Սիրտը իմ դարավոր, արդեն ութ հարյուր օր
Բաբախում է լոկ ցավ ու մորմոք
Վիրավոր է հոգիս, պատերազմ է կողքիս
Ինձ սպանել է ուզում ամեն ոք
Ինձ ուզում են ասել, անիմաստ է սպասել
Անիմաստ է կռվել. գործ չունես
Բայց լեռներս են գոռում,- Կհաղթես այս կռվում
Կհաղթես, դու ուրիշ ճար չունես…
Կրկներգ:
Հորս պես իմաստուն, մորս պես անթերի
Մի ծնող էլ իմ հողն է անգին
Կսարքեմ ես նոր տուն վիրավոր քարերից
Ու նորից կբուժվի իմ հոգին
Կտնկեմ այգիներ, կունենամ որդիներ
Որ դառնան ինձ թիկունք ու բանակ
Մեր սրտին զարկ կտանք, կ(ը)երգենք, կժպտանք
Կունենաք սիրելու ժամանակ
Հարազատ, ազգական ու ընկեր իսկական
Ժպտացել են դեմքիս ու դավել
Իսկ ես չեմ չարացել, խաչս չեմ ուրացել
Բան չունեմ իմ պատվից առավել
Մեզ փորձել են փակել և վճիռ են դակել
Որ ջնջեն բոլորիս մեկ առ մեկ
Բայց անցյալն է գոռում,- Կհաղթեք այս կռվում
Կհաղթեք, դուք ուրիշ ճար չունեք
Հեղինակ՝ Ռուբեն Մխիթարյան
Երաժշտական պրոդյուսեր՝ Արաքսյա Մուշեղյան