Իսպանական AS պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքին և կարիերային:
«Հենրիխ Մխիթարյանի հետագիծը Հայաստանի փոքրիկ քաղաքից մինչև «Օլդ Թրաֆորդ» սովորական պատմություն չէ: Վաղ տարիքում հոր ողբերգական կորստից մինչև պատանեկան արկածները Բրազիլիայում, AS-ը բացահայտում է պատմությունը:
Չհանձնվել
Մխիթարյանի գործերը մանչեսթերյան ակումբում սկսում են լավ ընթանալ, և նախորդ ամիսը լավագույնն էր նրա համար: Աշխատասիրություն, համառություն և հավատ. սրանք բաներ են, որ առկա են Հենրիխի ԴՆԹ-ում: «Հանձնվել». սա մի բառ է, որ չկա Հենրիխի բառապաշարում: Սրանք հատկություններ են, որ Հենրիխը ստացել է իր հորից՝ Համլետից:
Ողբերգական կորուստ
1995 թվականին Համլետ Մխիթարյանի մոտ ախտորոշվում է ուղեղի քաղցկեղ: Երկար պայքարից հետո հիվանդությունը հաղթում է, և Համլետը մահանում է շատ երիտասարդ՝ 33 տարեկան հասակում:
Երիտասարդ Հենրիխի համար, ով միշտ ամեն ինչ անում էր հոր հետ մարզվելու և հոր կողքին լինելու համար, ֆուտբոլը մի ճանապարհ էր, որի միջոցով ևս նա հետևում էր հորը:
Փոքր տարիքից Հենրիխը նախընտրում էր խաղալ, կարդալ և սովորել: Նա դուրս չէր գալիս տանից, քանի որ ուներ նպատակ՝ լինել ինտելեկտուալ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ:
Բրազիլական արկածներ
Փոքր-փոքր քայլերով Հենրիխը սկսում էր կատարելագործվել ֆուտբոլում: 14 տարեկանում նա գնաց Բրազիլիա՝ մարզվելու «Սան Պաուլո» ակումբում: Այնտեղ են մարզվել նաև Էրնանեսը, Օսկարը, Լուկաս Մոուրան:
Բրազիլիայում նա սովորեց հրաշալի խոսել պորտուգալերեն և մտածել բրազիլացի ֆուտբոլիստի նման:
17 տարեկանում նա վերադարձավ «Փյունիկ»: Այստեղ արդեն երևում էր, որ նա ունի բոլոր ֆուտբոլային հատկանիշները, որ ուներ իր հայրը:
2009-ին սկսեցին ակտիվ խոսակցություններ տարածվել այն մասին, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրվում են արտասահմանից: Այդ ժամանակ Հենրիխն արդեն հայտնի էր՝ որպես տաղանդավոր ֆուտբոլիստ, և արդեն ստացել էր իր առաջին «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչումը:
Խոսակցություններ կային, որ Հենրիխին ցանկանում են գնել «Լոկոմոտիվը», «Դինամո Կիևը» և անգամ «Բոկո Խունիորսը»:
Դոնեցկը կանչում է
Մխիթարյանն ընտրեց Ուկրաինան և սկսեց խաղալ Դոնեցկի «Մետալուրգում»: Այստեղ նա դարձավ թիմի առաջատարներից մեկը:
Այդ ընթացքում Մխիթարյանը հրաշալի էր խաղում Հայաստանի ազգային հավաքականում: Շուտով Զինեդին Զիդանի և Կակայի ոճով խաղացող ֆուտբոլիստը տեղափոխվեց «Շախտյոր»: Այստեղ նա դարձավ ֆուտբոլիստ, որ կոտրում է ռեկորդները, ճանաչվեց 09/10 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մեծացրեց իր նկատմամբ հետաքրքրությունը:
Բունդեսլիգայի՝ տարվա ֆուտբոլիստ
Ուկրաինայում արդեն սիրված ֆուտբոլիստի անունը 2013-ին պտտվում էր ամբողջ Եվրոպայում: Հաշվի չառնելով ֆինանսական բոլոր խնդիրները՝ Դոտմունդի «Բորուսիան» կարողացավ գնել Հենրիխին:
Մխիթարյանի համար դժվար ժամանակներ էին: Նրա անցկացրած առաջին մրցաշրջանը հրաշալի էր, երկրորդը՝ շատ խամրած և անգույն:
Սակայն եկավ երիտասարդ մասնագետ Թոմաս Տուխելը և ասաց Մխիթարյանին, որ կդարձնի նրան աստղ: Տուխելը պահեց իր խոստումը: Համատեղ աշխատանքի ջանքերով Մխիթարյանը դարձավ անփոխարինելի ֆուտբոլիստ դորտմունդյան ակումբի համար: Մեկը, ում դորտմունդցիները չէին ցանկանում բաց թողնել ոչ մի կերպ:
Երազանքի իրականացումը
«Սա կատակ չէ՞, սա լո՞ւրջ է»,- հարցրեց Մխիթարյանը, երբ իր գործակալ Մինո Ռայոլան ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել իրեն:
Հիմա Մխիթարյանը «Երազանքների թատրոնում» է:
«Կարծում եմ՝ հայրս կհպարտանար ինձով»,- ասում է Մխիթարյանը՝ համարելով «Օլդ Թրաֆորդի» խոտածածկը ոչ թե դաշտ, այլ բեմ:
Սիրարփի Աղաբաբյան