«Մարդիկ ունեն վախեր, և դա շատ բնական է: Սա համավարակ է, այստեղ կարելի է ընդունել նաև պարտադրումը». Ռուբեն Բաբայան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մարդիկ ունեն վախեր, և դա շատ բնական է: Սա համավարակ է, այստեղ կարելի է ընդունել նաև պարտադրումը». Ռուբեն Բաբայան

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական գրպանից: Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որտեղ պետք է նշվեն աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկությունները: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում տուժելու է գործատուն՝ տուգանքներ վճարելով:

Այսօր 168.am-ը փորձեց Երևանում գտնվող թատրոնների ղեկավարների հետ զրույցների միջոցով պարզել նրանց մտադրությունները, թե ինչ են պատրաստվում  անել հոկտեմբերի 1-ից հետո: Թատրոնների ղեկավարների մեծամասնությունը տարբեր պատճառաբանություններով մերժում էր հարցազրույց անելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ եթե կա հրաման, այն պետք է կատարել, և  իրենց աշխատակիցների մի մասն էլ արդեն պատվաստվել է:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը դեռ ապրիլ ամսին է պատվաստվել, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր թատրոնի աշխատակիցների հետ քննարկում ունեցել է այդ թեմայով, և, որ պատրաստվում է հոկտեմբերի 1-ից կատարել նախարարության հրամանը:

«Հրամանը դեռ հիմք չէ, մենք նաև առաջնորդվում ենք Աշխատանքային օրենսգրքով: Ես որպես պաշտոնյա՝ պարտավոր եմ կատարել բոլոր օրենքները: Պարզապես կարող եմ ասել մի բան, դա իմ անձնական կարծիքն է և իմ անձնական մոտեցումն է, ես ավելի կողմնակից եմ լուսավորչական աշխատանքին՝ բացատրել, համոզել, օրինակ ծառայել…

Ավելի ճիշտ կլիներ միգուցե սկսել յուրաքանչյուր կազմակերպության վերադաս մարմնից՝ տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ և մնացած բոլոր օղակները: Մենք դա արել ենք մեր թատրոնում, և՛ ես, և՛ տեղակալներս բոլորս պատվաստվել ենք: Դեռ ժամանակ կա, մենք այսօր երկար խոսեցինք ժողովին դրա մասին, որովհետև իսկապես յուրաքանչյուր աշխատողի կյանքը թանկ է մեզ համար: Մենք այս տարի ունեցել ենք շատ ծանր երկու կորուստ, մեր առաջատար դերասաններն են մահացել հենց Քովիդից, համավարակից…

Այստեղ երկու հարց գալիս, իրար են բախվում՝ մարդու անձնական իրավունքը և ուրիշների իրավունքը, որովհետև այս հիվանդությունը նաև ազդում է ուրիշի ապրելու իրավունքի վրա: Ես բոլոր դեպքերում կարծում եմ, որ սեփական օրինակը և գիտակցումը, որ այս համավարակը իսկապես աղետ է, և մեր բոլոր քայլերը, այդ թվում և՝ տոնախմբությունները, պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, որովհետև երբ որ մենք այս հանգամանքը հաշվի չենք առնում, հասարակության մեջ, համենայն դեպս, մի որոշակի մասի մեջ ստեղծվում է մի շատ պարզ գաղափար՝ եթե կարելի է  այնտեղ անտեսել, ուրեմն այստեղ էլ կարելի է: Վերջիվերջո, եթե կարելի է մեծ հավաք կազմակերպել, անկախ նրանից՝ ով է կազմակերպում, ինչ թեմայով, էլ ինչի՞ են պետք այդ պարտադրանքները թատրոն կամ կինոթատրոն կամ խանութ այցելելուց, կամ տրանսպորտից»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Անդրադառնալով տարածվող կարծիքներին, թե նախարարության հրամանից տպավորություն է, որ պարտադրվում է Քովիդի դեմ պատվաստումը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց.

«Սա համավարակ է, այստեղ կարելի է ընդունել նաև պարտադրումը, իրականում: Ես կարծում եմ՝ մարդկանց մոտ ավելի շատ հարցեր են ծագում անվճար պատվաստման և վճարովի թեստավորման հարցում: Ես կարծում եմ՝ պարզաբանելու շատ մեծ աշխատանք կա…

Մենք պետք է սովորենք մեր բնակչության հետ բոլոր հարցերում խոսել շատ անկեղծ: Ես կարծում եմ, որ գիտակից հասարակության կարիքը մենք բոլորս ունենք…

Որպես թատրոնի ղեկավար, որպես պաշտոնյա՝ ես պարտավոր եմ կատարել օրենքները: Օրենքը դեռ այսօր մի քիչ խմբագրված չէ: Հենց որ այն կխմբագրվի, ես պարտավոր եմ դա կատարել, կամ պարզապես պետք է զիջեմ իմ տեղը այն մարդուն, ով կկատարի: Այստեղ անհատը չի որոշում: Ես ընդհանրապես համարում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նույնիսկ, եթե այդ պաշտոնյան Տիկնիկային թատրոնի ղեկավարն է, պետք է հարգանք ունենա օրենքների հանդեպ: Եթե դու համաձայն չես օրենքի հետ, բարի եղիր, փոխիր օրենքը, բայց եթե մենք սկսենք շրջանցել օրենքը, մենք երբեք պետություն չենք կառուցի»:

Բաբայանի խոսքով՝ առավել ճիշտ կլիներ, որ ընտրվի ավելի ճկուն մեխանիզմ, պատվաստվել սկսեն ղեկավարները, հանրությանը ներկայացնեն պատվաստման ու թեստավորման վերաբերյալ ողջ իրական տեղեկությունը:

Բաբայանը նաև մեզ փոխանցեց որոշակի տեղեկություններ այսօր թատրոնի աշխատակիցների հետ անցկացրած քննարկումից:

«Յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում: Իմ գործը իրականությունը ներկայացնելն է, որ կա երեք ճանապարհ՝ պատվաստում, թեստավորում՝ ամսական երկու անգամ, կամ բերում ես համապատասխան տեղեկանք բժշկից, որ դա քեզ հակացուցված է…

Ես խնդրեցի, որպեսզի յուրաքանչյուրս մտածենք, որ մենք իրականում մի մեծ ընտանիք ենք: Ընդհանրապես պետությունն էլ, երբ կառուցվում է, անկախ մեր հայացքներից, անկախ մեր վերաբերմունքից, մենք իրար քույր ու եղբայր ենք, այդպես են կառուցում պետությունը: Մենք երբեք չենք կարող թշնամանալ իրականում, կարող ենք գժտվել, կարող ենք ունենալ տարբեր հայացքներ, բայց մենք չենք կարող մեր ընտանիքից քշել որևէ մեկին: Ես չեմ ուզում քշել ոչ մեկին: Եվ էլի եմ ասում՝ գուցե կարիք կա ևս քննարկելու, գուցե վերանայելու ժամկետները, գուցե քարտեզ ձևավորելու՝ փուլ առ փուլ, գուցե ավելացնել բացատրական աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իրականում, իհարկե, մարդիկ ունեն վախեր, և դա շատ բնական է»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ