Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից: Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը:
Մասնավորապես, ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Այսպիսով, ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Հանրապետության նախագահը, ինչպես 123-րդ հոդվածն է սահմանում, պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով: