«Իրավունք» թերթը գրում է․
««Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի շուրջ վերաբացված քննարկումներին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այս կարծիքը հայտնեց.
— Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում կա ընդամենը 9-րդ կետ, որտեղ որ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին: Բայց, արի ու տես, ադրբեջանցիների սրտերը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց ծոծորակները կտեսնեն ադրբեջանցիք, միջանցք կյանքում չեն ստանա, միջանցք չունենք իրենց տալու, բայց ա՛յ, ճանապարհներ՝ ունենք:
Ավելին ասեմ, այդ ճանապարհներն էլ, որ տալու ենք, մենք ենք հսկելու, ինչքան ուզում են թող գան անցնեն, գնան-գան, բայց ճանապարհների հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին (ի դեպ, եթե պարոն Մելքոնյանը ազերիների ճանապարհ տալը կապում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, ապա երեւի լավ չի կարդացել, որ այնտեղ բառացիորեն ասվում է. «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»: Այսպիսով, իշխանական պատգամավորն իր վերջին մտքով ուզում է ասել, որ հրաժարվո՞ւմ են այդ կետը, դրանով էլ՝ ողջ փաստաթուղթը կատարելուց- հեղ): Մենք անկախ, ինքնիշխան երկիր ենք ու մենք ենք մեր անվտանգությունը հսկելու ապաշրջափկված ճանապարհների վրա: Թող ոչ մի գերտերություն հանկարծ չմտածի, թե մենք էնքան ենք թուլացել, որ հեսա սկուտեղի վրա մատուցելու ենք միջանցքը, չի լինելու նման բան: Հետո մի բան ասեմ, էս պահին ՀՀ-ում երեք մաքսային կետ կա դրված, բայց Ադրբեջանը էդ մաքսային կետերով ոչ մի շարժում չարեց: Հիմա մի հատ էլ մաքսային կետ կդնենք Զանգեզուրում, ոչ մի խնդիր, թող բարի լինեն, էդ մաքսային կետով գան-գնան, մենք ճանապարհ ենք տալիս, ոչ թե միջանցք:
— Կասե՞ք՝ ճանապարհի ու միջանցքի տարբերությունը, Ձեր գնահատմամբ, որն է:
— Միջանցքի դիպուկ օրինակը հենց Լաչինի միջանցքն է, որի հսկողությունը մնացել էր Ռուսաստանի վրա, ռուսական զորքերն են հսկել, ճիշտ է, միջանցքի փոփոխություն եղավ անօրինական ձեւով: Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, հա, էլի ենք ասում, լինելու է ճանապարհ, որտեղ հսկողությունը պետք է իրականաց- նեն ՀՀ անվտանգության ծառայությունները, այսինքն՝ տեղադրվելու են բացառապես հայկական մաքսակետեր, որպեսզի մենք հսկողություն սահմանենք, թե ինչ բեռներ են գնում-գալիս, ովքեր են գնում-գալիս: Օրինակը բերեմ Վրաստանի սահմանով, երբ մենք գնում ենք Ռուսաստան, մենք մտնում ենք Վրաստանի տարածք, որով անցնում, գնում ենք Ռուսաստան: Կլինեն նաեւ որոշակի մաքսային վճարներ, այսինքն, իրենք մաքսային ստուգումներով Ադրբեջանից կմտնեն, Մեղրիով կգնան դեպի Նախիջեւան: Էդտեղ ոչ մի խնդիր չկա, բայց, կրկնում եմ, ՀՀ ինքնիշխան տարածքում իրենք պիտի մեր մաքսային անցակետերով անցնեն, ուրիշ ոչ մի ձեւ չի կարա լինի:
— Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը համաձայն չէ Ձեր ասած տարբերակին:
— Է, չեն հասկանա, կպայքարենք: Մենք պիտի հասկանանք, որ հիմա հայ ազգի համար Սարդարապատ է, ազգովի կանգնելու ենք ու մեր սահմանները պահենք: Հետո մեր հարեւան Իրան էլ չի հանդուրժելու երրորդ երկրի ներկայությունը տվյալ հատվածում:
— Բայց մենք զենքի խնդիր ունենք, չէ՞, Փաշինյանն էր ասում: Հետո էլ, թե շատ հստակ գնում ենք խաղաղության օրակարգով: Ու հանկարծ Սարդարապա՞տ, ինչպե՞ս հասկանանք:
— Շատ բան իմանաք, շուտ կծերանաք, թողեք հանգիստ զենքն էլ, զենք բերողին էլ, ամեն ինչ նորմալ կլինի: Համբերել ա պետք (մենք չէինք բողոքողը, Փաշինյանն էր-հեղ.):
— Պարո՛ն Մելքոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ վարժական հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում են եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք 25 օրը բավարար կլինի՞:
— Եռամսյա հավաքները եկել են Սովետական Միությունից, որ պատերազմ չի եղել, եղել է խաղաղություն, պարզապես մարդիկ գնացել են եռամսյա հավաքներին, պատրաստվել են, հետո դարձել է մեկամսյա: Մեզանում եռամսյա հավաքները սկսվեցին առաջին պատերազմի ժամանակ, եւ դա բավարարում էր այն ժամանակվա պահանջները:
Հիմա եռամսյա հավաքներ ենք սկսել եւ տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում: Մարդիկ կան, որ այդ երեք ամիսների ընթացքում բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ եթե մենք 25 օրում ենք պատրաստում, համարյա ամբողջ ազգաբնակչությունը մասնակցում է պաշտպանության պրոցեսին: Մեկը 10 տարի առաջ է ավարտել ծառայությունը, մյուսը՝ 20 տարի առաջ, եւ զենքի հետ վերաբերմունքն այլ է:
Հիմա մենք թարմացնում ենք հիշողությունը, նաեւ 7 օրվա ընթացքում մարդիկ կրակային, տակտիկական բոլոր պատրաստություններն անցնեն, իսկ վերջին 14 օրում բոլորը հաճույքով կգնան առաջնագիծ: Մնացած խնդիրները, որ կան, դուրս են գալիս: Բայց մենք ամբողջ ժողովրդին պատրաստում ենք, մարտունակ ենք դարձնում: Ամբողջ բնակչությունը դառնում է մարտունակ (բայց չէ՞ որ առաջին գիծ, այն է՝ մարտական ծառայության տանելն ամենեւին էլ զորավարժանք չէ: Մարտական ծառայության կանչելու օրինական մեկ տարբերակ կա, երբ երկրում ռազմական դրություն է հայտարարված: Այսինքն, այստեղ օրինականության հետ կապված պարզելու դեռ լուրջ հարց կա-հեղ.)»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։