Եվ այս շաբաթ մեկուսարանից դուրս եկած Նիկան, ինչպես նրան անվանում են մերձավորները, հիմա իրավամբ կարող է գլուխ գովել. «Տեսա՞ք ինչ արեցի՝ ոչ միայն վարչապետ փոխեցի, այլև ստիպեցի եվրոպացիներին իմ փոխարեն վճարել գրավը»:
Համաձայնե′ք, իսկապես արտասովոր փաստ է՝ Եվրամիությունը համաձայնեց գրեթե 12 հազար դոլար վճարել, միայն թե Վրաստանի իշխանությունները ազատ արձակեն ընդդիմադիր գործչին, որի սպասվող ձերբակալման դեմ բողոքելով հրաժարական տվեց նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։
Հիմա բոլորը սպասում են, թե պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մելիան ինչպես է դադարեցնելու ընդդիմության բոյկոտը և վերադառնալու խորհրդարան, և ինչպես է նույն Մելիան իրագործելու ճաղերի հետևից իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած սպառնալիքը. «Հենց որ դուրս գամ մեկուսարանից, ես ձեզնով կզբաղվեմ»։
Իշխանավորների մեծ մասն ի պատասխան հեգնում է. «Ինչ լավ է, որ եվրոպացիները նպաստեցին այս մարդու ազատ արձակմանը, թե չէ՝ նա արդեն օրեցօր ավելի ու ավելի ծիծաղելի էր դառնում»։ Սակայն որոշ վերլուծաբաններ պաշտպանում են Մելիային՝ հիմնավորելով. «Ախր, եթե այս մարդը չլիներ, Եվրոպան չէր էլ հիշելու ո′չ մեր ընդդիմության, ո′չ էլ Վրաստանի մասին ընդհանրապես»։
Մեկնաբանները փաստում են, որ հակառակ իշխանությունների և ընդդիմության երկարատև առճակատման, վրացիները, որոնք ժամանակին իրականացրին Վարդերի հեղափոխությունը, այժմ արդեն նոր հեղափոխություն չեն ուզում։ Թույլ տվեք ենթադրություն անել, որ նրանք հաշվի են առնում նաև Հայաստանի վերջին տարիների փորձը՝ հեղափոխություն, հետո էլ՝ տարածքների անսպասելի ու աննախադեպ կորուստ։ Ճիշտ է, ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը, որը եվրոպացիներն առաջարկում են վրացիներին, նույնպես կարելի է բնորոշել որպես «անսպասելի ու աննախադեպ»։
Դատե′ք ինքներդ։ Ըստ այդ եվրոպական ծրագրի, մի քանի ամսից Վրաստանում անցկացվում են տեղական ընտրություններ, և եթե իշխանական ուժը, որին ընդդիմությունը մեղադրում է պառլամենտական վերջին ընտրությունները կեղծելու մեջ, հավաքում է 43 տոկոսից պակաս ձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Ճիշտ է, որոշ փորձագետներ համոզված են, որ իշխող «Վրացական երազանքի» համար այդ 43 տոկոսը բոլորովին խնդիր չէ, բայց էստեղ շատ կարեոր ու դրական մեկ այլ հանգամանք կա՝ զգալիորեն մեծանում է տեղական ընտրությունների նշանակությունը, որը մեր՝ հայաստանյան ընդդիմությունը, սկսել է գիտակցել միայն վերջին տարիներին։
Տեսե′ք։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ տեղական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեզ մոտ խիստ միակողմանի էր։ Իշխանությունները հրաշալի հասկանում էին, որ ավագանու հավատարիմ անդամներ և հավատարիմ գյուղապետ ունենալը չափազանց կարևոր է հաջորդ ընտրություններում։ Այնինչ ընդդիմությունը միշտ էլ, կներե′ք, թքած է ունեցել տեղական ընտրությունների վրա։
Եվ միայն մի քանի տարի առաջ այն ժամանակվա ընդդիմությունը փաստորեն առաջին անգամ մեր նորանկախ պատմության ընթացքում որոշեց ամենայն լրջությամբ մոտենալ տեղական ընտրություններին։ Թվում էր, թե առաջին փորձը տապալվեց հիմնովին. հիշում եք երևի՝ 2016-ին «Քաղաքացիական պայմանագրի» սատարած թեկնածուներից ընդամենը մեկը հաղթեց Նոր կյանք գյուղում։ Բայց հենց դրանից սկսվեց այդ կուսակցության հաղթարշավը, որը երկու տարի անց ավարտվեց Ազգային ժողովի գրեթե լիակատար գրավումով։
Եվ էլի մի հարցում վրացի ընդդիմադիրները, իմ կարծիքով, հաշվի են առնում մեր ընդդիմության ոչ այնքան հաջող փորձը։
Թբիլիսիում հիմա ավելի ու ավելի հաճախ է հնչում մի գաղափար. «Եկեք ընդդիմադիրներով միավորվենք, դաշինք կազմենք, բայց առանց նախկինների, այսինքն, առանց Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման»։
Համաձայնե′ք, ռացիոնալ հատիկ կա այս առաջարկում։ Չէ՞ որ եթե առաջ Տիգրան Կարապետյանը իր հեռուստատեսության եթերում հրաշալի կատարում էր «Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ» երգը, ապա այժմ «Նախկիններ, նախկիններ, նախկիններ» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել։ Ճիշտ է, Կարապետիչի կատարման չափ գեղեցիկ չի հնչում, բայց որոշ մարդկանց վրա ակնհայտորեն ազդում է։