Արկադի Փելեշյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Որոշման տեքստն այսօր է տեղադրվել կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն խորհրդարանն էր տվել՝ ապրիլի սկզբին։ Իշխանական «Իմ քայլն» էր նախաձեռնել օրենքի փոփոխությունը՝ հայտարարելով, թե սրանով կհանգուցալուծվի արդեն չորս ամիս ղեկավար չունեցող Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակը։
Ուշագրավ է, որ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ ոչ թե իր թիմակիցներից մեկի, այլ ճամբարափոխ նախկին պաշտոնյայի վրա, ով բացի ճամբարափոխությունից աչքի է ընկել նաև իր կիսաքրեական կապերով և այն քրեական պատմություններով, որոնց թիրախում հայտնվել է: 2015-ին Փելեշյանին մեղադրանք Էր առաջադրվել ծեծի հատկանիշներով, նա ստորագրությամբ ազատ Էր արձակվել իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի և որոշ ՀՀԿ–ականների միջնորդությամբ։ Փելեշյանը սկզբում ՕԵԿ անդամ էր, այնուհետև համագործակցում էր ՀՀԿ–ի հետ, հիմա էլ հանդես է գալիս իր սեփական քաղաքական ուժով՝ ըստ էության ծառայելով օրվա իշխանություններին:
Սակայն, պարզվում է, բացի կրիմինալ բնույթի սկանդալների մեջ հայտնվելուց, Փելեշյանը նաեւ բարեխղճորեն չէր կատարում իր վարչական պարտավորությունները: Վանաձորի քաղաքապետարանի կայքում կարելի է գտնել համայնքի նախկին ղեկավարի՝ Սամվել Դարբինյանի 2016 թ. հուլիսի 25-ի որոշման նախագիծը՝ Արկադի Փելեշյանին հասարակական նշանակության շինության, գույքահարկի եւ հողի հարկի գումարների գանձման պահանջ ներկայացնելու մասին: Վարչական ակտի ընդունման պատճառը եղել է այն, որ Փելեշյանը, հանդիսանալով Վանաձոր քաղաքի Դեմիրճյան 13 բ հասցեի անշարժ գույքի սեփականատեր եւ հանդիսանալով հարկվող օբյեկտ, չի կատարել հարկային պարտավորությունը: Անշարժ գույքի գույքահարկի համար վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 109 հազար 545 դրամ: Ա. Փելեշյանը «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել նաեւ հողի հարկ վճարելու իր պարտականությունը: Այս մասով ընկերության պարտքը կազմել է 4 հազար 920 դրամ: Ա. Փելեշյանից, սույն ակտով, որոշվել է հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել ընդհանուր առմամբ 114 հազար 465 դրամ:
Հասկանալի է, որ Փաշինյանի ընտրությունը պատահական չէ, որ կանգ է առել հենց Փելեշյանի վրա. ըստ էության, Վանաձորի գալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ի հույսը հենց Ակկայի ռեսուրսներն ու շրջապատն է, որն էլ պետք է ձայն բերի իշխող քաղաքական ուժի համար: Իսկ սեփական կադրային ռեսուրսը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հիասթափեցրել է՝ Վանաձորում ՔՊ համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը, հիշեցնենք, ընտրություններում պարտվել էր անգամ սեփական վարչական շրջանում…