Ֆիլմը ստեղծողները սարսափելի բան են արել մեր քաղաքի ու մեր ազգի համար. ՀՀ Ժողովրդական արտիստուհին «Երկրաշարժ» ֆիլմի մասին. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆիլմը ստեղծողները սարսափելի բան են արել մեր քաղաքի ու մեր ազգի համար. ՀՀ Ժողովրդական արտիստուհին «Երկրաշարժ» ֆիլմի մասին. aysor.am

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը վերջին շրջանում ամենաքննակվողներից է: Ֆիլմին առնչվող քննադատությունները ծավալվում են ոչ միայն սովորական քաղաքացիների, այլ նաև ոլորտի մասնագետների շրջանակներում:

«Երկրաշարժն» առաջինը ցուցադրվեց երկրաշարժ տեսած Գյումրիում. 1988 թվականի դեկտեմբերի 7-ը ներկայացնող իրադարձությունները համոզիչ չեն հենց գյումրեցիների համար:

«Գյումրիում տեղի ունեցած փակ ցուցադրության ժամանակ եմ ֆիլմը նայել և պետք է խոստովանեմ՝ շատ զայրացած եմ դուրս եկել: Պատճառը ոչ այնքան երկրաշարժի նկարագրությունն էր, այլ սխալ ներկայացված բազմաթիվ երևույթները… Ըստ ֆիլմի՝ երեք ընկերներ միանում և աղետի առաջին իսկ րոպեներից դիակապտությամբ են զբաղվում՝ անտեսելով փլատակների տակ մնացած օգնություն կանչող մարդկանց… Նայում ես ու մտածում՝ ի՞նչ է, այս տղաները ընտանիք, հարազատներ չունեի՞ն: Ինքս հիշում եմ, այդ ցնցման 20 վայրկյանները 20 տարվա տպավորություն էին թողնում: Երկրաշարժի «ոռնոցը» խլացնում էր ամեն ձայն: Վախին, սարսափին զուգահեռ մտքովդ միայն մեկ բան է անցնում՝ երեխաներս, ծնողներս, քեռի, հորեղբայր ինչպե՞ս են, ի՞նչ եղան: Վազում ես բոլորի տներով՝ հուսալով բոլորին կենդանի գտնել: Ու այս ֆոնին մի ռուս մարդ է օգնում հայ աղջկան՝ փլատակների տակից հանելով նրան: Բայց արի ու տես, որ մեր գյումրեցի երեք տղաները իրենց գործն առաջ տանելու համար սպանում են այդ ռուսին… Ֆիլմը ստեղծողները սարսափելի բան են արել մեր քաղաքի ու մեր ազգի համար, դեռ մի բան էլ այն ուզում են ներկայացնել աշխարհին», – Aysor.am-ի հետ զրույցում վրդովված նկատեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ Ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը:

sarikkl

Դերասանուհին ընդգծեց՝ մենք մարդու այդ տեսակը չենք, մեզ փրկող ձեռքը կտրող չենք: Սա մեր ապրածը չէր: Ֆիլմը նայելիս ոչ թե հուզվել ու լացել, այլ վիրավորվել ու բարկացել է:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f14

«Սխալ ֆիլմ է: Տեսարան կա՝ երկու օր տղան երկար ու հանգիստ զրուցում է փլատակի տակ գտնվող սիրած աղջկա հետ: Աստված բոլորից հեռու պահի, բայց փլատակի տակ գտնվող մարդը չի կարող իրեն այդպես պահել: Չէ՞ որ ջուր, հաց, լույս չկա, օդն էլ շատ քիչ է: Ինչպե՞ս կարող է այդպես հանգիստ ու երկար, սիրուն զրույց ընթանալ: Ախր նույնիսկ չգիտես՝ դուրս կգա՞ս այդտեղից, թե՞ ոչ… Շատ-շատ նրբություններ կան, որ հաշվի չեն առնվել: Օրինակ՝ «Ուրախ ավտոբուս» ֆիլմում երկրաշարժի տեսարան չկա, բայց այն ամբողջովին փոխանցում է երկրաշարժի ապրումները: Այնտեղ այն կյանքն է, որն առկա է Գյումրիում: Այն և՛ ծիծաղ է պարգևում, և՛ հուզում: Իսկ այս ֆիլմից ես բոլորովին չեմ հուզվել», – ընդգծեց մեր զրուցակիցը:

«Երկրաշարժը» կարդարացվեր, եթե էմոնցիոնալ ճիշտ ազդեցություն ունենար, իր սյուժեով, գաղափարախոսությամբ ի նպաստ մեզ լիներ և ոչ հակառակը:

«Գուցե որոշ «անհամություններ» եղել են, բայց դա դարձնել երևույթ ու ցույց տալ, թե գյումրեցին է արել ու այն էլ աղետի հենց առաջին օրից՝ աբսուրդ է», – Aysor.amի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Քոչարյանը:

aysor.am