«Մեծ բռնցքամարտում մեծ ուղեղ է պետք»
Advertisement 1000 x 90

«Մեծ բռնցքամարտում մեծ ուղեղ է պետք»

Ասում է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը

 

Եթե շատերը սնապաշտության պատճառով խուսափում են 13 թվից, նա իր մենամարտերն անցկացնում էր` կրելով այդ թիվը։ Նույնիսկ նրա մեքենայի համարանիշի վրա է գերակշռում 13-ը: Զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, բայց Իսրայել Հակոբկոխյանի հետ մեր հարցազրույցը տեղ գտավ «3 Միլիոն» ամսագրի 13-րդ համարում:

Հարցազրույցը դեռ նոր էինք սկսել, երբ ծաղիկները ձեռքին ներս եկավ բարետես արտաքինով միջին տարիքի մի կին: «Տեսնո՞ւմ ես ինչ զոքանչ ունեմ, առանց ծաղիկ ներս չի մտնում, վախենում է ներս չթողնեմ»,- կատակով իր հյուրին դիմավորեց Իսրայելը: Պարզվեց նաև, որ հայտնի բռնցքամարտիկի ծաղկեփնջով զոքանչը նրա հասակակիցն է: «Ես ու զոքանչս նույն թվին ենք ավարտել դպրոցը: Այնպես որ, ես կնոջիցս եմ 18 տարի մեծ, կինս էլ մեր ավագ որդուց է 18 տարի մեծ:

Մինչ մենք զրուցում էինք, երիտասարդ և հյուրընկալ տանտիրուհին հյուրասիրում էր զանազան քաղցրավենիքներով, որոնց մեջ նաև Իսրայել Հակոբկոխյանի ձեռքերով պատրաստված խմորեղենն էր: «Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա: Կարևորը՝ ես իմ տան մեջ թագավոր եմ: Թագավորը նա չէ, ով նստած է թագավորական գահին, այլ նա՝ ով ինքն իրեն զգում է թագավոր: Ես գահին նստած չեմ, բայց ես ինձ թագավոր եմ զգում իմ տան մեջ»,- ասում է գետաշենցի Իսրայել Հակոբկոխյանը։ Ի դեպ, գետաշենցիներից շատերը սիրում են կրկնել, որ գետաշենցիներից լավը չկա, բայց նա հարցին այլ կերպ է նայում։

 

– Այո ես գետաշենցի եմ, բայց ընդհանրապես չեմ ընդունում այդ տարանջատումները` կիրովականցի, գորիսեցի, գետաշենցի… Հայը պետք է հպարտ լինի իր հայ լինելով, ոչ թե իր ապրած վայրով: Գենետիկորեն հայ լինելն արդեն իսկ հպարտություն է: Որովհետև մենք ենք ընտրյալները: Առաջինը երկիր մոլորակի վրա եղել է հայը, նոր հետո՝ մնացածները: Աշխարհում կա երկու ազգ` հայերն ու մնացածները: Ուղղակի մենք մեր ազգին ճիշտ չենք կարողանում գնահատել: Հայի ազգանուն կրել, հայի անձնագիր ունենալ, դեռ չի նշանակում՝ ինքը հայ է։

– Իսկ ձեր նշած՝ «գենետիկորեն հայն» անձնագրով հայից ինչո՞վ է տարբերվում, և արդյոք ճի՞շտ եք համարում հայերի ինքնահավանությունը:

– Գենետիկորեն հայն անձնագրով հայից տարբերվում է նախևառաջ իր հոգով, իր արյունով: Ինչ վերաբերում է ինքնասիրությանը, ասեմ, որ շատ լավ է, երբ ազգը կարողանում է իրեն ճիշտ գնահատել: Հայը պետք է հպարտ լինի, որ հայ է, բայց ոչ ինքնահավան: Ինքնահավանության և ինքնասիրության միջև տարբերությունը շատ մեծ է: Դու որ քեզ չսիրես, չգնահատես քո արժանիքները, ոչ ոք դա չի անի:

– Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը: 

– Մարդիկ են հորինել Աստծուն, որ նա քավի իրենց մեղքերը: Բայց մինչ օրս էլ մեղքեր են գործում ու դեռ գործելու են: Հիսուս Քրիստոսի պես մարդ ապրել է այս երկրագնդում: Ուղղակի հրեաները ստեղծել են այդ միֆը, քանի որ նա այնքան լավ մարդ է եղել, որ կարծել են, թե մարդուց չէր ծնված: Հետո էլ այդքան լավ մարդուն իրենց ձեռքով սպանեցին, խաչեցին: Հետո էլ սուտ լուրեր տարածեցին, որ Աստված ուղարկել էր, Նա էլ տարավ: Լավ կլինի այդ թեմայով շատ չխորանանք, հնարավոր է՝ ես ճիշտ չարտահայտեմ մտքերս, և մարդիկ ինձ սխալ հասկանան, քանի որ ի տարբերություն լեզվով մտածող մարդկանց, ես ուղեղով եմ մտածում: Բաներ կան, որ առանց խոսքի շատ ավելին են ասում, քան խոսքերը: Հիմա որ մեկը քեզ սիրահարված՝ երեք ժամ սեր բացատրի, հնարավոր է՝ այդպես էլ ոչինչ չասի այդ երեք ժամ տևող մենախոսության ընթացքում: Հնարավոր է նաև, որ քեզ այնպիսի հայացքով նայի, որ ողջ մարմնովդ դող անցնի, և դու հասկանաս նրա զգացմունքներն առանց ավելորդ բառերի:

– Ճի՞շտ է, որ ձեր տանը կա մի նկար, որտեղ դուք գամված եք խաչին, և այդ խաչի վրա գրված է՝ «թագավոր»:

– Այո: Այդ նկարի գաղափարն իմն է եղել, իսկ նկարիչը բավականին «կյանք տեսած» անձնավորություն է: Ժամանակին նա ձերբակալված է եղել: Ընկերս ուզում էր ինձ մի նվեր մատուցել ծննդյանս օրը և մատուցեց այդ նկարը:

– Երբ այդ նկարի գաղափարը տալիս էիք նկարչին, ինչպե՞ս այն ձևակերպեցիք` «Ես լինեմ Աստծո փոխարե՞ն»:

– Ոչ, ես լինեմ ի՛մ տեղը: Ես էլ խաչվածի պես եմ` ձեռքերս կապված են, և ինձ չեն թողնում խոսել… Այս նկարը 1996 թվականին են նվիրել: Ես գտնում եմ, որ արժանի եմ իմ հուշարձանը իմ աչքով տեսնելուն: Ուզում եմ, որ նմանատիպ արձան լինի իմ գերեզմանաքարին: Տեսեք, թե ինչ է գրված այս նկարի վրա. «Նա չէ թագավոր, ով նստած է թագավորական գահին, այլ նա է, ով իրեն զգում է թագավոր: Հակոբկոխյան Իսրայել, չեմպիոն ես ազգիդ վայել»: Ինձ այս նկարը շատ է դուր գալիս: Չգիտեմ, թե ով ինչպես կհասկանա:

– Ի՞նչ հաճույք է ստանում բռնցքամարտիկը մարդու դեմքին հարվածելով:

11356880_993860260625387_402061597_n

– Դուք ձեր տեսանկյունից եք նայում, այդ իսկ պատճառով տեսնում եք միայն իրար դեմքի հարվածող տղամարդկանց և այդ հարվածներից հաճույք ստացող հանդիսատեսի: Երբ հայելու անկյունը ծուռ է, նրա մեջ քո արտացոլանքն էլ է ծուռ: Այդպես էլ բոքսն է. եթե սխալ անկյունից ես նայում, այն սխալ կարծիք է թողնում: Դուք նայեք հետևյալ անկյունից. նույնատիպ, նույն քաշի երկու տղամարդ իրենց մենամարտով որոշում են, թե ով է իրենցից ուժեղ: Իրենք ոչ թե հարվածելիս են հաճույք ստանում, այլ իրենց գեղեցիկ հնարքներով: Նույն հաջողությամբ կարելի է ասել՝ շախմատում ի՞նչ հաճույք են ստանում` ֆիգուրները տեղաշարժելով: Եթե կարծում եք, որ շախմատի ողջ հմայքն ուղեղի հնարքների մեջ է, սխալվում եք: Շախմատում կարելի է ուղեղ չունենալ, բայց լավ խաղալ: Եթե բոքսի ռինգում խելք չունենաս, չես կարող անգամ կես վայրկյան դիմանալ: Իհարկե, կատակի եմ վերածում, բայց շախմատում կարող ես ուղեղդ անջատել որոշակի ժամանակահատվածով, իսկ եթե բոքսում կես վայրկյանի կես վայրկյանը ուղեղդ անջատես, այնպիսի հարված կուտես, որ էլ չես արթնանա: Մեծ բռնցքամարտիկ լինելու համար պետք է մեծ ուղեղ ունենալ: Վայրկյանի մեկ հարյուրերորդականի ընթացքում պետք է կարողանաս կողմնորոշվել, թե հաջորդ հարվածը որ կողմից է լինելու և ինչ արագությամբ:

– Եթե սպորտը չլիներ, ինչո՞վ կզբաղվեիք:

– Ամեն ինչով, բացի առևտրից: Քանի որ ես կոմունիստական հասարակության մեջ եմ դաստիարակվել, երևի ճիշտ չեն սովորեցրել, բայց ինձ միշտ ասել են, որ առնել-ծախելը սպեկուլյացիա է:

– Պե՞տք է արդյոք, որ սպորտսմենը, դերասանը, բժիշկը զբաղվի քաղաքականությամբ:

– Մտածել իմացող և կյանքը սիրող ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ: Շատ անգամ ասում են՝ ի՞նչ գործ ունի սպորտսմենը քաղաքականության մեջ: Ես էլ պատասխան հարց եմ հղում իրենց՝ իսկ առևտրակա՞նն ինչ գործ ունի: Սպորտսմենն ամենուր իր երկիրն է ներկայացնում, իր երկրի դրոշն է բարձրացնում, գիտի՝ երկրի համար հպարտանալն ինչ է: Իսկ առևտրականը միայն իր շահերն է պաշտպանում և շատ դեպքերում թքած ունի երկրի վրա: Ես ռինգում երկիր էի ներկայացնում: Իմ մարտերը դիտողներից շատերն ասում էին, որ երբ ինձ հարվածում էին, այդ ցավն իրենք էլ էին զգում, երբ ես էի հարվածում, նրանք կարծում էին, որ իրենք հարվածեցին: Ես արժեքներ եմ կրում, իսկ առևտրականն ի՞նչ արժեք ունի: Այսօր ես մեր Ազգային ժողովում մարդիկ գիտեմ, որոնք թերի միջնակարգ կրթություն ունեն, բայց փողով դիպլոմներ են գնում ու իրենց էլ լավ են զգում: Բայց ինչքան էլ մարդ փորձի դիմացինին խաբել, ինքն իրեն չի կարող խաբել: Հենց մարդ սկսեց հավատալ իր իսկ ստին, ուրեմն նա կործանված մարդ է: Իսկ մեր Ազգային ժողովում այսօր կործանված մարդիկ շատ կան: Ցավը նրանում է, որ այդ կործանվածները մեզ են ղեկավարում:

– Մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե Ձեզ սպանել են…

– Ցուրտ, մութ տարիներին ես եղել եմ Հայաստանում: Մոսկվայում եղել եմ 1993 թվականի մարտին, վերադարձել եմ 1994թ. վերջին: Հայաստանում այնպիսի պայմաններ էին ստեղծել ինձ համար, որ իմ այստեղ մնալը վտանգավոր էր կյանքիս համար: Այնտեղ սպորտով էի զբաղված: Բայց լուրեր էին տարածել, որ ես այնտեղ ռեկետով եմ զբաղվում: Լուրը, թե ինձ սպանել են, լսել եմ Գերմանիայում` 1994 թվականին: Բանն այն է, որ նախկին իշխանությունները՝ ՀՀՇ-ականներն, արդեն չգիտեին՝ ինչպես ինձ հետ վարվեին և որոշեցին վարկաբեկել ինձ: Տարածեցին, իբրև թե Հայաստանից դուրս ռեկետով էի զբաղված և սպանվել եմ ինչ-որ «բազարների» ժամանակ։ Իրականում այդ ժամանակ ես Գերմանիայում էի, իմ նախկին հակառակորդի` Տորսթեն Շմիդտի մոտ, ով, ի դեպ, ինձ մեքենա է նվիրել: Ահա, թե ինչպիսի տղամարդ հակառակորդներ եմ ունեցել:

Իսկ իմ մեծությունը նրանում է, որ ես աքսիոմաներ չեմ սիրում. ես թեորեմաներ եմ սիրում և ընդունում: Այսինքն, եթե մի բան եմ ասում, անպայման ապացուցում եմ, ոչ թե ասում եմ ու անցնում առաջ: Դիմացինից էլ նույնն եմ պահանջում:

Քրիստինե Հակոբյան

«3 Միլիոն»