Ասում է Արթուր Աբրահամը
Հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, կամ ինչպես նրան անվանում են բռնցքամարտի աշխարհում՝ Արթուր Թագավորը, ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր հաղթանակից հետո Հայաստան գալը: Ասում է` գալիս է շփվելու, հաղթանակը կիսելու: Սիրով ու պատրաստակամությամբ հարցազրույց է տալիս: Արթուրը թեև Գերմանիայի դրոշի տակ է հանդես գալիս, երբեք առիթը բաց չի թողնում նշելու իր հայ լինելը: 27-ամյա բռնցքամարտիկը ծնվել և մեծացել է Հայաստանում: Նա պատմում է, որ 1995-1999 թվականներին ծնողների հետ Գերմանիայում է ապրել: Հետո վերադարձել է Հայաստան, քանի որ ցանկացել է օլիմպիադայի մասնակցել, բայց չի ստացվել. «Գնացի բանակ, 1999-2001թ. ծառայել եմ: Եվ քանի որ եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մեծ մրցումներում եմ հաղթել, որոշեցի դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ: Հայաստանում պրոֆեսիոնալը բարձր մակարդակի վրա չէ, այդ իսկ պատճառով գնացի Գերմանիա, փորձեցի այնտեղ ուժերս ստուգել, ստացվեց: 2003թ. օգոստոսի 16-ին իմ առաջին մենամարտն էր»:
Արթուր Աբրահամն իր վերջին մենամարտում հաղթեց նույնպես հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գևորին` տանելով իր 24-րդ անընդմեջ հաղթանակը, որոնցից 19-ը` նոկաուտով: Ի դեպ, նախատեսվում էր, որ Արթուրը կռվելու է ավստրալացի բռնցքամարտիկ Սիմ Սոլիմենի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր մարտից: Փոխարենը, Արթուրին մենամարտի հրավիրեց Խորեն Գևորն ու պարտվեց:
– Արթուր, օրինակ, ԱՄՆ-ում շատ լավ են ընդունում, երբ երկու ամերիկացիներ իրար դեմ են կռվում: Իսկ մեզ մոտ այդ փաստը շատ ծանր տարան: Ի՞նչ ես կարծում, պատճառը ո՞րն էր:
– Մենք փոքր ազգ ենք, իսկ Ամերիկայում մարդիկ շատ-շատ են: Հետո, մերոնք ուզում են, որ Հայաստանից դուրս գոնե հայերն իրար դեմ դուրս չգան: Եթե ուրիշի դեմ դուրս գան ու հաղթեն, Հայաստանի պատիվն են բարձրացնելու: Իսկ երբ երկու հայ իրար դեմ են դուրս գալիս, դա լավ չէ: Օրինակ, իմ հակառակորդը` Խորեն Գևորը, մամուլի ասուլիսի ժամանակ բոլորին հայտարարեց, որ ինքն ինձ նոկաուտ է անելու կարճ ժամանակում, ու քանի որ իր կինը հղի է, հաղթանակը նվիրելու է նրան:
– Այս դեպքում մարտի ընթացքում քեզ հայերեն լեզվով տրվող հրահանգները մրցակիցդ հասկանում էր, առիթից չէ՞ր օգտվում:
– Հասկանում էր, բա ի՞նչ էր անում: Ու երբ եղբայրս այնտեղից ասում էր` աջից, ձախից և այլն, ինքը հասկանում ու այդ պահին պատրաստվում էր: Բայց դե դա էլ չօգնեց:
– Վերջին երկու մարտերի ընթացքում ծնոտիդ վնասվածքն իրեն զգացնել չի՞ տվել:
– Չէ, ընդհանրապես: Վնասվածքն արդեն լրիվ անցել է, ուղղակի պտուտակները դեռ իմ ծնոտի մեջ են: Բայց դա չեմ էլ զգում: Կգա ժամանակ, դրանք էլ կհանեմ, հատկապես, եթե էլի վնասվածք ստանամ:
– Շատ էր խոսվում նաև քո` Ամերիկա տեղափոխվելու մասին: Բայց կարծես այս տարի չի ստացվի, այդպե՞ս է:
– Մենք ուզում էինք գնալ այնտեղ այս տարվա վերջին, պարզապես HBO-ն` բռնցքամարտի ամենամեծ ֆեդերացիան, ասաց, որ այս տարի իրենց պլանների մեջ դա չի մտնում, ուրիշ նախագծեր ունեն: Դրա համար էլ մյուս տարվա մեջ պետք է գնանք:
– Վերջին մարտում ավելի շատ պաշտպանվում էիր: Նոր տակտիկա՞ է, այդպես շարունակելո՞ւ ես:
– Դա իմ մենամարտելու ձևն է: Ես չեմ սիրում մտնել ռինգ ու անմիջապես հարձակողական դիրք ընդունել: Ես կարող եմ մտնել ու առաջին ռաունդից հարձակվել: Բայց դա խելացի չէ բռնցքամարտիկի կողմից, որովհետև, երբ առանց մտածելու անընդհատ հարձակվում ես, կարող է չզգաս, ու հակառակորդդ միանգամից ուժեղ հարված հասցնի, քանի որ ինքն ավելի թարմ է: Դրա համար ես շատ զգույշ եմ:
– Չե՞ս գտնում, որ Վիկ Դարչինյանը հենց այդպես պարտվեց:
– Վիկը նույնիսկ ոչ թե մեկ վայրկյան, այլ կես վայրկյան ուշադիր չեղավ ու հարված ստացավ:
– Իսկ ի՞նչ ես կարծում, արժե՞ր, որ Վիկը միանգամից երկու չեմպիոնական գոտին էլ մարտի դներ:
– Մարդ կա, անընդհատ ուզում է առաջ գնալ, չի ուզում կանգնել ու տեղում պտտվել: Դա մարդու բնավորություն է: Դրա համար էլ բոլորն էլ ավելի շատ բան ձեռք բերելու ցանկություն ունեն: Ես էլ հիմա մեկ գոտի ունեմ, բայց ուզում եմ ևս մեկն ունենալ, քանի որ որպես բռնցքամարտիկ՝ անունս ավելի կբարձրանա:
– Վիկի պարտությունը բոլորս շատ վատ ընդունեցինք: Իհարկե, Աստված չանի, բայց դու պարտության պատրա՞ստ ես:
– Ես ընդհանրապես պարտությունների պատրաստ չեմ ու նման բաների մասին չեմ մտածում:
– Ծանր քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները միշտ նշում են, թե որքան գումար են ստանալու մարտից: Քո դեպքում երբեք չեմ լսել, որ նշես, գաղտնի՞ք է:
– Դուք մի մտածեք, թե նշողները միշտ ճիշտ գումարն են ասում: Միշտ էլ 30-40 տոկոսն են հազիվ ասում: Բայց կարող եմ ասել, որ գումարներն ընդհանրապես բավական մեծ են, համարյա միլիոնին հասնող: Բայց սկզբում շատ քիչ է, սկսում են երևի 2000 եվրոյից, ու ինչքան մակարդակդ բարձրանում է, այդքան ավելի շատ ես ստանում: Պետք է անուն ձեռք բերես, որ նման գումարներ ստանաս:
– Իսկ պարտվողները գումար ստանո՞ւմ են:
– Իհարկե, պարտվես թե հաղթես, գումար հասնում է: Կարող է հաղթելու դեպքում մի քիչ ավելի շատ տան:
– «Թագավոր» մականունդ ինչպե՞ս ես ստացել:
– Իմ մականունը մենք մեր ակումբի հետ միասին որոշեցինք: Արթուր թագավոր եղել է, և մենք որոշեցինք, որ այդպիսի մականունով բռնցքամարտիկ էլ լինի, որպեսզի իմիջն ավելի բարձր լինի: Դրա համար էլ ռինգ եմ դուրս գալիս թագավորական թագով ու շորերով, որոնք հատուկ կարվում են: Բայց մյուս մենամարտիս արդեն ուրիշ հագուստով կլինեմ, նոր եմ կարել տալու, քանի որ ես անընդհատ նորություններ եմ սիրում, չեմ սիրում մի բանը բռնցքամարտիկի իմ ողջ կարիերայի ընթացքում հագնել: Էլի թագավորի հագուստ է, պարզապես գույնը կփոխեմ ու ձևը:
– Անցած անգամ, երբ Հայաստանում էիր, մտադիր էիր ընտանիքիդ տեղափոխել Գերմանիա: Բայց ծնողներդ դեռ այստեղ են, չէ՞:
– Ծնողներս այստեղ են ապրում, բայց անընդհատ գալիս-գնում են: Ես հիմա հայրիկիս հետ եմ եկել, մայրս երեք շաբաթ առաջ էր վերադարձել: Իրենք ինչպես ուզում են, անում են. գալիս են այստեղ մեկ ամսով, Գերմանիայում են 4 ամիս մնում: Կարևորը, որ իրենք իրենց լավ զգան, կապ չունի, թե որտեղ կլինեն:
– Մայրդ մենամարտերդ դիտո՞ւմ է:
– Օրինակ, այս անգամ նայել է մինչև երկրորդ ռաունդը: Անցած անգամ` առաջինը: Սկզբից դիմանում է, 1-2 ռաունդ նայում է, հետո էլ չի դիմանում: Հետո իրեն ասում են արդյունքը:
– Կլիչկո եղբայրները միշտ ասում են, որ երբեք իրար դեմ դուրս չեն գա` թեկուզ միայն մորը չնեղացնելու համար: Իսկ դու և եղբայրդ` Ալեքսը, հնարավո՞ր է մի օր իրար դեմ կռվեք:
– Չէ, մենք կյանքում իրար դեմ դուրս չենք գա: Նույնիսկ պարապմունքներին ընդհանրապես սպարինգ չենք անում իրար դեմ: Ո՞նց կլինի այդպես: Ես չեմ կարող իմ եղբորը խփել: Նման բան անհնար է:
– Իսկ Ալեքսը չի՞ պատրաստվում արդեն չեմպիոնական տիտղոսների համար տարվող մենամարտերի անցնել:
– Ինքը վերջին երկու մենամարտում բավական ուժեղ հակառակորդների հաղթեց ու IBF-ում դարձավ 12-րդը: Դա շատ մեծ բան է: Հիմա ուզում ենք, որ մտնի լավագույն տասնյակի մեջ, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել աշխարհի առաջնությանը: Ասելը շատ հեշտ է, բայց աշխարհի տասը լավագույնների մեջ մտնելը շատ դժվար խնդիր է: Ես էլ եմ այդպես սկսել, գիտեմ:
– Նա քանի՞ տարեկան է, այսինքն, դեռ որքա՞ն ժամանակ ունի:
– Ինձանից մեկ տարով փոքր է, 26 տարեկան:
– Իսկ դու մինչև ո՞ր տարիքը կլինես բռնցքամարտում:
– Դա բռնցքամարտիկից է կախված: Օրինակ, ես երկար չեմ ուզում մնալ, երևի մի 5-7 տարի դեռ կշարունակեմ: Իսկ ընդհանրապես կան բռնցքամարտիկներ, որոնք 40 տարեկանում հիմա աշխարհի չեմպիոն են:
– Մարտերից հետո հաղթանակը նշելու ուժ մնո՞ւմ է:
– Իհարկե: Ճիշտ է, կռվից անմիջապես հետո դոպինգ-ստուգումն է, դա անցնելուց հետո միայն պետք է գնաս: Բայց մենամարտին հատուկ հյուրեր են գալիս Հայաստանից՝ այնտեղից, որոնց հետ պետք է նշես: Այնտեղ հատուկ տեղ է վերցված, որ բոլորը գան, նշենք:
– Մի քանի ամիս առաջ, երբ կրկին այստեղ էիր, կատակեցիր, թե հայ աղջիկները քեզ չեն հավանում: Իսկ եթե լուրջ խոսենք, ինչ-որ մերժում ստացե՞լ ես:
– Չէ, մերժում չեմ ստացել, դա ուղղակի կատակ էր:
– Հաջորդ մարտդ դեկտեմբերին է: Որերո՞րդ ռաունդում մրցակցիդ նոկաուտի կենթարկես:
– Ես ոչինչ խոսք չեմ տալիս, որովհետև եթե մի բան խոստանամ, պետք է խոստումս կատարեմ, նման մարդ եմ: Ես կհաղթեմ, բայց նոկաուտո՞վ, թե՞ միավորներով, չեմ կարող ասել:
Զրուցեց Նատաշա Հարությունյանը
«3 Միլիոն»