12-ամյա հայ տղան երջանկություն է պարգևել կանադահայ 76-ամյա Մարի Աղազարյանին. arevelk.am
Advertisement 1000 x 90

12-ամյա հայ տղան երջանկություն է պարգևել կանադահայ 76-ամյա Մարի Աղազարյանին. arevelk.am

Մոնրեալ (Նորանոր) – «Ամուսնու մահից երեք տարի անց  Մարի Աղազարյանն առաջին անգամ հունվարի 6-ին նշել է հայկական Սուրբ Ծնունդը՝ շնորհիվ 12-ամյա Հուսիկի, որ Կանադա է եկել Մոնրեալի Shriners մանկական հոսպիտալում բուժվելու համար»,– Montreal Gazette-ին հղում անելով գրում է կանադական noranor.ca-ն:  

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Հուսիկը տառապում է արթրոգրիպոզ (հոդաձևախախտում) հիվանդությամբ՝ բնածին վիճակ, որն ազդում է ոտքերի հոդերի վրա: Չնայած Հայաստանում կատարված մի շարք վիրահատություններին, տղան չի կարողանում քայլել և աստիճաններբարձրանալ այնպես, ինչպես մյուս երեխաները:

Shriners-ում նրան հատուկ հենակներ են տրամադրել, որոնց շնորհիվ կարողանում է ավելի հեշտությամբ շարժել հոդերն ու վերջույթները:

Սկզբում 76-ամյա Մարի Աղազարյանը սառնորեն է ընդունել Հուսիկին և նրա մայրիկին հյուրընկալելու փաստը, սակայն նրա դուստրը՝ Ադրինե Աղազարյանը համոզել է նրան, որ կարիքի մեջ գտնվող անծանոթների առջև տան դռները բացելը լավ կլինի նրա համար: Դա նաև կօգներ պահպանել հոգևոր կապը ամուսնու՝ Համբարձում Աղազարյանի հետ, ով երկար տարիներ հայկական եկեղեցու սարկավագ է եղել և հաճախ հումանիտար աշխատանք է կատարել:

«Մեկ տարի առաջ մեզ մոտեցավ քահանան և ասաց. «Այս տղան պետք է գա Կանադա», – հիշում է դուստրը, – «Նա բուժվելու է Shriners-ում…սակայն տեղ է պետք, որպեսզի նրանք մնան»:

«Իմանալով, որ մայրս մենակ է տանը՝ ասացի. «Մայրիկ կարո՞ղ ես ընդունել նրանց»»: Մայրս ասաց, որ տրամադրություն չունի:

Երկար ժամանակ համոզելուց հետո նա վերջապես համաձայնեց: Նրանք ժամանեցին Կանադա:

Մարի Աղազարյանն ասում է, որ Հուսիկի ու նրա մայրիկի առջև տան դռները բացելը երջանկություն բերեց իր տուն:

«Ես ուրախ եմ, որ այստեղ են: Ես միայնակ չեմ, ինձ հետ մարդիկ կան: Նրանք լավ մարդիկ են՝ հատկապես տղան: Նա երջանիկ է արթնանում՝ կյանքով լի: Նա ինձ ուրախություն և երջանկություն է բերում», – ասում է Մարի Աղազարյանը:

Ամուսնու մահից հետո առաջին անգամ տոնածառը կրկին իր տեղում է եղել Աղազարյանների տան հյուրասենյակում:

«Ամուսնուս մահից հետո տոնածառի լույսեր չէի վառել», – ասում է Աղազարյանն ու հավելում. «Բայց առանց ամուսնուս տոնական սեզոնը սկսելու տխուր մտքերը մեղմվեցին անցյալ ամիս, երբ Հուսիկը անմեղ հարցադրում արեց. «Իսկ մենք տոնածառ ունենալո՞ւ ենք»»:

Աղազարյանը մեծ հաճույք է ստացել իր հյուրասենյակում կրկին տոնածառ ունենալուց, իսկ Հուսիկի մայրը նշում է, որ ոգեշնչվել է Կանադայում անծանոթների բարությունից:

Հուսիկի մայրն ու հայրը, ովքեր տղային և ևս հինգ երեխայի որդեգրել են Հայաստանի մանկատնից, ասում են, որ ուրախությունը փոխադարձ է եղել: «Մարին ասում է, որ մենք նրան երջանկություն ենք բերել, բայց նա մեզ ավելի շատ երջանկություն է պարգևել, քան կարող էինք պատկերացնել», – ասում է նա:

«Երազանքս ձի նստելն է», – ասում է Հուսիկը, որ դեռ մի քանի ամիս կմնա Կանադայում և հույս ունի, որ մի օր չմուշկներ կհագնի:

Իսկ մինչ այդ տղան արդեն հասցրել է մաքրել Մարի Աղազարյանի տան առջևի սառույցն ու աստիճանների ձյունը:

arevelk.am