Մանանա Ասլամազյանի հիշատակին. media.am
Advertisement 1000 x 90

Մանանա Ասլամազյանի հիշատակին. media.am

Մեդիա փորձագետ, լրագրող Մանանա Ասլամազյանին ճանաչած բոլոր մարդիկ (իսկ դրանք շատ-շատ են  թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում) գիտեին, զգում էին, որ նրա հետ շփումը, թեկուզ հպանցիկ ու կարճատև, անպայման մի լավ բանի սկիզբ էր լինելու։

Նրա սուր ու բարյացակամ հայացքը միանգամից որսում էր քո ներուժն ու նույնիսկ անկախ քո կամքից դրդում հավատալ, որ շատ բան կարող ես անել։ Ստեղծագործել, արարել, սովորել, որոշում կայացնել, թեկուզ մեկին զանգահարել, մյուսին պատասխանել, խորհուրդ հարցնել, խորհուրդ տալ։ Այսինքն՝ հենց հիմա անել մի բան, որը կլցնի քո կյանքը։ Կամ օգուտ կբերի մյուսին։

Երևի դա ամենաթանկ մարդկային հատկությունն է՝ կարողանալ լինել ցանկալի ու օգտակար զրուցակից կյանքի ամենաբարդ ու ամենաուրախ իրավիճակներում։

Մանանա Ասլամազյանը այդպիսին էր: Մարդ-կամուրջ էր, միշտ շատ սթափ, հաճելի ու բաց։ Շատ արագ կողմնորոշվող ու արագ էլ կողմնորոշող դիմացինին։ Եվ ամենակարևորը՝ շատ ազնիվ։

Իրեն ճանաչող մարդիկ գիտեին, որ կարելի է ցանկացած խորհուրդ հարցնել Մանանայից ու ստանալ ոչ թե լղոզված ու կոմպլիմենտար պատասխան, այլ իրոք արժեքավոր արձագանք։

Հիմա նա չկա։ Անհեթեթ ու ողբերգական ավտովթարի պատճառով ընդհատվեց այդ մեծ մարդու կյանքը, որը լի էր էներգիայով, կենսուրախությամբ ու անավարտ մնացած երազանքներով։

Լրագրության ոլորտում նրա ներդրումը դժվար է գերագնահատել։ Երկար տարիներ ղեկավարելով անկախ լրատվամիջոցներին աջակցող «Ինտերնյուսի» աշխատանքները Ռուսաստանում, նա մի քանի սերունդների լրագրողների ու մեդիա մենեջերների համար դարձավ կնքամայր։ Եվ իրոք թե՛ մայր էր, թե՛ որակի կնիքի գինը իմացող մասնագետ։

Մանանա Ասլամազյանը շատ բանի միջով է անցել։ Եվ շատ անգամ իր գործը սկսել զրոյից՝ թեև թևաթափ եղած, բայց նույն եռանդով ու սիրով։ Նա սիրում էր իր գործը, սիրում էր իր ընկերներին ու ուսանողներին։ Սիրում էր կյանքը։ Սիրում էր ազատությունն ու ազատ մարդկանց։

Ազատ ու անկախ լրատվական դաշտը Ռուսաստանում նեղանում ու սեղմվում էր արդեն վաղուց։ Եվ Մանանա Ասլամազյանը դիմադրում էր դրան որքան կարող էր («Ինտերնյուսի» ռուսական մասնաճյուղի աշխատանքների արգելքը շատ ծանր հարված էր իր համար)։ Երբ փակվում էր իր մայրաքաղաքային նախագծերը, նա տեղափոխվում էր մարզեր ու այնտեղ օգնում կայանալ ազատ մտածող լրագրողների միավորումներին։ Հետո դա էլ դարձավ անհնարին։

2007-ին նրա դեմ Ռուսաստանում  շինծու քրեական գործի հարուցումից (որը հետագայում մեղմվեց) մի քանի տարի հետո Մանանան վերադարձավ Հայաստան ու աշխատեց այստեղ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (այն տարիներին կազմակերպությունը կոչվում էր Ինտերնյուս Հայաստան)։

Վերջին տարիներին նա իր փորձով օգնում էր միջինասիական պետությունների լրատվամիջոցներին, իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝ նորից տեղափոխվեց Հայաստան։

Նա եկավ Հայաստան, որը շատ էր սիրում, իրեն մի քիչ հոգեպես ավելի հանգիստ զգալու համար։ Եվ ճակատագրի դառը հեգնանքով՝ այստեղ էլ մահացավ։

Մանանա Ասլամազյանի մահվան բոթին դժվար է հավատալ։ Կարծես մահն էլ էր նրան հարգում ու կամացուկ հեռանում նրա կողքից (երբ հաղթահարեց ծանր հիվանդությունը)։

Բայց 2022-ի օգոստոսի 30-ին այդ շողշողացող, բանիմաց, ոգևորող ու ոգևորվող, արագ ու անվրեպ դատող մարդը հեռացավ կյանքից անսպասելիորեն, կարծես հուշելով, որ կյանքի իմաստը մեր թողած հետքերն ու կամուրջներն են։

Մանանա Ասլամազյանի թողած բոլոր կապերն ու կամուրջները հաստատ դեռ երկար պետք կգան։ Եվ մենք նրան անսահաման շնորհակալ ենք։

Եվ պատահական չէ, որ ցավակցական խոսքերում հենց այդ բառն է ամենից շատ հնչում՝ շնորհակալություն։ Արժե ապրել կյանքն այնպես, որ քեզ շնորհակալ լինեն հազարավոր մարդիկ։

Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի ողջ թիմը շնորհակալ է Մանանա Ասլամազյանին։

 Նունե Հախվերդյան

media.am