Ճոխ եկեղեցաշինության համբավ վայելող, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետր բարձրությամբ (11 հարկանի շենքի բարձրությանը համարժեք) խոշորածավալ արձան, իրարամերժ արձագանքների տարափ առաջ բերեց։ Ոմանք ոգեւորությունից փայլատակեցին, քիչ չէին նրանք, ովքեր, փաստելով հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը, այդպիսի արձան կերտելն անլուրջ միտք համարեցին։ Ի դեպ, անտարբերներն էլ քիչ չեն։ Վերջիններիս հիմնավորումն է՝ 2001-ից աշխարհին համոզում ենք, որ «առաջին քրիստոնյա ազգն» ենք, ու էլի մնում ենք նույնը՝ չճանաչվածն ու չգնահատվածը։
Եվ այսպես, հայտարարվեց Քրիստոսի արձանի մրցույթ, ստեղծվեց մրցութային հանձնաժողով, որում Հայ առաքելական եկեղեցու նվիրակն էր վարդապետ Տ․ Ասողիկ Կարապետյանը։ Ներկայացված 200-ից ավելի քանդակ-նախագծերի հեղինակները հերթականությամբ ներկայացրին իրենց աշխատանքները։
Զավեշտալին այն էր, որ քանդակների հեղինակները չէին կարեւորել, որ Հայ առաքելական եկեղեցին անհերքելի ավանդույթի ուժով երբեք չի ունեցել եւ չունի եկեղեցական բովանդակությամբ արձաններ։ Ավելին, մեր բոլոր եկեղեցիներն առանձնանում են բացառիկ համեստությամբ եւ լրջությամբ՝ հարթաքանդակների (բարելյեֆ, գորելյեֆ) զուսպ, բովանդակալից նախշաքանդակներով։ Իսկ հարթաքանդակներով միտք հաղորդելու հնարամտությունն անսպառ է։ Ապացո՞ւյց։ Սարդարապատի թանգարանի, Մարզահամերգային համալիրի մուտքերի կորագիծ համայնապատկերները, «Դվին» հյուրանոցի մուտքից աջ՝ քոչարի պարողների պղնձյա զրնգուն համապատկերը եւ այլն։
Հիմա ի՞նչ, խնդի՞ր է դրված անպայման ստեղծել Քրիստոսի հայկական արձան։ Եթե այդպես է, այն չպետք է հակասի Հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթին եւ ոգուն։ Նվիրակ վարդապետ Տ․ Ասողիկ Կարապետյանն իր խոսքում չզլացավ ներկայացված արձան-նախագծերի նկատմամբ ավանդույթից շեղվելու մտահոգություն հայտնել։ Արդյո՞ք չենք դավաճանում մեր ինքնությանը։
Ի դեպ, Քրիստոսի արձանի գաղափարի կապակցությամբ հնչած մտահոգություններից եւ առաջարկներից առանձնացնում ենք այս մեկը․ «Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասությունների ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ արժանավույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրկանապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։ Սա Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն է։
Ավելացնելու ոչինչ չունենք։
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ