Դեմքի մկանների ժամանակավոր թուլություն կամ կաթված առաջացնող հիվանդություններ ունեցող երեխաների մեծ մասը վեց ամսվա ընթացքում առանց դեղերի ապաքինվում է, համաձայն Մերդոքի Մանկական գիտահետազոտական ինստիտուտի նոր հետազոտության:
Դրա արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։ Հետազոտողները պարզել են, որ ստերոիդ պրեդնիզոլոնը Բելլի կաթվածից հետո էական ազդեցություն չի թողնում երեխաների վերականգնման վրա։
Հետազոտությանը մասնակցել են վեց ամսականից մինչեւ 17 տարեկան 187 երեխաներ, որոնք շտապ օգնության բաժանմունքներ են ընդունվել Բելլի կաթվածով: Հետազոտությունն անցկացվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Pediatric Research in Emergency Departments International Collaborative (PREDICT) հետազոտական ցանցի 11 շտապ օգնության բաժանմունքներում: Նրանք հավաքագրվել են ախտանիշի ի հայտ գալուց հետո 72 ժամվա ընթացքում եւ 10 օր պրեդնիզոլոնով կամ պլացեբոյով (առանց ակտիվ դեղամիջոցի) բուժում են ստացել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ մի դեղամիջոց չընդունողների 57 տոկոսի մոտ դեմքի ֆունկցիան վերականգնվել է մեկ ամսից, 85 տոկոսի մոտ՝ երեք ամսից, իսկ 93 տոկոսի մոտ՝ վեց ամսից: Նրանք, ովքեր պրեդնիզոլոն են ստացել, 49 տոկոսի մոտ դեմքի ֆունկցիան վերականգնվել է մեկ ամսից, 90 տոկոսի մոտ՝ երեք ամսից եւ 99 տոկոսի մոտ՝ վեց ամսից: Հետազոտության ընթացքում ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել, եւ ամենատարածված անբարենպաստ ռեակցիաները եղել են վարքի ժամանակավոր փոփոխությունները եւ մեծ ախորժակը:
Բելլի կաթվածը, որի դեպքում դեմքի կեսը իջնում է, երրորդ ամենատարածված հիվանդությունն է, որը երեխաների մոտ նյարդային ֆունկցիայի հանկարծակի փոփոխություն է առաջացնում: Շատ դեպքերում դեմքի թուլության ճշգրիտ պատճառը անհայտ է, բայց դա կարող է կապված լինել վիրուսային վարակի հետ: