Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի՝ Լաչինի միջանցքը, արդեն 9 օր փակ է ադրբեջանցի էկո-ահաբեկիչների կողմից:
Ադրբեջան պետությունն իր ցեղասպան քաղաքականության արդյունքում սովի է մատնում 120 000 մարդու, որոնցից 30 000-ը երեխաներ են: Արցախ արդեն 9 օր չի մտնում դեղորայք, վառելիք: Երեկ Արցախում ծանր հիվանդ մահացավ միայն այն պատճառով, որ փակ ճանապարհը թույլ չտվեց վերջինիս տեղափոխել Երևան:
Այս ընթացքում ՀՀ իշխանությունները, ողջ պատասխանատվությունը դնելով ռուս խաղաղապահ կոնտինգենտի վրա, ընդամենը ԱԳՆ մակարդակով մի մամլո հաղորդագրություն են տարածել և մի նամակ գրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և վերջ…
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ապրել հայ ժողովրդից առանձին իրենց կյանքով՝ իրենց օրակարգով, հաճույքներով ու առաջնահերթություններով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Քաթարից լուսանկարներ է հրապարակում՝ երջանիկ ժպիտով ֆրանսիացիներին երկրպագելով, Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը մեկ Օսկար կատվի հետ ամուսնու գիրքն է վերընթերցում, մեկ էլ մոմի լույսերի տակ ֆուտբոլ նայում… Twitter-ում են տարատեսակ գրառումներ անում…
Իսկ քիչ առաջ, օրինակ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարզասրահից լուսանկար հրապարակեց՝ «Արդյունավետ աշխատելուն շատ օգնում է լավ մարզավիճակը: Մոտ 14 կմ. 1ժ 35 ր-ում» կից գրառմամբ:
Չգիտես էլ՝ լաս, թե խնդաս… Մարդիկ ամեն օր ավելի ու ավելի են մոտենում հումանիտար ճգնաժամին, գնալով սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքներն ու դեղորայքը, իսկ այս մարդը դեմքի երջանիկ անգիտության արտահայտությամբ մարզասրահից իր սպորտային հաջողությունների մասին պատմող լուսանկարն է հրապարակում:
Ու ամենասարսափելին այն է, որ չեն խորշում իրենց արհամարհական վերաբերմունքն ի ցույց նետելով՝ մի ողջ ժողովրդի տառացիորեն ասելով՝ թքած ունենք Արցախի վրա էլ, Արցախի 120 000-ի վրա էլ ու մեզ չընտրած, տո նույնիսկ ընտրած ՀՀ բնակչության վրա էլ, որովհետև Հայաստանում ՔՊ-ական իշխանությունների համար ՀՀ քաղաքացին այսրոպեական արժեք ու նշանակություն ունի, և այն պահից հետո, երբ օգնում է վերարտադրվել իրենց, այլևս դադարում է հետաքրքիր լինել նրանց համար: