Թշնամու զինվորները նոյեմբերի 5-ին Շուշի են մտել, նոյեմբերի 8-ին դեռ քաղաքում մարտեր էին ընթանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Ներկայացնելով այդ օրերի զարգացումները, նա պատմեց. «Հոկտեմբերի 15-ից Շուշիում արդեն պարետային ժամ էր սահմանվել: Մենք դիրքերում էինք լինում, ես վաշտ էի ղեկավարում: Հոկտեմբերի 29-ին ինձ զանգեցին պետնախարարությունից եւ ասացին, որ ժողովրդին պետք է տարհանել: 12 ավտոբուս հատկացրեցին, տարհանել ենք Գորիս, նույն գիշերը ես վերադարձել եմ Շուշի:
Մեր վաշտը Քարինտակից լեռնաշղթայով բարձրացող ճանապարհի վրա էր: Նոյեմբերի 3-ին եղբայրս՝ Անդրանիկ Սարգսյանը, որ իմ տեղակալն էր, զանգեց, ասաց, որ վիճակը լավ չի էլոկտրացանցի մոտ գտնվող ճանապարհին, վաշտը պետք է գնա այնտեղ: Իրենք մեկնեցին, մոտավորապես 8,5 ժամ մարտ է ընթացել: Նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 10-ին այդ դիրքը հանձնվեց, որովհետեւ հնարավոր չէր պահել, օգնություն չէր եկել, իրենք էլ շատ էին, մոտենում էին, որ դիրքը վերցնեն: Երկու զոհ ենք տվել, որից մեկը իմ եղբայրն էր:
Այդ ժամանակ արդեն թշնամին անցել է դեպի Իսայի աղբյուր: Հետագայում այդ անտառներով եկել, մտել են Շուշիի մատույցները: Ամսի 5-ին ժամը 6-ի կողմերն արդեն մի ջոկատ մտել էր Շուշի:
Ամսի 5-ին առավոտյան ես գնացել եմ լեռնաշղթա, տեսնելու, թե վիճակը ոնց է, համարյա 10 րոպե էր մնացել, որ 250 հոգի բարձրանան լեռնաշղթայի հարթակը: Այդտեղ մարտ վարեցինք 3 հոգով, մինչեւ եկավ օգնություն: Օգնությունը եկավ, այդ օրը ադրբեջանցիները նահանջեցին բավականին զոհ տալով: Մինչեւ ժամը 4-ը ես գտնվել եմ այդ լեռնաշղթայի վրա: Ժամը 5-ին Վազգեն Սարգսյանի արձանի մոտով իջել եմ Ստեփանակերտ, որ մեքենայիս անիվը սարքեմ ու վերադառնամ, բայց վերադառնալու ճանապարհին ինձ կանգնացրին, էլ չթողեցին բարձրանալ:
Մինչեւ նոյեմբերի 7-ին մերոնք կռվի մեջ են եղել: Որքան գիտեմ, նոյեմբերի 8-ին արդեն դիրքերը զիջվել է: Նոյեմբերի 8-ին արդեն իրենց դիպուկահարներն էին աշխատում, բերդի պատն էին վերցրել, պատի վրա էին, նաեւ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, բարձրունքները վերցրել էին»:
Արծվիկ Սարգսյանի խոսքով, կազմակերպվածության խնդիր կար. «Ես միշտ ասել եմ, որ Շուշիի հանձնումն սկսվել է Հադրութից, եթե այնտեղ դեմներն առնեին, չգային հասնեին Շուշիի մատույցները, Շուշին չէր հանձնվի: Մենք դիրքերում էինք, բայց պետք է կանոնավոր բանակ լինի: Կոնկրետ ես առաջին պատերազմից հետո զենք չէի վերցրել ձեռքս: Կանոնավոր բանակը չկար, կամ կոնկրետ զինվորներ կային, որ առանց հրամանատարի էին եկել լեռնաշղթա»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Շուշիից դուրս չբերեցին Վազգեն Սարգսյանի արձանը, նա պատասխանեց. «Ո՞վ էր սպասում, որ Շուշին պետք է հանձվի: Մարդկանց էլ, որ տարհանել ենք, ասել ենք՝ մի քանի օրից հետ եք գալու: Չենք մտածել, որ Շուշին հանձնվելու է: Այդպիսի բարձունքը չպետք է հանձնվեր, ուղղակի անկազմակերպվածություն է տիրել, խառնաշփոթ, անհասկանալի բաներ են կատարվել»:
Անդրադառնալով նրան, որ նախօրեին Շուշիում էր Ալիեւը, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Ես Ստեփանակերտում մի բնակարանում եմ ապրում, որ հենց Շուշիի տակն է: Երեկոյան տեսա, որ ցուցադրական հրավառություն են անում Շուշիում, որ մենք էլ տեսնենք: Դա բնական է, մենք էլ ենք ժամանակին այդպես արել, բոլոր տոները Շուշիում էինք նշում, համերգներ, փառատոներ: Վերջին շրջանում էլ լավ սարքվել էր քաղաքը, զարգացում էր ապրում, ջրամատակարարումը 24-ժամյա էր»:
Ինչ վերաբերում է նյութական ու հոգեւոր կորուստներին, նա նշեց. «Եկեղեցին ինչ ուներ, ամբողջը մնաց, 5 թանգարանից միայն 150 գորգերն ենք բերել, այդքան էլ մնացել է: Դրամի թանգարանն են հանել, մնացած ամեն բան մնացել է: Բնակիչներն էլ, ինչ ունեցել են, մնացել է: Մարդիկ են եղել, որ տնային շորերով են դուրս եկել, մտածել են՝ հեսա հետ ենք գալու, անգամ փաստաթղթեր, լուսանկարներ, ոչինչ չեն վերցրել: Անձամբ ես երկու տուն եմ սարքել, նպատակով, որ տղայիս բանակից հետո ամուսնացնելու եմ:
Ես հույսս չեմ կտրում, պետք է միասնական լինենք, ազգը նորից միավորվի, ինչպես 1988-ին է սկսվել, եւ հաջողություն կունենանք: Հիմա էլ մեր տղաները պատրաստ են, դուխը տեղն է, ասում են՝ օդը փակ լինի, մենք ամեն ինչ կանենք, թողնեն Բաքու կհասնենք: Բայց իրենց թիկունքում Թուրքիան է կանգնած»: