Փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի՝ գլխացավանքներից մեկն է:
Նրա խոսքով՝ քանի դեռ սպառողը սնունդը գնում է փողոցում ապրանք վաճառողից, այդ խնդիրը չի լուծվելու: Այժմ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ մեծ ծավալի աշխատանք է տարվում իրավական կարգավորումների ուղղությամբ:
«Մեր տեսչությունն իրավասություն չունի փողոցային առևտրի վրա ազդելու: Մենք արձանագրում ենք ու դիմում ենք ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին»,- մարտի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր տեսչական մարմնի ղեկավարը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ փողոցային առևտրի խնդիրը կարծես թե հավերժ է:
«Առաջին հերթին՝ պետք է հարմար պայմաններ ստեղծվեն փողոցում առևտուր անողների համար: Երբ Երևանի քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր, փորձում էին կետեր ստեղծել, որպեսզի քաղաքակիրթ ձևով առևտուր անեն, բայց դա կարճ տևեց: Քաղաքապետը փոխվեց, իսկ խնդիրն այդպես էլ մնաց: Ժամանակ առ ժամանակ կարծես հարցով զբաղվում են: Տեղական ինքնակառավարման մարմիններն անում են իրենց գործը՝ տուգանում են, բայց այդ մարդիկ էլի հայտնվում են. որտեղի՞ց: Մյուս կողմից էլ՝ մարդկանց համար պետք է նորմալ պայմաններ ստեղծեն, տաղավարներ սարքեն, ոչ թե փողոցում ապրանքը շարեն գետնին: Շուտով ամառ է գալու, ու ավելի խայտառակ վիճակ է լինելու: Շոգին միս, ձուկ, միրգ են վաճառում: Շատերն ասում են՝ քաղաքացիների մեղավորությունն է, եթե փողոցից չգնեն, չեն բերի ու չեն վաճառի, սակայն ասեմ, որ փողոցում վաճառվող ապրանքն ավելի էժան է, իսկ մարդիկ ճարահատյալ նրանցից են գնում, ինչ է, թե՝ մի քանի կոպեկ էժան է դրված: Տաղավարներ թող ստեղծեն, նրանք էլ կանգնեն այնտեղ՝ առևտուր անեն. շուկաները գրեթե վերացան ու վերածվեցին սուպերմարկետների»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:
Անի Կարապետյան