Ժամանակակից սեր. երբ առաջին անգամ տեսա Գևին, հասկացա՝ այս մարդը ճակատագրական դեր է ունենալու իմ կյանքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամանակակից սեր. երբ առաջին անգամ տեսա Գևին, հասկացա՝ այս մարդը ճակատագրական դեր է ունենալու իմ կյանքում

168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Իր սիրո պատմությամբ այս անգամ կիսվել է Գայանեն: Ասում է՝ ամուսնու հետ առաջին հանդիպմանը հասկացել է՝ այս մարդը ճակատագրական դեր է ունենալու իր կյանքում: Իսկ ծանոթացել են ընդհանուր ընկերոջ միջոցով, ում՝ համալսարանական բենդ ստեղծելու ցանկության շուրջ տարիներ առաջ համախմբվել են Գայանեն և Գևորգը:

Գայանեն, ում չքնաղ ձայնի ներքո են անցել իմ համալսարանական տարիները, մասնավորապես՝ դասամիջոցները, մեզ հետ զրույցում պատմել է մանրամասներ ճակատագրական հանդիպումից և իրենց երջանիկ, հավես, պուպուշ ընտանիքից:

«Դավիթն Ափոյան անընդհատ ասում էր՝ ուզում եմ համալսարանում բենդ հավաքենք, մտերիմ ընկերս կիթառահար է, մոտ ժամանակներս հենց ազատ լինի, գա, հանդիպենք: Անընդհատ հետաձգվում էր այդ հանդիպումը: Մի օր զանգեց, ասաց՝ Գևորգն այստեղ է, արի, միանգամից խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում:

Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա Գևին, անկախ ինձնից, երբեք նման դեպք չի եղել իմ կյանքում, հասկացա, որ այս մարդը ինչ-որ ճակատագրական դեր է ունենալու, բայց չգիտեի՝ ինչ դեր: Զգում էի միայն, որ ինչ-որ դեր է ունենալու, ինչ-որ բան է փոխելու, ու վերջ. կարճ, կպչուն միտք էր, անցավ: Ու սկսեցինք աշխատել համալսարանի բենդում: Այդ ընթացքում հասկացա, որ գործ ունեմ շատ պատասխանատու, շատ լուրջ տրամադրված մարդու հետ: Փորձերի էինք գնում, համերգների էինք պատրաստվում: Ես համալսարանից ուսանողներ էի գտնում, տանում, ինքը գործիքավորումներն էր անում, բենդով համերգի էինք պատրաստվում: Հետո մի օր խոսակցության մեջ ասացի՝ շատ եմ սիրում ազգային երգեր, ասաց՝ կուզե՞ս՝ փորձենք ազգայինով էլ ինչ-որ բան, ու այդպես կամաց-կամաց, համալսարանական բենդից բացի, առանձնացանք, ստեղծեցինք մերը:

Կարելի կլինի ասել, որ բենդի շրջանակում է ամեն ինչ սկսվել: 6-7 ամիս աշխատեցինք, ու ոչ մի բան այդ ընթացքում, պարզապես հասկանում էի, որ բոլոր անկումային պահերին ինքը պատահաբար հայտնվում էր, պատահաբար զանգում էր, ինքն այդ պահին իմ կողքին էր լինում: 6-7 ամիս անց, երբ արդեն համալսարանի համերգը տվել էինք, խմբի գործունեությունը որոշակի փուլի էր հասել, գնացինք Ախթալա մեր բենդով, որն ազգային էր ստեղծելու, հետո «Նուրի» էր դառնալու:

Միշտ ասում եմ, որ այդ համերգից հետո է ամեն ինչ այլ կերպ դարձել. հասկացել եմ, որ ինքն այն քիչ մարդկանցից էր, ում հետ ճանապարհ գնալն ինձ համար ոչ մի տեսակի անհարմարություն չառաջացրեց, նույնիսկ այն պարագայում, որ ես իրեն շատ կարճ ժամանակ եմ ճանաչում: Մի խոսքով, առանց ինչ-որ պաթետիկ բառերի՝ հասկացա, որ այդ մարդն այն մարդն է, որ անընդհատ, անընդմեջ, բոլոր իրավիճակներում ուզում եմ տեսնել: Առաջին իմպուլսը դա էր:

Տղամարդու մեջ ամենաառաջին ու կարևոր բանը, որը ես միշտ ֆիքսել եմ, կնոջ նկատմամբ ակնածանքն է, մեծարելն է ու պատրաստակամությունը՝ ամեն ինչում քեզ օգնելու: Գևի դեպքում դա ծայրահեղ էր ու ծայրահեղ է: Ինքը եթե գիտի, որ քո համար կարող է փոքր ինչ-որ բան անի, առանց տրտնջալու, առանց բողոքելու, առանց հոգնելու կանի: Ախթալայից առաջ ես գնացել էի Վրաստան՝ հանգստանալու, ինքն ընկած իմ համար տարազ էր ման գալիս:

Ես միշտ եղել եմ պլատոնական, օդերի մեջ, միշտ մտածել եմ, որ սերը պետք է այսպե՜ս, այնպե՜ս, վերերկրային լինի և այլն: Գևի պարագայում վերերկրային սիրո մեջ շատ-շատ պրակտիկություն կար նաև. ես հասկանում էի, որ սա այն մարդն է, ով բոլոր իրավիճակներում, բոլոր պահերին միշտ իմ հետ է:

Ինքն այդ ընթացքում մեկ ու կես ամսով գնաց Ամերիկա՝ Բերկլիի քոլեջ՝ սովորելու: Լիքը դժվարություններ, լիքը փոքր խնդիրներ, որ նույնիսկ ինձ ասում էին՝ կարող է գնա, հետ չգա, ես զարմացած ասում էի՝ սերը կպչուն բան չի, որ դու մտածես՝ մի հատ ինձ խոստացի՝ դու հետ կգաս, թե չէ: Ես վստահ էի, որ ինքը հետ կգա, որովհետև մենք այդ որոշումը միասին էինք կայացրել:

Ընթացքում լիքը դժվարություններ, բարդություններ, սովորել իրար, փոքր-փոքր նյուանսներով կոտոշիկներ հաղթահարել: Նշանվեցինք ու նշանադրությունից մի քանի ամիս հետո՝ կորոնայի ամենաթեժ շրջանում, շատ կրեատիվ հարսանիքով ամուսնացանք: Միայն հարազատների հետ, երկու օր քաղաքից դուրս մենք մեր հարսանիքը կազմակերպեցինք: Հետո՝ պատերազմ, ինքը մի քանի օր գնացել էր Մարտակերտ, հետո վերադարձավ, ու մոտավորապես մեկ-երկու ամիս անց իմացանք, որ բալիկի ենք սպասում:

Մեր հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ մենք երկուսս շատ ազատ ենք միմյանց թողել ամեն ինչում: Ես գիտեմ, որն ինքն իմ ամենա-ամենաուժեղ առաջ հրող ու մոտիվացնող մարդն է, նույնիսկ այն հարցերում, որոնք գուցե իրեն դուր չգան, բայց ինքն իմանա, որ ես եմ դա ուզում: Իմ համար դա հարաբերության մեջ ամենակարևորն է. իրար վրա վերահսկողություն չկա, իրար երազանքների նկատմամբ հոգատարություն կա, իրար կյանքերի մեջ խցկվել չկա: Ինձ թվում է՝ ճիշտ ընտրությունը հենց դա է: Ոչ թե՝ օ՜, դուք գրկվել եք, ինչ հավես է, թիթեռնիկներ են… կարևոր է, որ այդ մարդը պահի թիթեռնիկները նաև այն ժամանակ, երբ դուք ինչ-որ լուրջ խնդրի մեջ եք:

Բալիկի լուրն իմանալուց հետո ամեն ինչ է փոխվել… Մենք հասկացան, որ բացի իրար նկատմամբ պատասխանատվությունը, որպես մամա, պապա՝ մենք պատասխանատու պետք է լինենք մի պստիկ արարածի համար: Հիմա ադապտացիոն փուլում ենք, մտածում ենք՝ ինչպիսին կլինենք՝ որպես ծնող: Երբեմն նույնիսկ մտածում եմ՝ մեր նման խենթ ու խելառներին այնքան անհավատալի է պատկերացնել՝ որպես ծնողներ:

Բայց ամենակարևորը՝ հասկանալ, որ քո կողքի մարդը քեզ աջակցում է, քեզ թև ու թիկունք է, քո ցանկացած որոշման հետ ինքը հաշվի է նստում, դուք միմյանց համար անփոխարինելի ընկերներ եք առաջին հերթին, ու վստահ եմ, որ մեր բալիկը մեր խելառությունները մեզ կների, մի քիչ շատ են այդ խելառությունները, շատ է ջահելությունը մեր մեջ: Ինքն էլ, հուսով եմ՝ մեր նման կլինի, հեռու ու դուրս կարծրատիպերից, որովհետև մենք էլ այդ կարծրատիպերի մեջ չենք: Երջանիկ, հավես, պուպուշ ընտանիքի ամենակարևոր բանը, իմ կարծիքով, հասկացվածությունն է, լսված լինելն է»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան



Նման նյութեր