Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ «Հետք»-ի նկարահանող խումբը հուլիսի 13-ին արձանագրել է, որ Հատիս լեռան վրա նոր ճանապարհների ակտիվ կառուցման աշխատանքներ են ընթանում։
Ճանապարհներից մեկը սկիզբ է առնում Ակունք խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կոտայք գյուղից Կապուտան գյուղ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրից և բարձրանում է մինչև Հատիս լեռան գագաթ։ Սա նույն այն ճանապարհն է, որով օրեր առաջ բարձրացել էին գործարար Գագիկ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլք։ Հուլիսի 9-ին Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ տեղի էր ունեցել հանդիսավոր միջոցառում։ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ ճանապարհն ուղղակի հարթեցվել է, ոչ թե նոր ճանապարհ է կառուցվել։
Մեր տեսախցիկն արձանագրել է, որ ոչ թե ճանապարհի հարթեցման աշխատանքներ են ընթանում, այլ բոլորովին նոր ճանապարհ է կառուցվել և շարունակում է կառուցվել։ Բացի ճանապարհի կառուցումից, ճանապարհին զուգահեռ էլեկտրական լարերի համար սյուներ են տեղադրվում։ Դեպի լեռան գագաթ տանող մոտ 1.5 կմ երկարությամբ հատվածում սյուներն ամրացված են և շարունակում են տեղադրվել։ Հատիս լեռան գագաթ հասնելու համար մյուս ճանապարհը կառուցվում է Զովաշեն գյուղի սկզբնամասից։ Այս հատվածում ևս ֆիքսել ենք ճանապարհ կառուցող ծանր տեխնիկայի աշխատանքը։
Արբանյակից արված լուսանկարների՝ Google Earth ծրագրի միջոցով տեսնում ենք, որ 2019 թ.-ի դրությամբ Հատիս լեռան գագաթ տանող ավտոճանապարհ որպես այդպիսին գոյություն չունի։ Կա ճանապարհի նմանվող ուղի, որն առաջացել է մեքենաներով սարը բարձրանալու հետևանքով, այլ ոչ թե հատուկ կառուցվել է։
Ամբողջությամբ՝ hetq.am