայն չկա կոնսենսուսս, որ Նիկոլը պետք է հեռանա, այլ կարելի է նույնիսկ արձանագրել, որ ռուսական բևեռն անգամ մոտավոր չի օգտագործում այնքան լծակներ, որքան արվում էր 2018 թվին։
2018 թվականին կային տասնամյակներով կռուցված հակապետական ենթակառուցվծքներ և գործակալական ցանցեր, կար փող, կային տեխնոլոգիաներ, կային պրոֆեսսիոնալ տեխնոլոգներ ու հանճարեղ կատարողներ, որի արդյունքում սինթեզեցին միջին վիճակագրական հայի համար մաքսիմալ դյուրամարս կերպար՝ ի դեմս Նիկոլի, սինթեզեցին իրենց պրիմիտիվության մեջ հանճրեղ և գերարդյունավետ թեզեր, որոնք վաղօրոք մանտրա էին դարձրել ժողովրդի մոտ։ Ու վերջիվերջո կար Նիկոլ՝ իր կենդանական հոտառությամբ, հիվանդագին ավանտյուրիզմով և ոչ մի կանոն ու սրբություն չճանաչելու տմարդի հատկությամբ և կար Արմեն Սարգսյան, որը կոնկրետ ֆունկցիա ունի մեր երկրում, որն է փայլուն կատարում է արդեն շուրջ 3 տասնամյակ։ 2021 թվին ոչ կա պետությունը զավթած գործակալական ցանցին հակադրվող ինստտուցիոնալ ենթակառուցվածք, նոր-նոր են ձևավորվում տեխնոլոգիաներն ու ռեսուրսային բազաները, պրոֆեսիոնալներ կան, բայց քիչ են, թեզերը վտիտ են, կատարողների մասով էլ եկեք տոլերանտորեն արձանագրենք թերևս այն, որ դեռ չեն կարողացել սինթեզել միջին վիճակագրական հայի համար դյուրամարս կերպարներ։ Նիկոլն ու Արմեն Սարգսյանն էլ կան, բայց, թարսի պես, հակառակ ճամբարում են։
Եվ վերջապես, 2018 թվականին կար Սերժ Սարգսյան, որը պատրաստ չէր հանուն կասկածելի հեռանկարների գնալ արյունահեղության, որովհետև գիտակցում էր, որ 5 հոգի էլ զոհվի՝ իրեն դա չի ներվի ու դա այն պարագայում, որ Նիկոլին կարծես թե 10000 էլ են պատրաստ ներել։ Այսօրվա ընդդիմության մեջ գրեթե համատարած մտայնություն կա, որ բավական է փողոց փակել, ինչ-որ շենք-շինություն զավթել ու պրծ՝ իշխնությունը կհեռանա, բայց ում հարցնես՝ բերում են 2018ի օրինակը։ Ես էլ պնդում եմ, որ 2018-ին դա այդպես էր, որովհետև 2018-ին Սերժ Սարգսյանն էր, այլ ոչ թե նրա համար, որ դա աքսիոմ է։ 2021ին Նիկոլն է ու ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե իր իշխանությունը պահելու համար պետք լինի գնդացրով կրակել ամբոխի վրա, որի առաջին շարքերում հղիներ ու մանկահասակ երեխաներ են, նա մի վայրկյան չի երկմտի։ Եթե պետք լինի պայթեցնել այն շենքը, որը գրավված է ցուցարարների մասին, նա մեկ վայրկյան չի երկմտի։ Եթե պետք է լինի դիմել Ալիևին՝ օժանդակ ուժեր Երևան մտցնելու համար, այս հարցում էլ նա չի երկմտի։ Նիկոլը ավելի շուտ ինքնասպան կլինի, քան կամավոր կհանձնի իշխանությունը։
Ձեր մոտ կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անել։ Պատասխանը պարզ է, իսկ կատարումը՝ դժվար։ Պատասխանում եմ. պետք է կոտրել այն խաղի կանոնները, որում մենք դատապարտված ենք երաշխավորված պարտության։ Ինչպե՞ս անել դա, ո՞րն է կատարողականի ճանապարհային քարտեզը։ Իրականում՝ այս երկրորդ հարցի պատասխանը շատ ավելի ծավալուն կլինի, քան այս խմբագրականը։ Կարող եմ հուշել առաջին անհրաժեշտ քայլը, որն անելուց հետո միայն կարելի է քննարկել մյուս քայլերը. մոռացե՛ք, որ այս իրավիճակից կան հեշտ ու արագ ելքեր։ Հնարավոր դրական լուծումները ցանկացած պարագայում կամ բարդ են ու երկար, կամ շատ բարդ ու շատ երկար։ Ես վստահ եմ, որ ընդդիմության ղեկավարությունն էլ է սա հասկանում, բայց նրանք չեն կարող իրենց թույլ տալ ասել դա բարձրաձայն, որովհետև իրենք կաղապարված են դասական քաղաքականության և պոպուլիզմի սահմաններով։ Ես կարող եմ, ես կաղապարված չեմ։