Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին:
«Արցախից դեկտեմբերի 4-ին եմ եկել՝ Գյումրիում ներկայացում բեմադրելու և խաղալու համար, և պետք է հետ վերադառնայինք դեկտեմբերի 18-ին, սակայն բեմադրությունից հետո ճանապարհները քանի որ փակ էին՝ մնացինք այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սվետա Առուստամյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց մեկ շաբաթ օգնել է Շիրակի մարզպետարանը, որպեսզի մնան հյուրանոցում, իսկ սննդի հարցն իրենք են լուծում:
«Դրանից հետո մեզ օգնեց Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը. հյուրանոցի հարցը լուծեց մինչև դեկտեմբերի 29-ի համար: Վաղը չգիտենք, թե ինչ պետք է անենք»,- նշեց Սվետա Առուստամյանը:
Անդրադառնալով թշնամու կողմից շուրջ 17 օր ճանապարհը փակ պահելու խնդրին, Սվետա Առուստամյանը նկատեց. «Ինչքան էլ թշնամին ուզի մեր ոգին կոտրել, դա երբեք չի լինի: Հայի ոգին չի կոտրվում: Հայը միշտ կա ու լինելու է: Հայը հզոր է ամեն հարցում: Արցախի ժողովուրդը եթե մեկ ամիս էլ սոված մնա՝ հաստատ ոգին չի կոտրվի: Մենք կանք ու լինելու ենք»:
Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ դերասաններին ընդունել է Շիրակի մարզպետը, տրվել է ֆինանսական աջակցություն և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե նոր խնդիր առաջանա՝ կընդունեն և կլսեն նրանց խնդիրը: