19 տարեկան հասակում գյումրեցու տուն հարս եկած մշեցի Ծովիկ Խաժակյանը տարիներ անց էլ հիշում է, թե ինչ դժվար էր իր համար հարմարվել գյումերցիների ավանդույթներին ու սովորույթներին, որոնք հետո այդքան հարազատ դարձան։ Այդ ավանդույթներով ոչ միայն ինքն է ժամանակին շարժվել, այլ նաև փոխանցել է հարսներին ու թոռներին:
Ծովիկ Խաժակյանն Ալեքսանդրապոլի ավագի` (քաղաքագլուխ) Դերենիկ Խաժակյանի ծոռի հարսն է։ Թեև ընտանիքը, ինչպես տիկին Ծովիկն է ասում «հետամնաց չէր», բայց քաղաքում ձևավորված բոլոր ավանդույթները պահում էին:
«Շատ ղոնախասեր էին (հյուրասեր): Տունը հլը հյուրի ոտքը չմտած, սկեսուրս կսեր՝ սուփռեն փռե: Տան քյոշեքն (անկյուններն) ինչ ունեինք պահած կհանեինք ու սեղանին կդնեինք։ Իսկ մաքրասիրությունը մասին էլ չսեմ՝ ամեն օր պոլ կսրբերիքն»,-պատմում է Ծովիկ տատն ու անկեղծանում՝ գյումրեցիների` ամեն օր պատուհանի ապակի լվանալու սովորույթն իր համար սկզբում անհասկանալի է եղել, հետո էլ ինքն է սովորել:
Բայց մեկ սովորույթ կար, որը հատկապես առանձնացնում է 82–ամյա Ծովիկ տատը. դա բաղնիք գնալու ավանդույթն է: Գնում էին հատուկ բոխչայով (կապոց)՝ սպիտակեղենով,՝ ցամքոցների (մեծ սրբիչներ) մի քանի տեսակներ, գլխակապեր, շապիկներ, ուսնոցներ։ Բաղնիքի պարագաները՝ պղնձյա ամաններ, նալիկներ, օճառելու, քիսայելու հարմարանքներ: Խալաթները տիկին Ծովիկի սկեսուրն ինքն էր կարում: Բաղնիքի ծեսն ուղեկցվում էր նաև ճոխ ճաշկերույթով։ Երբեմն նաև «սամավար» էին տանում: Ծովիկն իր սկեսրոջ ու նրա քույրերի հետ հիմնականում 16-րդ փողոցի վրա գտնվող Գևոր աղի բաղնիքն է գնացել:
«Սկեսուրս շատ կսիրեր լողանալ։ Բաղնիքը մենակ լողնալու տեղ չէր` թեյախմությունն ու ճաշկերույթն էլ հետն էր: Ժամերով կլողնային։ Յամա՜ն-յամա՜ն : Առավոտ 8-ին կերթայինք, իրիկունը 10-ին գուքայինք, ես էլ փոքրիկի կսպասեի ու կըսե՝ Աստված ջան, ե՞րբ պտի տուն հասնինք։ Գյումրվա հարսները բաղնիքից հետո ցամքոցը պտի սկեսրոջ ուսերին գցեին, պաչեին, ու ասեին մամա ջան, բաղնիքդ անուշ ու խնձոր տային ուտելու։ Հետո տները սարքեցին, բաղնիք ունեցանք, էլ չէինք էրթա ընդեղաները»,-ծիծաղելով պատում է Ծովիկ տատն ու ավելացնում, որմ հատկապես Նոր տարվա նախաշեմի բաղնիք գնալը մի առանձին տոն էր՝ մեծ սկուտեղով տանում էին փախլավա, որը նրա սկեսուրն ավելի քան 30 շերտով էր պատրաստում։
Բաղնիքի ծեսը մշեցի աղջկա համար սկզբում դժգոհության առիթ էր, բայց հետո դարձավ հաճելի։ «Լավ ծիսակատարություն էր: Շատ բան չկար էդ ժամանակ, ինչը հիմի կա, բայց շատ ուրախ էինք՝ երգով ու պարով էինք բաղնիքի օրերն անցնում»:
Ի դեպ, շատերն ապագա հարսներին փնտրել ու գտել են հենց բաղնիքում։ Կանայք գնացել են բաղնիք ու ապագա հարսներին մի լավ «տնտղել» այնտեղ:
Ծովիկի տատը ցավով է նշում՝ հին իրերը չեն պահպանվել, բայց սկսերոջից իրեն է մնացել ամենակարևորը՝ վերմակ կարելու ու համեղ ճաշեր եփելու կարողությունն ու հաճելի հիշողությունները: