Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. Հայ բժիշկը 20-ամյա երիտասարդի մոտ ժխտել է ցիռոզը եւ հազվադեպ հանդիպող հիվանդություն հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. Հայ բժիշկը 20-ամյա երիտասարդի մոտ ժխտել է ցիռոզը եւ հազվադեպ հանդիպող հիվանդություն հայտնաբերել

Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պատմում է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Երիտասարդ տղայի մոտ արդեն մի քանի անգամ դիտվել էր արյունահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից, ինչը համարվում է լյարդի ցիռոզի մահացու բարդություններից մեկը։ Սակայն բժշկի աչքից չվրիպեց մի կարևոր «մանրուք», որը փոխեց բուժման ընթացքը:

Մեծածավալ հետազոտությունների արդյունքում բժիշկ Հազոյանը ժխտեց լյարդի ցիռոզը և հաստատեց իր կանխատեսած հիվանդությունը՝ լյարդի ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, որն անվանվում է նաև պորտոսինուսոիդալ վասկուլյար հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ ֆիբրոզ, հեպատոպորտալ սկլերոզ, օբլիտերատիվ պորտալ վենոպաթիա, լյարդի նոդուլյար տրանսֆորմացիա և այլն:

Անվանումների նման բազմազանությունը ևս փաստում է, որ հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում։ Պացիենտը վիրահատվեց, կատարվեց փայծաղի էբոլիզացիա։

Հետվիրահատական երկրորդ շաբաթում արդեն երևում է սպասված արդյունքը։

Բժշկական գլուխկոտրուկը լուծվեց, արդյունը՝ փրկված երիտասարդի կյանք՝ ԵՊԲՀ դասախոս, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աննա Հազոյանի, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի (Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն) և բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանի (Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն) միահամուռ և գրագետ աշխատանքի շնորհիվ։

Հավելենք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում նման բարդ և հազվադեպ դեպքեր հաճախ են հանդիպում, որոնք ախտորոշվում և բուժվում են բաժանմունքի հմուտ բժիշկների կողմից, որոնք նաև ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնն են ներկայացնում։

med.news.am