Թե ինչպես հայ լրագրողը Մուշում բացահայտեց իր 200-ամյա ազգակցական կապը. ankakh.com
Advertisement 1000 x 90

Թե ինչպես հայ լրագրողը Մուշում բացահայտեց իր 200-ամյա ազգակցական կապը. ankakh.com

Նաիրի Հոխիկյանը լրագրող է, այն լրագրողներից, որոնք ոչ միայն իրենց գործի գիտակն են, այլև հստակ նպատակ ու գաղափարախոսություն ունեն և մասնագիտությունը ծառայեցնում են սեփական երկրին ու ժողովրդին:

2010 թ. ի վեր նա հեղինակել է 6 ֆիլմ, որոնք ներկայացնում են Արևմտյան Հայաստանի «ծպտյալ հայերի» կամ, ինչպես ինքն է ասում, ինքնությանը վերադարձած, ինքնությունը պահպանող հայերի կյանքը: «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարի նպատակը, հեղինակի խոսքով, իրականությանը վերադառնալն է, գործած սխալները հասկանալը և սեփական արժեքները, կորուստներն ու ձեռքբերումները վերագնահատելը:

Իսկ թե ինչ հրաշք է տեղի ունեցել ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ հենց իր` Նաիրի Հոխիկյանի կյանքում, գուցե ֆանտաստիկ թվա, բայց իրական պատմություն է:

«2014 թվականն էր: Ավելի քան 5000 կմ շրջել էի Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, հանդիպել բազմաթիվ հայերի հետ: Մուշ քաղաքում ուշ երեկոյան հանդիպեցի մի խումբ էթնիկ հայերի, որոնց մեջ կար նաև մի քուրդ տղամարդ: Իսմայիլ անունով այդ մարդն ասաց, որ իր կինն է հայ, 1984-ից փնտրում են նրա ազգականներին, որոնց նախնիները, հնարավոր է, փրկվել են Ցեղասպանության տարիներին»,- պատմում է Նաիրին:

Հաջորդ օրը միասին գնում են Իսմայիլի տուն: Նաիրին միանգամից նկատում է, որ Իսմայիլի կինը` 50-ամյա Սուսլին, նման չէ ո՛չ թուրքի, ո՛չ քրդի, հայի արտաքին ունի: Խոսելու ընթացքում էլ թուրքերենի մեջ մի քանի անգամ օգտագործում է «բոյիդ մեռնիմ» արտահայտությունը: «Իմ հարցին պատասխանեց, թե դա լսել է իր հայուհի տատից, չգիտի բացատրությունը, գիտի միայն, որ դրական իմաստ ունի, հարազատներն են իրար այդպես դիմում»:

Քիչ անց սենյակ է մտնում Սուսլիի 20-ամյա դուստրը, և Նաիրին այնքան է նրան նմանեցնում իր զարմուհուն, որ քիչ է մնում` հենց նրա անունով դիմի աղջկան: Սուսլին էլ արձագանքում է, թե Նաիրին էլ շատ նման է իր որդուն, որն այդ ժամանակ Ստամբուլում էր:

Սակայն դա ընդամենը առաջին տպավորություն էր, որին ոչ ոք լուրջ ընթացք չէր տա, եթե Սուսլին չպատմեր իր նախնիների պատմությունը: «Սուսլիի հարազատները Ցեղասպանության զոհ են դարձել: Բինգյոլի Կնծու գյուղում բոլորին ողջ-ողջ այրել են սեփական տների մեջ: Ողջ է մնացել միայն հայրական կողմի պապը, որն այդ ժամանակ երջանիկ պատահականությամբ գտնվել է Ստամբուլում և թաքնվելով նկուղներում` կարողացել է փրկվել, իսկ ամիսներ անց, երբ վերադարձել է հայրենի գյուղ, գտել է միայն ավերակներ, նույնիսկ ընտանիքի անդամների դիակները չի տեսել: Ամուսնացել է նույնպիսի պատահականությամբ փրկված հայուհու հետ, քրդի անվան տակ ապրել Մուշում: Ծնվել է որդին, հետո՝ Սուսլին և նրա եղբայրները, քույրերը»:

Սուսլիի քուրդ ամուսինը խոստովանում է, որ միշտ հոգու պարտքն է համարել օգնել կնոջը՝ գտնելու ազգականներին, գուցե դրանով կարողանա փարատել այն վիշտը, որը նաև իր ազգակից քրդերի ձեռքով է հասցվել սիրելի կնոջը:

Հետո Սուսլին պատմում է, որ իր նախնիները Բինգյոլ են գաղթել Ալաշկերտից 1810-ական թվականներին: Նախապապի անունը Ղազար է եղել, որն ունեցել է 3 որդի, իսկ ճանապարհին ծնվել է չորրորդը: Բինգյոլում Ղազարի ընտանիքն ապրել է մինչև 1828 թվականը: Ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրից հետո Ղազարը վերցրել է իր որդիներից Հակոբին ու Վարդանին ու գնացել Արևելյան Հայաստան, հաստատվել Ալաշկերտին շատ նման վայրում: Ղազարի երկու ավագ որդիները՝ Մանուկն ու Մարտիրոսը (Մարտոն), մնացել են Բինգյոլում (Սուսլին Մանուկի հետնորդն է):

Ավելի մանրամասն զրույցի ժամանակ Նաիրին հանկարծ մի շարք համընկնումներ է նկատում Սուսլիի ու իր գերդաստանների պատմություններում: «Իմ՝ Հոխիկյանների պատմությունը նույնն է, նույն անունները, նույն թվականները, նույն վայրերը: Ղազարը հաստատվել է ՀՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, որը բացի նրանից, որ ունի հրաշք բնություն, նաև շատ նման է Ալաշկերտի տարածաշրջանին: Ղազարի որդիների՝ Սուսլիի նշած անունները ևս համընկնում են. ես մեր Ղազարի կրտսեր որդու՝ Հակոբի ճյուղի շարունակությունն եմ: Ստացվում է՝ եթե կա ազգակցական կապ, ապա Սուսլիի և իմ վեցերորդ սերնդի պապերը եղել են հարազատ եղբայրներ, մեկը մնացել է Բինգյոլում, մյուսը եկել է Արևելյան Հայաստան… Մի խոսքով` հուզումնալից հայացքներ, գրկախառնություն, արցունքոտ աչքերով բաժանում»:

7 ամիս անց, երբ Նաիրին կրկին հանդիպում էի Սուսլիի ընտանիքի հետ, որոշում են գենետիկ անալիզ անել, որն էլ վերջնականապես ապացուցում է նրանց արյունակցական կապը: «Անցել է ավելի քան երկու տարի, մենք արդեն մտերիմ ազգականներ ենք»,- ասում է նա:

Այդպիսով, Սուսլիի վաղեմի երազանքն իրականանում է, իսկ Նաիրի Հոխիկյանը կյանքի օրինակով վերահաստատում է իր գործունեության կարևորությունը:

Ամբողջությամբ՝ ankakh.com