«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության հետևանքով սպանված կնոջ մեկ այլ դեպք։ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, անընդհատ հալածել է կնոջը:
Երկու «անհաջող» փորձերից հետո ամուսինը 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը:
Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց: Հանգուցյալի քույրը՝ Կարինե Դանիելյանը, պնդում է՝ Նարինեն գուցե մի քանի տարով երկարացներ կյանքը, եթե կրկին փորձեր հաշտության եզր փնտրել Արթուրի հետ:
«Ես չգիտեմ՝ դա խանդ էր, թե ինչ էր, բայց Արթուրը սենց էր. ինչը իմն է, դրա հետ ինչ կուզեմ կանեմ, կուզեմ՝ կդնեմ ստեղ, կուզեմ՝ կջարդեմ: Այդպես իրի և ստրուկի պես էլ վերաբերվում էր նաև քրոջս», – պատմում է հանգուցյալի քույրը: Կարինեն հիշում է, որ մի անգամ քրոջ և նրա ամուսնու միջև հերթական վեճը ծագել էր նրանից, որ Նարինեն բարևել էր իրենց շենքի կողքի խանութի աշխատողներից մեկին. «Էդ բարևի համար տարել էր Սովետաշենի գերեզմանոց, որ սպանի»: Այդ անգամ Նարինեին բռնարարի ճանկերից ազատել էր սկեսրայրը: 3 անչափահաս երեխաների հայրը՝ Արթուրը, մշտական աշխատանքի վայր չուներ։
«Էստեղ-էնտեղ գործ լիներ, կկանչեին, կգնար, մի բան կաներ», – ասում է Կարինեն: Նրա խոսքով՝ քրոջ ընտանիքին պահում էին նրանց ծնողները: «Լուրջ պատասխանատվություն չուներ ընտանիքի հանդեպ, – հիշում է Կարինեի հայրը` Հովակիմ Դանիելյանը։ – Եթե երեխաները հիվանդանում էին, ես էի Բյուրեղավանից գալիս, տանում երեխաներին հիվանդանոց, ինքը ալարում էր տեղից վեր կենար: Երեխեքն իր համար ոնց որ ճորտ լինեին. նա կպառկեր, երեխեքին կասեր՝ գնացեք, նիսյա հաց առեք»:
Նարինեն ոչ միայն աշխատելու իրավունք չուներ, այլև առանց ամուսնուն զգուշացնելու տանից դուրս գալ չէր կարող: Քննիչի մոտ հարցաքննության ժամանակ Նարինեի անչափահաս դստրերը՝ 15-ամյա Գոհարիկը և 13-ամյա Ժաննան հիշել են. «Մենք, մաման, ուր որ գնում էինք, զանգում, ասում էինք պապային՝ գնում ենք»: Ամուսնական կյանքը քիչ թե շատ «սահուն» հունի մեջ է մտնում, երբ 2013 թվականին ծնվում է Արթուրի «երազանքը»՝ տղան: ««Տղա բեր, կյանքդ կփոխվի», ֊ ասում էր Արթուրը: Տղայից հետո մի 5-6 ամիս մի քիչ նորմալացավ տան մթնոլորտը, հետո հիմնահատակ փոխվեց… Սպանեց քրոջս: Ուզում էր տղա ունենար, որ իր նման դարձներ», – պատմում է Կարինեն:
Տարիներ տևած կռիվներով լի կյանքի ընթացքում Նարինեն մի քանի անգամ փորձ է արել վերջ տալ ամուսնական կյանքին և երեխաների հետ հեռանալ: «Միշտ ուզել է բաժանվի, բայց թիկունք չուներ, մտածում էր՝ երեք երեխաներին վերցնի, ու՞ր գնա: Մի անգամ կռվի ժամանակ, քուրս ասել է՝ չհամարձակվես ինձ վրա ձեռք բարձրացնես, կզանգեմ 02: Դրանից հետո մի քիչ վախենում էր, Նանոյին էլ ասում էր՝ գործ տվող»,- հիշում է Կարինեն: Նրա խոսքով՝ երեխաները պատմել են, որ կռիվների ժամանակ հայրն իրենց ներկայությամբ միշտ ասել է մորը՝ ինձ հետ չապրես, սպանելու եմ: Սեպտեմբերի 17-ին հերթական վեճից հետո, երբ Նարինեն որոշում է հեռանալ ամուսնուց, Արթուրը զանգահարում է Նարինեի հորը և ասում. «Էկե՛ք, ձեր լրբին տարեք»:
Թե ինչպես է Արթուրը սպանել քրոջը, ինչ է կատարվել նրանց միջև վերջին՝ սպանության օրը՝ սեպտեմբերի 19-ին, Կարինեն միայն ենթադրում է. «Իմ քույրը հիմա չկա, ես չգիտեմ՝ ինչ է կատարվել իրականում այդ օրը»: Կարինեի համար մի բան է միայն պարզ՝ սպանությունը եղել է ծրագրված և դիտավորյալ: Նրա խոսքով՝ Արթուրը մի քանի անգամ երեխաների մոտ նկարագրել է, թե ինչպես է սպանելու նրանց մորը. «Ասել է՝ դանակը կկոխեմ սրտաջիգյարաթոքախառը կխառնեմ, քեզ ու հորդ կտանեմ մորդ կողքը կդնեմ»: Նարինեի մայրը մահացել է տարիներ առաջ: Սպանության օրն ամուսինները մեկնել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ. «Էդ կողմերում են ապրում Արթուրի հարազատները:
Չգիտեմ՝ ոնց է համոզել, հետը տարել, քրոջս տարել է խաբեությամբ, որ սպանի: Ասում են՝ էդ իրենց ծանոթները Նարինեենց պարտք են եղել, գնացել էին պարտքերը վերցնելու: Հետո հատուկ մթով են հետ եկել, ինքը քրոջս տարել է իրեն ծանոթ միջավայր, ճանապարհի եզրը․․․»:
Ոստիկանության «Հերթապահ մաս»-ի սեպտեմբերի 22-ի թողարկումը հայտնում է՝ Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դիակ՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Ոստիկանությունը հավելում է՝ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը՝ Արթուր Մելիքսեթյանը:Արդեն Ոստիկանությունում Արթուրը «բացատրել է»՝ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ծեծելով սպանել է կնոջը և ցանկացել թաքցնել հետքերը: «Ես խփել եմ, չեմ իմանում՝ ինձ հետ ինչ ա կատարվել, ինչ ա եղել, ոնց ա եղել… ամեն մարդու խաչ մի ձևի ա թռնում գլխից, իմս տենց ա թռել», – Ոստիկանության պատրաստած տեսանյութում ասում է Արթուրը:
Մելիքսեթյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-ի կետի 1-ին հոդվածով (սպանություն)։ Գործը գտնվում է նախաքննության փուլում: Տուժողի իրավահաջորդ Կարինեի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ դեռ հնարավոր չէ ասել, թե նախաքննական մարմինը ինչ արդյունավետությամբ և ինչ ծավալով է աշխատանք տանում․ «Հույս ունենք, որ այս գործը այլ գործերի ճակատագրին չի արժանանա՝ երբ նախաքննական մարմնի թերի կամ վատ աշխատանքը հետագայում ազդել է նաև հենց դատավճռի վրա։ Նարինեի գործով հնարավոր է ապահովել արդարացի քննության սխեման։ Նարինեի ամուսինն արդեն իսկ ուզում է այլ վարկածներ առաջ տանել՝ մեկ, որ ինքը կպչուն մտքեր է ունեցել, մեկ, որ իբր Նարինեն ինքն է ջուրն ընկել, իսկ ինքը փորձել է հանել։
Բայց փորձագետը պնդում է, որ կնոջ մահը վրա է հասել սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից»։ Հանգուցյալի քույրը, իր հերթին, պնդում է՝ դա սոսկ սպանություն չէր, այլ դաժան և նախօրոք ծրագրված գործողություն․
«Ես հատուկ մտա մորգ, որ տեսնեմ Նարինեի մարմնի վրայի հետքերը: Դեմքին, վզից վերև մի հատ սաղ տեղ չկար… Նարինե չկար: Թե՛ բոթասով է խփել, թե՛ էդ մասում անցնող խողովակ կար դրան է խփել Նարինեի գլուխը, չգիտեմ: Քույրս էլ երևի մի 20 րոպե պաշտպանվել է, քանի որ Արթուրի վրա էլ կային ճանկռվածքների հետքեր»: Դատաբժշկական փորձաքննությունը փաստում է՝ կնոջ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից: «Սպանելուց հետո մարմինը կարծես ջուրն է գցել, մի քանի ժամից հանել է, չգիտեմ՝ ինչու», – պատմում է Կարինեն։
Նրա խոսքով՝ քրոջ դեմքի վնասվածքներն այնքան շատ են եղել, որ հոգեհանգստի ժամանակ դագաղը պահել են փակ վիճակում: Մոր մահվանից հետո Նարինեի դստրերը և տղան՝ 3-ամյա Արտյոմը, ապրում են իրենց հոր ծնողների տանը: Կարինեի խոսքով՝ Արթուրի ծնողներն ամեն ինչում մեղադրում են իրենց որդուն միայն: «Հիմնականում ծնողներն իրենց տղաներին դուխ են տալիս, բայց Նարինեի սկեսուրը և սկեսրայրը միշտ ասել են տղային՝ դու գնա, մենք քո երեխաներին էլ, Նարինեին էլ կպահենք», – պատմում է Կարինեն:
Դեպքից հետո Արթուրի մոր առողջական վիճակը վատացել է: Կինը սրտի կաթված է ստացել, երբ Արթուրն արդեն կալանավայրից զանգահարել է տուն և ասել. «Արտյոմս ի՞նչ ա անում»։ Մայրը պատասխանել է՝ մամային ա ուզում: Արթուրն էլ ասել է՝ «նապաստակ առեք, թող խաղա»: Վերջին տարիներին Հայաստանում աճել են ամուսինների կողմից կանանց նկատմամբ բռնությունների արձանագրված դեպքերը։ Դրանց մի մասը «լուծվել են» կանանց սպանությամբ: Ընտանեկան բռնության զոհերը հաճախ վախենում են դիմել Ոստիկանություն, իսկ նրանք, ովքեր դիմում են, հիմնականում ոչ միայն պաշտպանություն չեն գտնում, այլ նաև «խորհուրդ» են ստանում, թե ընտանեկան վեճերը նման կերպ լուծել չի կարելի, պետք է փորձել ամուսնու հետ հաշտության եզրեր գտնել։
Որոշ կանայք էլ արժանանում են «գործ տվողի» պիտակի։ Հայաստանի Քրեական օրենսգրքում դեռևս չկան հատուկ օրենքներ, որոնք կվերաբերեն ընտանեկան բռնության դեպքերին, այդ իսկ պատճառով դատարաններում էլ գործերի քննությունը թերի է լինում և բռնարար ամուսինները հաճախ մեղմ պատժի են արժանանում: Նշենք, որ ներկայումս քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, որն ընդունման դեպքում կնպաստի նման դեպքերի նվազեցմանը և բռնություն իրականացրած անձի նկատմամբ համապատասխան պատժի սահմանմանը։
Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» ՀԿ–ի Արագ Արձագանքման Խմբին
Հեռախոսահամարներ՝ +374 60 42 81 92, +374 91 42 81 92
Էլ–փոստի հասցե՝ [email protected],
Հետաքննող լրագրող Շահանե Խաչատրյան
Արագ Արձագանքման Խումբ