Աշխարհում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը հասել է 219-ի այն երկրներից դուրս, որտեղ հիվանդությունը էնդեմիկ է համարվում, վկայում է Եվրոպական միության հիվանդությունների վերահսկման գործակալության կողմից հրապարակված թարմացված տեղեկատվությունը։
Ավելի քան մեկ տասնյակ երկրներ, հիմնականում Եվրոպայում, որտեղ կապիկի ծաղիկը հազվադեպ է, հայտնել են առնվազն մեկ հաստատված դեպքի մասին, ըստ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) համաճարակաբանական գրառման, որը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է Medical Xpress-ը:
«Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպայում հաղորդվում են վարակի փոխանցման շղթաների մասին՝ առանց Արեւմտյան կամ Կենտրոնական Աֆրիկայի հետ հայտնի համաճարակաբանական կապերի, որտեղ հիվանդությունը էնդեմիկ է»,- ասվում է գրառման մեջ:
Այն հավելում է, որ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդկանց մոտ, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել տղամարդկանց հետ։
Մեծ Բրիտանիայում, որտեղ առաջին անգամ մայիսի սկզբին հայտնաբերվել է կապիկի ծաղիկը, ներկայումս հաստատված ամենաշատ՝ 71 դեպք կա:
Նրան հաջորդում են Իսպանիան՝ 51 եւ Պորտուգալիան՝ 37։
Եվրոպայից դուրս Կանադայում գրանցվել է 15 դեպք, իսկ ԱՄՆ-ում՝ 9։
Չորեքշաբթի օրը գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հինգ անգամ ավելացել է մայիսի 20-ի համեմատ, երբ ԵՄ գործակալությունը հայտնել էր 38 դեպքերի մասին։
Վարակման վտանգը «շատ ցածր է»,- ավելի վաղ ասել էր ECDC-ն՝ միաժամանակ զգուշացնելով, որ այն մարդիկ, ովքեր ունեցել են բազմաթիվ սեռական զուգընկերներ՝ անկախ սեռական կողմնորոշումից, մեծ ռիսկի են ենթարկված:
Կապիկի ծաղիկը ավելի պակաս ծանր հիվանդություն է, քան նրա ազգակից բնական ծաղիկը եւ ավելի էդեմիկ է Արեւմտյան ու Կենտրոնական Աֆրիկայի 11 երկրներում:
Այն փոխանցվում է վարակված կենդանու խայթոցի կամ արյան, մսի կամ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Առաջին ախտանշանները ներառում են բարձր ջերմություն, որն արագ վերածվում է ցանի։
Վարակված մարդկանց մոտ ձեռքերի եւ դեմքի վրա նույնպես ջրծաղիկի նման ցան է առաջանում։
Չկա բուժում, բայց ախտանիշները սովորաբար անհետանում են երկու-չորս շաբաթվա ընթացքում, եւ հիվանդությունը սովորաբար մահացու չէ: