Երրորդ օրն է՝ ադրբեջանցիների փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, դրանից զատ, երեկվանից անջատել են նաև Արցախին մատակարարվող գազը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։
Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, այլև՝ ոտնահարում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր կոնվենցիաները։
168.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն անդրադառնալով խնդրի իրավական, մասնավորապես՝ Եռակողմ հայտարարությամբ նախատեսված կետերի կարգավորմանը, նկատեց.
«Իրականում խնդիրը պետք է բարձրացվի և չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարության կոնտեքստում, և՛ առհասարակ պետք է օգտագործել խնդիրը՝ ինքնորոշման իրավունքն առաջ մղելու համար»:
Ըստ Ալվինա Գյուլումյանի՝ հարցը պետք է բարձրաձայնել միջազգային բոլոր կառույցներում և, բնականաբար, ամենավճռական խոսքը պետք է ասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Սակայն Անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար պետք է խորհրդի մշտական անդամներից մեկն այդ օրակարգն առաջ մղի։ Այստեղ արդեն գալիս է այդ պետությունների հետ որոշակի բանակցությունների, ինչպես նաև նրանց այս ամենի մասին տեղյակ պահելու անհրաժեշտությունը։
Այսօր ես տեսա ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունները։ Կարծում եմ՝ ամեն ինչ երևի պետք է ավելի հստակ լինի»,- հավելեց Ալվինա Գյուլումյանը։
Ալվինա Գյուլումյանը նաև ասաց, որ Ադրբեջանն Արցախում հումանիտար աղետ է ստեղծել, առաջին հերթին՝ ձմռան ցուրտ պայմաններում անջատելով մատակարարվող գազը։