Եթե առաջնորդվենք կամ լուրջ ընդունենք ՄԱԿ-ի հերթական՝ այսպես կոչված՝ Երջանկության ամենամյա զեկույցը, որտեղ նրանք ինչ-ոչ գումարում հանումներով հաշվում-հաշվարկում են, թե որքանով երջանիկ է այս կամ այն երկիրը, և ըստ էության, ապերջանիկ է մյուսը, ապա շատ ուշագրավ ապուշությունների կարող ենք հանդիպել։ Օրինակ, պարզել, որ մեր տարածաշրջանում ամենաերջանիկը հայերս ենք, իսկ ադրբջանցիները ամբողջ 10 միավոր դժբախտ են մեզանից, իսկ վրացիները՝ ավելի շատ․․․
Պարզվում է հինգ տարի շարունակ ամենաերջանիկ երկիրը լինելու թագը Ֆինլանդիայի գլխին է։
Հիմա Հայաստանն աշխարհում 82-րդ ամենաերջանիկ երկիրն է՝ ասվում է, թե՝ դա որոշվում է մարդկանց կյանքի տևողությամբ, սոցիալական աջակցությամբ։ Նույնիսկ՝ կոռուպցիայի մակարդակով։
Ցնդելու բան է՝ պատերազմում պարտված, հազարավոր զոհեր տված, իր որդիներին, մի ողջ սերունդ կորցրած, Եռաբլուրը մի քանի անգամ ընդարձակած հայերը երջանիկ են ավելի՝ քան ըստ ցանկի՝ իրենից հետո եկողները։
Կյանքի տևողությունը զուտ ազգային որակ է, մերը շատ չէ ուրիշ ազգերից, սակայն՝ արևմտյան աշխարհի երկրներից գուցե ավելի է։ Սոցիալական աջակցությունը նույնպես ցուցանիշ է, դա ևս ազգային որակական հատկանիշ է։ Ինչ վերաբերվում է կոռուպցիային, ապա կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով եկած նիկոլականները, ըստ ՄԱԿ-ի երջանկության զեկույցի՝ դրական տեղաշարժ են ունեցել։
Այսինքն, Հայաստանում այսօր, իբր ավելի քչացել էկոռուպցիան։
Այլ առիթներով էլ ասել եմ, թող կոռուպցիան ծաղկեր Հայաստանում, մենք պայքարեինք դրա դեմ, բայց Արցախն ազատ ու անկախ լիներ, Հայաստանի սահմանները անվտանգ և ապահով լինեին, մեր բանակն առաջվա հզորություններն ունենար, լիներ մարտունակ, ինչպես՝ 2018-ից առաջ էր։ Եվ ատելությունը հեռանար, կորչեր Հայաստանից։ Մենք ապրեինք մարդկային կյանքով՝ բնական սերերով ու մարդկային, ո՛չ անբնական ու հիվանդագին ատելություններով։
Հա, ու մեկ էլ շատ զարմացնում է «բացարձակ երջանիկ» այս երկրների ցանկը՝ Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդսները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը, Նոր Զելանդիան․․․
Հարցնող լինի՝ այդ ինչների՞դ վրա եք այդքան երջանիկ․․․
Այսպիսի անլուրջ բաներով իրենց կյանքը լցնող ազգերը, բնականաբար երջանիկ կլինեն։ Փաստորեն, հայերն էլ երջանկության ճանապարհն են բռնել՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի։
Զեկույցներով ապրեք, կյանքը դա է՝ հորդորում է ՄԱԿ-ը․․․