Asekose.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ, ով մոտ 3 տարի է, ինչ բացակայում է Հայաստանից: Նա այժմ բնակվում է Գերմանիայում, սովորում է Universität Bielefeld համալսարանում և աշխատում Սոցիալական հարցերի նախարարությունում : «Անի Քոչար փրոդակշնի» աշխատանքները անորոշ ժամկետով դադարեցված են: Լույս չի տեսնում նաև Անիի հիմնած և ավելի քան 9 տարի հրատարակած «ԵՍ» ամսագիրը: Գերմանիայում Անին հիմնել է «Եվրոպաբնակ հայ կանանց միություն», որն առաջիկայում առավել ակտիվ գործունեություն է ծավալելու:
Ստորև ներկայացնում ենք Անի Քոչարի պատասխանները` Asekose.am-ի բլից հարցերին:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Կյանքիս մեծագույն պարգևը որդիս է, իսկ գործնական ձեռքբերումներ շատ են եղել, ձախողումներ` նույնպես, բայց որպես այդպիսին մեծ ձախողում, փառք Աստծո, չեմ ունեցել և հուսամ` չեմ ունենա:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Շատ բաներ կան, որ կցանկանայի փոխել, սակայն մշտապես փորձում եմ ինքս ինձ փոխել նույն սխալները չկրկնելու համար: Անսխալական մարդ չկա:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Գերզգացմունքային, հյուրընկալ, խենթ:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Երբեք չհանձնվել և բարին գործել ամեն դեպքում:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:
Ես երբեք վատ չեմ զգում սխալս ընդունելուց և ներողություն խնդրելուց, շատ հաճախ կարող եմ ասել: Ցանկանում եմ հենց հիմա ներողություն խնդրել բոլոր այն հիվանդ մարդկանցից, որոնց դեռևս չեմ հասցրել տեսակցել, սակայն նրանք ու նրանց հարազատները սպասում են իմ այցին: Հազար անգամ կներեք, չեմ հասցնում, բայց ջանում եմ ըստ հերթականության այցելել:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ամեն Աստծո օր որդուս եմ ասում, որ սիրում եմ, որ իմ արևն ու լույսնն է, ինչպես նաև մայրիկիս, երբ վերադառնում էր Հայաստան:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Եթե շուրջս այսքան վատառողջ հայրենակիցներ չտեսնեի, եթե երկրումս պատերազմ չլիներ, եթե ծնողներս կողքիս լինեին, եթե իմ հայրենիքում լինեի:
Երազում եմ, որ…
Որդիս լինի առողջ և արժանի մարդ մեծանա:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Բամբասանքներն ինձ համար զազրելի են, միշտ ապշել եմ մարդկային երևակայության վրա, և այն տարածում են որպես կանոն քեզ առհասարակ չճանաչող մարդիկ:
Կյանքի ամենամեծ հիասթափությունը:
Շատ անձնական է, իսկ անձնական կյանքս որոշել եմ մեկընդմիշտ փակ պահել: Միայն մեկ բան կասեմ, որ հիասթափությունն առավել սարսափելի է, քան ատելությունը, այն փշրում է իդեալներդ, կատարյալ պատկերացումներդ, սերդ, հարգանքդ, ամեն ամեն բան:
Արարք, որի համար զղջում եք:
Փորձում եմ իմ մեջ միշտ ուժ գտնել և որևէ բանի համար չզղջալ, այլ միայն դասեր քաղել և առավել փորձված և իմաստնացած կյանքս ապրել:
Երբեք չեմ…
Երբեք չեմ ասում երբեք: Կյանքը ցույց է տալիս, որ այն, ինչ մի ժամանակ բացառում էիր, հետդ պատահում է, կամ մի մեծ փակուղու առաջ ես կանգնում և անում բաներ, որ երբևէ չէիր ցանկանա անել;
Ինչի՞ց եք վախենում:
Գուցե չհավատաք, սակայն վախեր չունեմ, ամեն բան լինում է, քանզի պետք է, որ լինի, և թող որ միայն Աստծո կամքը լինի:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Արտասվել, ախ, ես արտասվում եմ ամեն օր: Ես այնպիսի աշխատանքով եմ այժմ զբաղված, որ ինձ հաճախ է ստիպում հուզվել, և բացի այդ, այնքան զգացմունքային եմ, որ անգամ ֆիլմից կամ թատերական ներկայացումից կարող եմ հուզվել:
Որոշում կան հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:
Կարծում եմ` յուրաքանչյուր որոշում և հանդիպում ճակատագրական է, լավ թե վատ, տեղին թե անտեղին, ոչինչ պատահական չի լինում: Սակայն ամենամեծ ճակատագրական որոշումս Հայաստանից մեկնելն էր: Մեր կյանքը մի մեծ ընտրություն է, յուրաքանչյուր օր որոշում ենք, ընտրում, … ապրում, և միայն ժամանակն ու կյանքը ցույց կտա, որն էր բարին: