«Մշակույթի ոլորտում առաջիններից մեկն եմ եղել, որ շատ հստակ արտահայտել եմ դիրքորոշումս՝ օրվա իշխանությունների դեմ և մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը, խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական լարված ճգնաժամի մասին։
Դերասանը հավելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում. «Այնտեղ հավաքվածները սկսել են ու գնում են փոփոխությունների ճանապարհով։ Թե ո՞ւր կհասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբված մարդիկ, սա, արդեն, ցույց կտա ժամանակը։ Կարող եմ միայն հավելել, որ ես էլ նրանցից մեկն եմ, որը քայլում է նույն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Հարցին՝ ի՞նչն է դերասանին առավել զայրացրել՝ օրվա իշխանությունների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրույթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին. «Փորձեք պատկերացնել, որ սա զայրույթ չէ, այլ ավելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում…Ինչ ուզում եք անվանեք դրան։ Իրականությունն այն է, որ պարտված և կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը չի կարող և իրավունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տվել։ Նրան ոչինչ պետք է չասվեր այս մասին, նա պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ լուռ և սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացներ ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպես չեղավ։ Աշխարհում, անգամ, նման նախադեպ չկա, գոյություն չունի, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտոնավարումը։ Եվ խնդիրը պատերազմում մեր տարած պարտությունը կամ ձախողված արտաքին քաղաքականությունը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթն է ջախջախված վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Հավանաբար, նա շատ է սիրում պաշտոնը և ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպված է լինելու պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, որ կատարել և թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքում։ Կամ, գուցե, գոյություն ունի ավելի սարսափելի մի վարկած՝ նա դեռևս անելիք ունի իր տերերի առաջ՝ երևի դեռ մինչև վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականորեն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝բացառապես ամեն բան բարդել, այսպես կոչված, նախկինների վրա. «Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղավորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը և պատճառաբանեմ, արդարանամ, թե մեղավորը ես չեմ, նախկինների օրոք կառուցված թատրոնի շենքը, պատերը, բեմը կամ լույսերն են մեղավոր, որ ես չեմ կարողանում, ինչպես հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանությունը։ Սա, ուղղակի, անբարոյականություն է, այլ մեկնաբանություն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երևույթը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Խոսելով երկրում ստեղծված իրավիճակում լոյալություն և լռության քաղաքականություն որդեգրած իր կոլեգա արվեստագետների և մտավորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մեջ խոսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկյունը. «Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտավորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր -մունր հարցերով էլ պետության աջակցությունը չեն ստանա, ինչ – ինչ կենցաղային բնույթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանա լուծել, որոնք նրանց հաջողվում է այս կամ այն պաշտոնյային քծնելու արդյունքում և այլն։ Գիտե՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ – որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետության համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խոսել Ազգային հերոսի կոչում ստացած արվեստագետը (անուններ չտանք), սա, արդեն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին և վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագույն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜վ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի…Ամոթ է, ուշքի եկեք»։
Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լավ հասկանում և հաշիվ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանությունների պարագայում, դա անհետևանք չի մնալու. «Եվ, ահա, որպես հետևանք եղավ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց մի՞թե այդ, այսպես ասած, անհաջողությունը հավասարազոր է այն արհավիրքին, որի առաջ հիմա հայտնվել է մեր երկիրը, այն է՝ բառացիորեն չլինելու վտանգի մասին է խոսքը», -ասում է Տիգրան Ներսիսյանը։
Ամփոփելով զրույցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնության մասին, որով վերջիններս պատրաստվում են չեղարկել վաստակավորի և Ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպես հիմնավորում նշվում է, թե աշխարհի որևէ զարգացած երկրում նման պրակտիկա չկա։
Տիգրան Ներսիսյանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղյակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնություն կա. «Գիտե՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթությունն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցե աշխարհում Վաստակավորի և Ժողովրդականի պրակտիկա չկա, բայց սրանք, գոնե, տեղյա՞կ են, թե աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպե՞ս են մեծարում իրենց արժանի մտավորականներին ու արվեստագետներին։ Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակավոր կոչում կա, «Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետությունը՝ շնորհելով իր այս կամ այն մտավորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում և ցույց է տալիս, թե ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնությամբ… Հերթական անգամ նվաստացնո՞ւմ են մտավորականին, որովհետև, եթե նրանք չեղարկում են Վաստակավորի և Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թե ինչպե՞ս են փոխարինելու վաստակի արժևորման երևույթը։ Ի վերջո, խոսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երևույթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանությունն, ինչպես ամեն լավ ավանդույթ։ Տեղյակ են, արդյո՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ ավտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ ավելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրենքը չեղարկողները տեղյա՞կ են։ Եվ հետո, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդեն լուսահոգի Վաստակավորների և Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արվեստագետների հետ, ովքեր դրանք արդեն ունեն։ Հասկանում եք չէ՞, որ արժեքների հերթական խեղաթյուրման հետ գործ ունենք։ Արժեքային համակարգը մի երևույթ է, որ, այդպես էլ, չհանդուրժեց այս իշխանությունը՝փորձելով ամեն տեղից ջնջել ու մաքրել դա։ Հետևաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրվա իշխանություններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ հանձնեն, գուցե պարզվի, որ իրենք հայ չեն ու որևէ կապ և առնչություն չունեն հայ տեսակի հետ»,- ամփոփելով զրույցն ասում է դերասան, արվեստի Վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը։
Աղբյուր` pastinfo.am