Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդում պատերազմից հետո առաջին անգամ հունձ են արել։ Ցորենի դաշտերի զգալի մասը գյուղի վերին հատվածի հետ ադրբեջանական օկուպացիայի մեջ է։ Գյուղի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում ընդամենը 132 հա է մնացել՝ այն էլ պայմանական սահմանի երկայնքով։ Թշնամու քթի տակ թաղավարդցիներն այդ դաշտերը ցանել, բերքն էլ արդեն հավաքել են։
«128 հ աշնանացան ցորեն կար, 5 հա էլ՝ գարնանացան։ 4-5 հա է մնացել, որ հնձենք։ Բերքատվությունն էլ բավականին բարձր էր․ միջինում 22 տոննա 1 հա-ից հնձել ենք։ Քանի որ սահմանամերձ հատվածում են դաշտերը, ռուս խաղաղապահները եկել են կանգնել, հնձել ենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը։
Անմշակ չի մնացել ոչ մի տնամերձ հողատարածք։ Գյուղի մնացյալ փոքրիկ մասում 164 ընտանիք, որոնցից 8-ը վերաբնակեցված, շարունակում են արարել։ Խմելու ջրի խնդիրն էլ են աստիճանաբար լուծում։ Քանի որ գյուղի՝ թշնամու բռնազավթած հատվածում է մնացել նաև խմելու ջրի ակունքը, արտեզյան հորեր են բացել․ թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրն այդտեղից են ստանում։
Բադասյանն ուրախությամբ արձանագրում է՝ գյուղից դուրս եկող չկա, ցանկացող էլ չկա։
«Ապրիլի 25-ից այս կողմ, բարեբախտաբար, թշնամու՝ գյուղը լքելու կոչերը գյուղում չեն լսվել։ Իհարկե, մինչ այդ էլ թեկուզ օրը մի քանի անգամ կոչեր էին հնչեցնում, բայց էլի բանի տեղ դնող չկար․ մարդիկ իրենց հայրենի օջախները թողնելու մասին չէին մտածում, հիմա ՝ առավելևս։ Զոհվածների ընտանիքներին պետությունը ջերմոցներ է բաժանել, մի քանի հոգի էլ բիզնես ծրագրերով են սարքել ու այդպես շենացնում են գյուղը։ Եվս 18 ջերմոց շուտով կբերեն, կբաժանեն գյուղացիներին․ ճիշտ է, արդեն 60 դիմումատու ունենք, ովքեր ցանկություն են հայտնել ջերմոցային տնտեսությամբ զբաղվել, բայց նրանցից կընտրվեն 18-ը»-ասաց մեր զրուցակիցը։
Ռուդիկ Բադասյանի դեմքի գոհունակ արտահայտությունն անմիջապես փոխվում է, երբ հայացքը գյուղի դիմացի անտառին է գցում։ Թաղավարդից ամեն օր նա տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օր օրի ավերում, ոչնչացնում երբեմնի սաղարթախիտ անտառները և ճանապարհներ ու թունելներ կառուցում՝ Արցախի բռնազավթած տարածքներին կապվելու համար։
«Դիմացի անտառը լրիվ ոչնչացրել են, անտառ չի մնացել․ մի 4-5 –ճանապարհ են սարքել անտառի միջով․ մեկը դեպի իրենց դիրքեր է տանում, մեկը զորանոցներ, մի ճանապարհ էլ Մեծ Թաղերից գալիս, մեր գյուղի կողքով անցնում, ձգվում է դեպի Զարդանաշեն՝ պղնձի հանք։ Վաղուց դրանք աչք ունեին այդ հանքի վրա, դրա համար էլ, հենց բռնազավթեցին գյուղը, անմիջապես սկսեցին ճանապարհ կառուցել»,-ասում է Բադասյանն ու հավելում՝ մի օր հետ ենք բերելու կորցրածը։