«Ուրիշ հող էր, կարծես ասեր՝ ինձ համար մի լավ բան արա». Լիբանանից` Աղավնո, Աղավնոյից` Էջմիածին. Թամարի պատմությունը
Advertisement 1000 x 90

«Ուրիշ հող էր, կարծես ասեր՝ ինձ համար մի լավ բան արա». Լիբանանից` Աղավնո, Աղավնոյից` Էջմիածին. Թամարի պատմությունը

Թամար Դումբալյանը դստեր եւ ամուսնու հետ յոթ տարի առաջ Լիբանանից տեղափոխվել էր Արցախ՝ Քաշաթաղի շրջանի գյուղ Աղավնո։

Սակայն օգոստոսի 15-ին` Բերձորի եւ Աղավնոյի` թշնամուն հանձնելուց տասն օր առաջ, ընտանիքը ստիպված լքեց գյուղը։

«Խանումյանը մեզ ասաց` օգոստոսի 25-ին ռուսը դուրս է գալիս, ազերիները մտնեն, ուզում եք` մնացեք, ուզում եմ՝ մի մնացեք։ Ասաց` միայն բնիկ արցախցիներին է Արցախում տուն հասնում։ Երկու շաբաթ առաջ մեզ շտաբից ասացին, որ ձեզ տուն չի հասնում, դուք վերաբնակեցված եք, ձեզ միայն Արցախում է տուն հասնում, ավելի կոնկրետ` Հին Շեն եւ Մեծ Շեն, բայց ես վախենում են այնտեղ տեղափոխվելուց, ամեն ինչ նորից սկսելուց եւ կորցնելուց»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Թամար Դումբալյանը։

Տնից դուրս գալիս Թամարը չի հասցրել տունն այրել։ Ասում է` վերջին օրերին ոստիկաններ էին հսկում, երբ տունդ ամբողջապես դատարկում էիր։

«Ամուսինս հաշմանդամ է, չէր կարող այրել, ես էլ չկարողացա։ Տունս ամենաբարձրն էր գյուղում, ամեն ինչը երեւում էր։ Ոչ թե պետք է վառեինք, այլ պայթեցնեինք։ Բայց ես լավ հայհոյանքներ գրել եմ պատերին իրենց համար, ինչքան էլ մաքրեն, չի մաքրվի։ Ամեն վայրկյան պետք է տեսնեն։ Բայց սիրտս չի հանգստանում։ Որոշ ժամանակ առաջ գիշերը մի քանի հոգի նկարել էին տունս վերեւից։ Ասում էին՝ ձեր տան լույսը վառվում է։ Միշտ մտածում եմ՝ վնասո՞ւմ են տունը, ի՞նչ վիճակում է»,- ասաց Թամարը։

Թամարն ամուսնու եւ 11-ամյա դստեր հետ հաստատվել է Էջմիածնում։ Բնակարանի համար նրանք վճարում են ամսական 115 հազար դրամ։ Այժմ ընտանիքի եկամուտի աղբյուրը Թամարի հիմնած փոքրիկ բիզնես է։ Նա լիբանանյան համեմունքներով կիսաֆաբրիկատներ է պատրաստում։ Չի դժգոհում, ասում է` արդեն մշտական հաճախորդներ ունի։

«Մինչեւ հիմա չեմ կարողանում համակերպվել։ Ուրիշ հող էր, քաշում էր, ձգում էր, կարծես ասեր՝ ինձ համար մի լավ բան արա։ Ախր, կարող էին պահել․․․Միայն կասեմ` Աստված բոլորին պատժելու է»,- ասաց Թամարը։

news.am