Ս․ Հարության տոնի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի շնորհավորանքը, Հայաստանում բավական հետաքրքիր դիսկուրս է առաջացրել։ Մայր Աթոռից կարծես թե շնորհավորանք չի եղել Փաշինյանին։ Հայաստանում մեղմ ասած զայրացած են ու տարակուսած։ Ինչ է փոխվել Արամ Ա-ի գլխում, արդյոք այլեւս չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արդյոք մոռացել է Արցախյան 44-օրյա պատերազմը, արդյոք մոռացել է 5000-ից ավելի զոհերն ու տասնյակ հազարավոր հաշմանդամներին, որ ձեռքը գնացել է գրելու ոչ ավել ոչ պակաս, քան «սիրելի պարուն վարչապետ»․ «իյա իրո՞ք»։
Հանուն արդարության, արձանագրենք, որ Փաշինյանին շնորհավորել է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որը պարզապես մաղթել է, որ «խաղաղությունն ու համաձայնությունը շուտափույք կերպով վերահաստատվեն» իր համար թանկ Հայաստանում։ Արամ Ա-ն այն գործիչներից էր, որ ի սկզբանե ամենակոշտ քննադատողներից է եղել Հայաստանի իշխանությունների դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արամ Ա-ն առաջիններից մեկը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, դառնալով Հայկական Սփյուռքի յուրատեսակ հավաքական ձայնի խորհրդանիշը։ Սակայն հիմա՝ այս շնորհավորանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք հարկ է, որ Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի գահակալը պարզաբանի․
• Նիկոլ Փաշինյանին ուղղված Զատկական շնորհավորանքը իր անձնական շնորհավորանքն է, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության,
• Եթե այդ շնորհավորանքը հղվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից, ապա որքանով է այն համաձայնեցված եղել օրինակ այդ կաթողիկոսության ենթակայության տակ գործող բարձրաստիճան կղերականության, ազգային հաստատությունների ղեկավարների եւ վերջապես ժողովրդի հետ,
• Եթե այդ շնորհավորանքը անձամբ իր անունից է հղվել, այսինքն՝ իր անձնական շնորհավորանքն է, ապա արդյոք ինքը որպես Արամ Ա-ին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե այս պահից սկսած քաղաքականապես ճամբարափոխ է լինում եւ սկսում է սատարել Նիկոլ Փաշինյանին։
Այս հարցերը կարեւոր են, քանի որ այս հարցերով գոնե նախնական առումով բացահայտվում են այն հիմքերը, որոնցով պայմանավորված ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի գահակալը որոշել է գնալ մի քայլի, որը Հայաստանում, ու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում, ընդունվելու էր սրերով եւ արժանանալու էր գրեթե համընդհանուր դատապարտման եւ պարսավանքի։