Հարցազրույց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ
– Տեր Հայր, Սուրբ Ծնունդը սկսվում է hունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը:
– Տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին, լինում է նախատոնակ՝ Ճրագալույցի Ս. Պատարագ: Քանի որ Քրիստոսի ծնունդը գիշերը եղավ, հունվարի 5-ի երեկոյան մենք սկսում ենք Քրիստոսի ծննդյան տոնակատարությունները, և քանի որ տաղավար տոն է, ու հոգևոր իմաստով Քրիստոսի ծնունդն ու Սուրբ Հարությունը մեր քրիստոնեական գիտակցության և քրիստոնեական վարդապետության մեջ ամենակարևոր խորհուրդներն են մեր փրկության համար, հետևաբար, մենք տոնը սկսում ենք պատարագի խորհրդով: Պատարագը երեկոյան է մատուցվում, և ճրագներ ենք վառում, որպեսզի լուսավորվի եկեղեցին. «ճրագալույց» բառը ստուգաբանորեն գալիս է նաև այստեղից:
– Ճրագալույցի պատարագից հետո ինչո՞ւ են մարդիկ ճրագներ տանում իրենց տները, դա ի՞նչ խորհուրդ ունի, որոշ մարդիկ ասում են, որ սնահավատություն է, կրակի պաշտամունք է:
– Սնահավատության հարց չկա այդտեղ. դա ոչ թե կրակի պաշտամունքի, այլ լույսի խորհուրդն է: Այդ ճրագներով մարդիկ լույսը տանում են իրենց տուն՝ ի նշան աստվածային լույսի՝ այն հավատքով, որ այդ լույսը պետք է առաջնորդի իրենց առաքինի կյանքը, իրենց քրիստոնեական գիտակցությունը՝ գործնականում դրսևորելու: Եվ հենց Քրիստոսի լույսի շուրջ է համախմբվում ընտանիքը, երբ մարդիկ լույսը տանում են իրենց տուն:
– Հունվարի 6-ին տեղի է ունենում ջրօրհնեքի արարողություն. ի՞նչ է այն խորհրդանշում:
– Սուրբ Ծնունդը մենք նաև կոչում ենք Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով՝ Աստված հայտնվեց աշխարհին: Բացի այդ, ըստ եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում: Այսինքն՝ հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է: Այս տեղեկությունը, ըստ ավանդության՝ Հովսեփ Աստվածահայրն է փոխանցել Հակոբոս Տեառնեղբորը, այստեղից էլ այս ավանդույթը փոխանցվել է մեզ, ու եկեղեցին պահպանում է մինչև օրս: Այսինքն՝ հունվարի 6-ին մենք տոնում ենք ինչպես՝ Քրիստոսի ծնունդը՝ որպես առաջին Աստվածհայտնություն, այնպես էլ՝ Քրիստոսի մկրտությունը՝ որպես երկրորդ Աստվածհայտնություն: Մկրտության ժամանակ էլ Աստված հայտնվեց մարդկանց. երբ Քրիստոսը մկրտվում էր Հորդանան գետում, երկնքից Հայր Աստծո ձայնը լսվեց, որ դա է իր սիրելի որդին, և Սուրբ Հոգին, որ աղավնակերպ իջավ, այսինքն՝ Սուրբ Երրորդության ներկայության խորհուրդն է այստեղ պատկերվում, որը նաև Աստվածհայտնության դրսևորումն է: Հետևաբար՝ ջրօրհնեքը կատարվում է նաև հենց այս խորհրդով՝ ի նշան Քրիստոսի մկրտության, և այդ ջուրը, որ բաշխվում է մարդկանց, այն ջուրն է խորհրդանշում, որի մեջ մկրտվեց Քրիստոսը:
– Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն. ինչպե՞ս է այն կատարվում:
– Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ տնօրհնեքներ կատարվում են բոլոր 5 տաղավար տոներից հետո, բայց տնօրհնեք կատարվում է՝ անկախ նրանից՝ տաղավար տոն է, թե ոչ: Եթե մարդիկ տանն ունեն որոշակի անհանգստություններ, կամ մարդն ունի ցանկություն, որպեսզի իր տունն օրհնվի, ցանկացած պահի կարող է քահանա հրավիրել: Տեխնիկապես դա կատարվում է հետևյալ կերպ. մարդիկ դիմում են իրենց համայնքի հոգևորականին, պայմանավորվում նրա հետ, որ այցելի իրենց՝ տունն օրհնելու: Թեև մեր եկեղեցիներում արդեն կա հաստատված ավանդույթ, որ ծխական համայնքի անդամներին հոգևորականներն արդեն իրենք են այցելում՝ առանց հատուկ հրավերի սպասելու: Տնօրհնեքի համար անհրաժեշտ է աղ, հաց, ջուր, որոնք և օրհնում է հոգևորականը:
– Տեր Հայր, շատերը Սուրբ Ծնունդն անվանում են Փոքր Զատիկ, ինչը եկեղեցին չի ընդունում. որտեղի՞ց է գալիս այդ անվանումը:
– Սուրբ Ծնունդը չի կարելի է անվանել Փոքր Զատիկ. Սուրբ Ծնունդը ոչ մի կապ չունի Զատկի տոնի հետ: Մենք ունենք մեկ Զատիկ, որը Քրիստոսի Հարության տոնն է, և ունենք Սուրբ Ծնունդ: Դա ավելի շատ սովետական շրջանից մնացած սխալ ավանդույթ է: Սովետական շրջանում Զատիկն ասոցիացվում էր ննջեցյալներին այցելելու, պահք պահելու և պահքից դուրս գալու, ճրագը տուն տանելու հետ, որոնք երկու դեպքում էլ կան: Այսինքն՝ այս երկու տոներն իրենց ծիսակարգերով ընդհանրություններ ունեն, և երևի թե պատճառը դա է, որ մարդիկ շատ հաճախ թյուրիմացաբար նույն անունով էլ կոչում են:
Ինչպես նշեցի՝ այս տոներն ասոցիացվում էին նաև ննջեցյալներին այցելելու հետ, բայց ննջեցյալներին կարելի է այցելել միայն տաղավար տոներին հաջորդող Մեռելոցներին, ու կապ չունի՝ նո՞ր ննջեցյալ է, թե՞ հին:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am