«Ես երեխաներիս ասել եմ, որ հիմա մեր հայրիկը երկնքում է և այնտեղից է մեզ նայում, չնայած շատ բան չեն հասկանում, միևնույն է, ժամանակ առ ժամանակ ասում են՝ մամ, բա պապան երբ է գալու, կարոտել ենք». հերոսի կին
Արդեն մեկ տարի Լիանա Պորտուգալյանի համար կյանքը կանգ է առել, կորցրել իր գույները. երիտասարդ կնոջ ամուսինը՝ Հովհաննես Պորտուգալյանը, հերոսաբար զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ:
«Մեկ տարի առաջ այս օրն եմ ամուսնուս կորցրել, մեզ համար ժամանակը կանգ է առել… մենք հավերժ երեկվա մեջ ենք մնացել:
Անցած տարի այս օրն էր, տեղեկություն չունեինք Հովոյից, չնայած նախորդ օրը զանգել էր, դե մենք սպասում էինք, որ ամուսինս նորից կզանգի: Սպասում էի, բայց 2 օր անց էլ զանգ չստացա, սկսեցի խառնվել իրար: Փորձեցի տարբեր մարդկանց միջոցով ինֆորմացիա հավաքել, ամուսնուս հետ մեկնած տղաների ծնողների ու հարազատների գտանք, և քանի որ տղաները միասին էին կռվել, հետևաբար միասին էլ որոշեցինք իրականացնել որոնողական աշխատանքները:
Հովոն ԱԹՍ-ի հարվածից է վիրավորվել, իսկ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ թշնամու կողմից դիվերսիոն հարձակման են ենթարկվել:
Անցած տարի այս օրն է ամուսինս իր զինծառայակից ընկերների հետ զոհվել, տղերքը զոհվել են նույն օրը, ուղղակի տարբեր ժամերի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը:
«Ես երեխաներիս ասել եմ, որ հիմա մեր հայրիկը երկնքում է և այնտեղից է մեզ նայում, չնայած շատ բան չեն հասկանում, միևնույն է, ժամանակ առ ժամանակ ասում են՝ մամ, բա պապան երբ է գալու, կարոտել ենք:
Պատերազմի թողած հետքերն ու վերքերը բազմաթիվ են, ոչինչ առաջվանը չէ: Վերջնականապես փլուզվեց բոլոր երազանքները՝ կապված իմ հայրենիքի ու իմ երկրի հետ, հասկանո՞ւմ եք, մարդկանց մեծամասնության մոտ մարել է հույսը: Ապրում ես, փորձում ես ինչ-որ մի տեղ առաջ նայել, բայց այդ ամենն այնքան էլ հեշտ չէ»,- շարունակում է հերոսի կինը:
Լիանա Պորտուգալյանն ասում է, որ ամուսնու մահից հետո ինչքան էլ դժվար է, բայց կյանքը պիտի շարունակել իր համար բանաձևած «հանուն»-ների և «որովհետև»-ների:
«Հիմա ես ապրում եմ, որովհետև ես իմ երեխաների առջև պատասխանատու եմ. ես հերոսի կին եմ և պետք է իր անունն ու պատիվը բարձր պահեմ: Պահել եմ այն ժամանակ, կպահեմ նաև հիմա: Հովոն միշտ հպարտացել է, որ ես եմ իր կինը, չեմ թողնի, որ այլ տարբերակ լինի… պատվով կմեծացնեմ իմ գանձերին, որ արժանանամ իմ Հովոյի հետ հանդիպմանը:
Ամուսինս հոկտեմբերի 5-ին Շենգավիթի զինկոմիսարիատից զինվորական զորակոչով մեկնեց ռազմաճակատ որպես ՄՈԲ-ի պահեստազորային, կռվել է Վարանդայում։ Առանց մի օր զորավարժության մասնակցելու, էդպես անպատրաստ Երևանից միանգամից տեղափոխել են Արցախ:
Ամուսինս և իր ծառայակից ընկերները փրկել են իրենց հետ եղած բոլոր ժամկետային զինծառայողներին, բացի 1 հոգուց, այդ տղան եղել է ամուսնուս հետ որպես վարորդ, նա պետք է վիրավորում ստացած ամուսնուս հասցներ զորամասի հոսպիտալ»:
Հերոսի կինը պատմում է, որ Հովհաննեսը պատերազմի բոթն առնելու պես միանգամից որոշել է մեկնել Արցախ:
Կնոջն ասել է. «Եթե մենք չգնանք, ո՞վ պիտի պաշտպանի մեր հողն ու ջուրը, մեր տունն ու երեխաներին»:
Պահեստազորային Հովհաննես Վիլիկի Պորտուգալյանը ծնվել է 1981թ. հոկտեմբերի 28-ին Երևանում: Ամուսնացած էր, ունի զույգ աղջիկ: Հովհաննես Պորտուգալյանը հետմահու պարգևատրվել է «Տիգրան Մեծ» և «Արիության համար» մեդալներով։