Գրողների միությունն անցած տարի իրականացել է մի շարք ծրագրեր, որոնցից է «Մենք և աշխարհը» մատենաշարի հրատարակումը, որտեղ ընդգրկված են հայ գրողների ստեղծագործություններն այլ պետությունների, այլ ժողովուրդների մասին:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ առաջիններից մեկը եղել է լեհ գրողները Հայաստանի, հայ գրողները Լեհաստանի մասին ժողովածուն: Ներկայացրել են նաև հայ գրողները Իրանի մասին «Իրանի արևը» գիրքը: Հրատարակվել է հայ դասական և ժամանակակից գրողները Ֆրանսիայի մասին գիրքը: Առաջիկայում կհրատարակվի հայ գրողները Վրաստանի մասին ժողովածուն:
«Մեր բազմաթիվ գրողներ, օգտագործելով արդի տեխնոլոգիական միջոցները, կարողանում են կապեր հաստատել միջազգային փառատոների, խմբագրությունների հետ կամ տարբեր գրական կայքերում ներկայացնել իրենց աշխատանքները: Չնայած միջազգային հանդիպումները համավարակի պատճառով խափանվել են, սակայն մեր գրողներից շատերը հենց այդ ճանապարհով են ներկայանում աշխարհին: Ցավոք, 2016 թվականին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրատարակչական գործի աջակցության ծրագիրը փակեց ու նոր ճանապարհ չբացեց՝ հրատարակելու գրողների գրքերը: Ոչ միայն գրականության, այլև մշակույթի, պատմագիտական գրքերի, ժամանակակից գրականության տպագրության «Գիլյոտին» իջեցրեց: Մեր հանդիպումներից հետո Մշակույթի հաջորդ նախարարները դրամաշնորհային ծրագիր հաստատեցին, սակայն այդ ծրագրով մինչև 20 անուն, հիմնականում թարգմանիչներ են հրատարակվում և 4-6 ժամանակակից գրողների գրքեր: Դրանով մեր այսօրվա գրական դաշտը, լավագույն գործերը չեն կարող ներկայացնել: Այդ ծրագիրը միայն գրականության համար չէր: Մարդը փակեց ու գնաց՝ անտերացրեց: Նորանշանակ նախարարին էլ ասացինք, որ եթե ՀՀ-ում թատրոններին, կինոյին աջակցություն է տրվում, գրականությունն ինչո՞ւ պետք է դուրս մնա: Խորթ զավա՞կ է: Արդյունքում՝ որոշակի դրամաշնորհային ծրագիր հաստատվեց, որը փոքր, չնչին մաս է: Օրինակ, 2020թ. դրամաշնորհի է ներկայացվել 19 անուն գիրք, որից 4-5-ն է առնչվում ժամանակակից գրողի հետ: Հայ գրականությունն այսօր կարիք ունի տպագրվելու, տարածվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա կարծիքով՝ պետք է մտածել նաև նշանակալի անուն ունեցող գրքի թարգմանության մասին:
«Պետք է լինի իսկապես ժամանակի մեջ արժանահիշատակ գրականություն»,- նշեց նա:
Հարցին՝ Գրողների միության անդամ շատերն են ցանկանում դառնալ, ի՞նչ են հաշվի առնում սովորաբար՝ նախքան տվյալ մարդուն իրենց շարքերում ընդգրկելը, Գրողների միության նախագահը պատասխանեց.
«Հայաստանի կեսը ցանկություն ունի: Ես որ ման եմ գալիս Հայաստանում՝ ամեն քայլին մեկը մոտենում, ասում է, որ գրքեր ունի տպագրած, նյութեր ունի: Մեր երկրում մարդկանց կեսը գրում է, մի մասն էլ թոշակի է անցնում՝ իր կյանքն է գրում, ու բոլորն ուզում են Գրողների միության անդամ դառնալ: Բնականաբար, ամեն ոք չի կարող: Մի քանի գիրք պետք է ունենան, գրողները պետք է այդ գրքերի մասին գրեն, երաշխավորեն և այլն»:
Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ տարվա ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել, հատկապես մանկապատանեկան գրականության հրատարակման, դրամատուրգիայի վերաբերյալ: Քննարկումների արդյունքում tatron-drama.am կայքում բացվել է նոր հարթակ՝ մանկապատանեկան դրամատուրգիայի համար, որտեղ արդեն ներկայացված է 13 պիես: Ասաց՝ պետք է թատրոնների հետ աշխատել, որպեսզի մեր պատանիները, մանուկները, հեռախոսներով շփումներից բացի՝ մտնեն ժամանակակից կյանքն արտացոլող գրական ստեղծագործությունների աշխարհը:
Անի Կարապետյան