Lifehacker.ru կայքը գրում է. Գրեմ Հիլն ապրել է շքեղ կյանքով, բայց որոշ ժամանակ անց գիտակցել, որ իրականում իրերը միայն կլանում են իր կյանքն ու ժամանակը։ Կարո՞ղ են արդյոք սովորական իրերը երջանկություն բերել։ Գումարի խնդիր չունեցող անձանց փորձը հստակ պատասխանում է այս հարցին՝ ոչ։ Գրեմ Հիլը նախաձեռնող է, ով ֆինանսական խնդիր չունի. նա կարողացել է իրեն շրջապատել բազմաթիվ իրերով, որոնք, սակայն, ընդամենը կլանում էին նրա կյանքն ու ժամանակը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա մտքերին։
«Ես ապրում եմ 39 քառակուսի մետր տարածքով ստուդիայում։ Ես քնում եմ տեղաշարժվող մահճակալի վրա, որը տեղավորված է պատի վրա։ Ես 6 վերնաշապիկ ունեմ. 10 ափսե աղցանների և մյուս ճաշատեսակների համար։ Երբ ընթրիքին հյուրեր եմ ունենում, ես բաց սեղան եմ օգտագործում։ Ես DVD չունեմ, իսկ գրքերի ներկայիս հավաքածուն կազմում է նախկինի 10 տոկոսը։
Ես երկար ճանապարհ եմ անցել 90-ականների ավարտից հետո, երբ հաջող ինտերնետ-ստարտափն ինձ մեծ գումարներ բերեց։ Այդ ժամանակ ես հսկայական տուն գնեցի և լցրեցի իրերով, տեխնիկայով, գադջեթներով։ Բայց այդ ամենն ինչ-որ ձևով սկսեց զբաղեցնել իմ կյանքը կամ… դրա մի մասը։ Իրերը, որոնք ես օգտագործում էի, կլանում, արդյունքում կլանում էին ինձ։ Այո, կյանքի իմ սցենարն ամենատարածվածներից չէ. քչերն են հարստանում 30 տարեկանում, բայց իրերի հետ իմ փոխհարաբերությունների սցենարն ամենասովորականն է։
Մենք ապրում ենք հիպերմարկետների, մեծ առևտրի կենտրոնների և շուրջօրյա խանութների աշխարհում։ Գրեթե բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչները կարող են իրենց շրջապատել բազմաթիվ իրերով։ Չկա որևէ նշան, որ իրերը մեզ երջանիկ են դարձնում։ Փաստացի կարող եմ արձանագրել հակառակ պատկերը։ Ինձնից 15 տարի պահանջվեց՝ բոլոր անկարևոր իրերից ազատվելու համար, որոնք ես այդքան ջանասիրաբար հավաքել էի, առավել ազատ, լավ ապրել սկսելու համար՝ ունենալով ավելի քիչ բան։
Ամեն ինչ սկսվեց 1998թ.։ Ես և գործընկերս վաճառեցինք մեր ընկերությունը գումարի դիմաց, որը, ինձ թվում էր՝ չեմ կարող աշխատել ողջ կյանքի ընթացքում։ Ստանալով այդ գումարը՝ ես 4 հարկանի տուն գնեցի։ Մի շարք իրեր գնեցի։ Սկսեցի ակտիվորեն աշխատել նոր ընկերության վրա, և տան համար այլևս ժամանակ չմնաց։ Այդ ժամանակ ես աշխատանքի ընդունեցի մի տղայի, ով, իր իսկ խոսքերով, Քրոթնի Լավի ասիստենտն է եղել։ Նա դարձավ գնումների մասով իմ խորհրդատուն։ Նրա աշխատանքը կայանում էր հետևյալում՝ նա գնում էր խանութներ, լուսանկարում այն իրերը, որոնք, իր կարծիքով, ինձ հարկավոր են, ինչից հետո ես նայում էի լուսանկարները և ընտրում ինձ դուր եկած իրերը։
Սակայն «սպառողական» թմրամիջոցը շուտով դադարեց էյֆորիա առաջացնել։ Ես սառեցի այդ ամենի նկատմամբ։ Ես սկսեցի մտածել, թե ինչու կյանքի բարելավումը, որը, ըստ տեսությանը, ինձ ավելի երջանիկ պիտի դարձներ, չի օգնում, հակառակը՝ անհանգստության զգացում է առաջացնում։
Կյանքն ավելի դժվար էր դարձել։ Այնքան բան կար, որին հարկավոր էր հետևել. գազոն, մաքրություն, մեքենա, ապահովագրություն, ծառայություններ… ես գնումների մասով խորհրդատու ունեի։ Ո՞ւմ էի ես վերածվել։ Իմ տունն ու իրերը դարձել էին իմ նոր գործատուները։ Ամեն ինչ ավելի վատացավ։ Ես աշխատանքի պատճառով տեղափոխվեցի Նյու Յորք և մեծ տուն վարձեցի։ Տան համար իրեր էին հարկավոր, ինչը չափազանց շատ ժամանակ և ուժ էր խլում։ Բացի այդ՝ ես բնակարան ունեմ նաև Սիեթլում։ Այժմ ես պետք է մտածեմ երկու բնակարանի մասին։ Երբ որոշեցի, որ մնալու եմ Նյու Յորքում, հսկայական ջանքեր պահանջվեցին և բազմաթիվ թռիչքներ՝ հին տան հետ կապված հարցը լուծելու և այն իրերից ազատվելու համար, որոնք գտնվում էին այդ տանը։ Ակնհայտ է, որ գումարի հարցում իմ բախտը բերել է, սակայն այս խնդիրները հատուկ են շատերին։
Նախորդ տարի հրապարակված հետազոտություններից մեկը ցույց է տվել միջին դասի 32 ընտանիքի կյանքը։ Սեփականության մասին հոգ տանելու անհրաժեշտությունը երաշխավորված ձևով հանգեցնում է սթրեսի հորմոնի արտադրմանը։ Ընտանիքների 75 տոկոսը չի կարողացել կայանել մեքենան, քանի որ ավտոտնակը լի է եղել այլ իրերով։ Հետաքրքիր միտում, որը վերաբերում է ԱՄՆ-ին։ The Natural Resources Defense Council-ի տվյալներով՝ ամերիկացու գնած սննդի 40 տոկոսը հայտնվում է աղբամանում… «Վայերնի» սպառումը հնարավոր է դառնում չափազանց մեծ արտադրողականության հետևանքով, ինչը խանգարում է ամբողջ տնտեսական համակարգը։ Արդյոք այս ամենը մեզ ավելի երջանի՞կ է դարձնում։
Եվս մի հանգամանք կա՝ սոցիալ-հոգեբանական։Հոգեբանական հետազոտությունները խոսում են սպառողականության և անոմալ հակահասարակական վարքի կապի մասին։ Սպառողական մտածողությունը բացասական է մարդու համար՝ անկախ նրա եկամտի չափից։
Կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքը փոխվեց Օլգայի հետ հանդիպումից հետո։ Ես նրա հետ տեղափոխվեցի Բարսելոնա։ Նրա վիզայի ժամկետը լրացել էր, իսկ մենք ապրում էինք համեստ բնակարանում և երջանիկ էինք։ Հետո հասկացանք, որ մեզ ոչինչ չի պահում Իսպանիայում։ Մի քանի հագուստ վերցրինք, մեր նոութբուքերը և ճանապարհ ընկանք՝ Բանգկոկ, Բուենոս-Այրես, Տորոնտո և այլ վայրեր։ Ես շարունակում էի աշխատել, բայց իմ աշխատասենյակը տեղավորվում էր իմ ուսապարկում։ Ես ինձ ազատ էի զգում և առհասարակ չէի կարոտում մեքենայիս և գադջեթներին, որոնք թողել էի տանը։
Օլգայի հետ հարաբերություններն ավարտվել են, բայց իմ կյանքն առհավետ փոխվել է։ Նրանում ավելի քիչ իրեր կան։ Ես ավելի շատ ժամանակ ունեմ և ավելի շատ գումար։ Մենք ինտուիցիայով հասկանում ենք, որ կյանքում լավագույնը ոչ թե իրերն են, այլ հարաբերությունները, փորձն ու նպատակներին հասնելը։
Ես հիմա էլ նախաձեռնող եմ և զբաղվում եմ կոմպակտ տների նախագծմամբ։ Դրանք ստեղծվում են այնպես, որ աջակցեն մեզ, և ոչ թե՝ հակառակը։ Այն 39 քառակուսի մետր տարածքի նման, որտեղ ես ապրում եմ, այդ տները մինիմալ քանակով իրերի կարիք ունեն, պահպանման համար մեծ ծախսեր չեն պահանջում։ Ես լավ եմ քնում, քանի որ գիտեմ, որ չեմ օգտագործում ավելի շատ ռեսուրս, քան ինձ հարկավոր է։ Ես ավելի քիչ իրեր ունեմ, սակայն ավելի շատ եմ վայելում։ Քիչ տեղ, շատ կյանք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը