«Արցախում մարդկանց մոտ ապրումները, զգացողությունները, գիտակցումը՝ ինչի համար որ գնում են այս քայլին, նույնն է»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից մինչ օրս թշնամի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հանգամանքին և դրանից բխող հետևանքներին։
Պատգամավորն ասաց՝ յուրաքանչյուր անցնող օրվա հետ մարդկանց մոտ մտահոգություն և ավելի մեծացող անհանգստություն կա, թե, ի վերջո՝ ի՞նչ կերպ կհանգուցալուծվի այս իրավիճակը։
«Որովհետև փորձից ելնելով՝ մարդկանց մեջ այդ վախը կա, որ կրկին անգամ իշխանություններն իրենց կդավաճանեն, մեջքից կհարվածեն։ Եվ այն որոշումը, որ 120.000 հոգի միասնական կայացրել է, որ իրենք պայքարելու են, գնալու են զրկանքների, բայց չեն զիջելու, միևնույն ժամանակ անհանգստություն ունեն, որ իշխանությունները կգնան այն ճանապարհով, որ իրենց թիկունքում զիջումների կգնան, և այս անգամ այդ զիջման արդյունքներն անդառնալի կլինեն»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ հենց այս անհանգստությունն է, որ մարդկանց մոտ նաև ընդվզման ցանկություններ է առաջացնում, սակայն ընդվզումները երբեմն հստակ ուղղորդվում են․
«Արդեն տեսնում եք՝ Արցախում կա անձ, որ իրեն հորջորջել է հասարակական-քաղաքական գործիչ և խաղում է ժողովրդի զգացմունքների հետ ու այսօր մարդկանց հավաքած՝ շեղելով բուն թեմայից՝ շրջափակում, հումանիտար աղետ, մի քանի օր է՝ խոսում և թիրախավորում է ռուս խաղաղապահներին։
Եթե իրեն քաղաքական կերպար հորջորջած անձը շրջանցում է սեփական իշխանությանը և գնում է մեկ ուրիշից, տվյալ դեպքում՝ ռուս խաղաղապահից ինչ-որ բաներ է պահանջում, ինքն ուղիղ հայտարարում է այն մասին, որ մենք չունենք պետություն, չունենք պետականություն, հետևաբար՝ ինքը գնացել, այլ պետությունից է պատասխան պահանջում։
Սա կարծում եմ՝ տգիտությունից չէ, այլ միտումնավոր է արվում, և այն ուժերը, որոնք այսօր իրոք մարդկանց լարված զգացմունքների հետ են խաղում, օգտագործում են այդ իրավիճակը և մարդկանց նաև ընդվզում ունենալու կարիքն են օգտագործում, այն դեպքում, երբ կարող էին սեփական իշխանություններին դիմել։
Տեսեք՝ ինչ կատարվեց։ Երկար ժամանակ, թեկուզ մեր հայկական լրատվամիջոցները չեն խոսում շրջափակման մասին, այլ խոսում են նրա մասին, որ Արցախում դժգոհ են, ումի՞ց են դժգոհ, ռուս խաղաղապահներից։ Իրականում այն խնդիրը, որը քաղաքական է, իրենք տեղափոխում են հումանիտար դաշտ, ինչն անթույլատրելի է, որովհետև հումանիտար հիմքերով Լաչինի միջանցքը բացելու դեպքում, հաջորդը շատ ավելի լուրջ խնդիր է լինելու»։
Ճանապարհի փակ լինելու մեջ ռուս խաղաղապահներին մեղադրում են ոչ միայն Արցախում ակցիա իրականացնող քաղաքացիները, այլև ՀՀ իշխանությունները։ Նրանք ճանապարհը փակվելու հենց առաջին օրվանից ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ Լաչինի միջանցքն ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, և նրանք են խնդրի հասցեատերը։ Ուստի Մետաքսե Հակոբյանին հարցրեցինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ Արցախում ռուս խաղաղապահների դեմ իրականացվող ակցիան ՀՀ իշխանություննեևրի կողմից է կազմակերպվել․
«Դուք ինքներդ եզրակացություն արեցիք, ինչն իրականություն է։ Այո՛, այդ հիմնավոր կասկածները վաղուց կան Արցախում, որովհետև այդ անձինք ոչ թե թիրախավորել են անձանց և պայքարում են անձանց դեմ, այլ իրենք պայքարում են մեր պետության և պետականության դեմ, ու անընդհատ թիրախում հայտնվում է Արցախի Հանրապետությունը և Արցախի թեկուզ չճանաչված Հանրապետության պետականությունը։ Այո՛, իրենք կատարում են պատվեր, և պատահականություն չէր երեկվա ակցիան դեպի Արցախ, որը ևս միտված էր խարխլելու այն, ինչ մենք ունենք, ստեղծել ենք շատ դժվարությամբ և փորձում ենք պահել առավել քան սարսափելի պայմաններում։
Մենք այստեղ քննարկում էինք, ենթադրենք՝ Գորիսից թույլ տվեցին, և իրենք եկան-հասան ռուս խաղաղապահներին, ռուս խաղաղապահները թույլ չտվեցին, ի՞նչ են անելու, ի լուր աշխարհի հայտարարելու են, որ ռուս խաղաղապահնե՞րն են փակել ճանապարհը։
Լավ, ենթադրենք՝ ռուս խաղաղապահը թույլ տվեց, և իրենք անցան, եկան-հասան Շուշի ու ադրբեջանցիների հետ խոսեցին, բնականաբար, ադրբեջանցու խորամանկությունը շատ լավ գիտենք, իրենք ճանապարհ տվեցին, իրենց միջո՛վ, այդ կե՛ղծ բնապահպանների միջով, իրենք անցան և եկան Ստեփանակերտ, ի՞նչ, ի լուր աշխարհի ցույց են տալու, որ փակ չէ՞ր ճանապարհը, Ադրբեջանը բնավ էլ չի՞ փակել։ Հատկապես, երբ թշնամին նման բան էր հայտարարել, որ կարող են գալ և իրենց մոտով անցնել։
Ես առավել վստահ եմ, որ եթե այսօր մենք հասնենք այդ հատվածը, մասնավորապես ես մեքենայով հասնեմ այդտեղ, իրենք թույլ են տալու, որ ես անցնեմ, բայց իրենց միջով։
Եթե որևէ մեկը խոսելուց առաջ գոնե պատկերացնի այդ ճանապարհը, իմանա, որ նշված հատվածից ընդամենը մի քանի սանտիմետր այն կողմ ցանց է, որտեղ կանգնած են ադրրբեջանցի զինվորականները, և մենք ստիպված ենք եղել 2020 թվականից հետո միշտ անցնել իրենց կողքով, բայց գիտակցելով, որ այդտեղ ցանց է դրված։ Շուշիի հատվածում իրենք օկուպացրել են, իսկ այս մասում ռուս խաղաղապահն է կանգնած, և գոնե այդքանով հստակեցված է միջանցքը, բայց հիմա իրենք այն հատվածում են, որտեղով մենք միշտ անցել ենք, որտեղ ռուս խաղաղապահն է։
Իրենք էլի կգնան մի կողմ, բայց չե՛ն անցնի այն հատվածը, որտեղ իրենց զինվորն է, և կստացվի, որ մենք իրենց միջով գնում-գալիս ենք և ՀՀ իշխանությունների այն երկար սպասված երազանքը, որ մենք ի վերջո ոչ թե ապրենք Ադրբեջանի հետ հարևանությամբ, այլ ապրենք միասին, ի վերջո, կատարվելու է, իսկ մենք հասկանում ենք, թե դա ինչի է տանելու։ Վաղը նույն հաջողությամբ ադրբեջանցին հայտնվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ասելու է՝ ինչո՞վ եմ խանգարում, անցեք-դարձեք։ Դրանով հասկանալի է, որ կրկնվելու է Նախիջևանի պատմությունը, ինչին մենք չենք գնում՝ գիտակցելով, որ մենք ինքներս մասնակիցը կդառնանք մեր հայրենիքի հանձնման»։
Ստացվում է, որ այդ գործարքին խանգարում են ռուս խաղաղապահնե՞րը և հիմա նրանց դեմ սինխրոն աշխատա՞նք է գնում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև՝ հարցրեցինք Մետաքսե Հակոբյանին։
«Միանշանա՛կ։ Մենք այսօր էլի քննարկում ենք ունեցել այս թեմայով։ Լա՛վ, ենթադրենք՝ ռուս խաղաղապահը չէ, այլ նորվեգացի կամ ֆրանսիացի խաղաղապահ, այս իրավիճակը չէ՞ր լինելու, Թուրքիայի պահանջները փոխվա՞ծ էին լինելու, միջանցք չէ՞ր ուզելու Հայաստանի սուվերեն տարածքով, չէ՞ր ստիպելու խաղաղության պայմանագիր, այդ նույն բաները լինելու էր։
Այսինքն՝ այն օրակարգը, որն իրենք տանում են՝ կե՛ղծ է, դա զուտ Արցախի և Հայաստանի վերացնելու գործընթացն են անում, և այստեղ կապ չունի, թե խաղաղապահն ազգությամբ ով է։ Ամեն դեպքում շատ արագ ռուս խաղաղապահից ազատվելու այդ պլանն են փորձում իրագործել, այնուհետև միջազգային խաղաղապահներին բերելու են Արցախ, ու քանի որ շատ լավ գիտենք Հայաստանի վարչապետի աշխատելու ոճը, դրանից անմիջապես հետո հայտարարելու է՝ 120.000 արցախցու կյանք պետք է «փրկի», հենց այդ պատճառով էլ ստիպված հանձնում է միջանցքը, կնքում է խաղաղության պայմանագիրը, տալիս է ՀՀ սուվերեն տարածքի 8 գյուղերը, այսինքն՝ այն ամենը, ինչ նախապես սցենարով գրված էր, և այսօր էլ իրենք սինխրոն աշխատում են։
Ուղղակի ուշադիր եղեք ամեն անգամ Ալիևի, Բայրամովի հայտարարություններին ու գործողություններին և դրան ի պատասխան՝ ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը։ Իրենք մի գիծ են բռնել՝ մեղադրել Ռուսաստանին, պահանջել Ռուսաստանից, բայց շրջանցել, թե իրենք ի՞նչ պետք է անեին և որո՞նք են իրենց պարտականություններն այս իրավիճակում։
Եթե ավելի գլոբալ ենք նայում, ապա ՀՀ իշխանությունները հիմա ապալեգիտիմացնում են Հայաստանի Հանրապետությունը, այս պահին իրենք այլևս Արցախով չեն զբաղված, իրենք էլ, Ադրբեջանի նախագահի հետ միասին, ըստ իրենց՝ փակել են Արցախի հարցը և հիմա զբաղված են Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելով, սա՛ է ամբողջը, որն այստեղից առավել պարզ է երևում»։
Քանի որ Մ. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Արցախում մարդիկ անվստահություն ունեն իշխանությունների հանդեպ, չեն ուզում հերթական անգամ խաբվել, հետաքրքրվեցինք՝ խոսքն Արցախի՞, թե՞ Հայաստանի իշխանությունների մասին է. «Գիտակցելով, որ միանձնյա որոշողը, ստորագրողը դա, ցավոք սրտի, Փաշինյան Նիկոլն է, բայց նաև Արցախի նախագահի նկատմամբ վստահություն չկա։ Ինչքանո՞վ է ինքն անկեղծ, արդյոք չի՞ համագործակցում Փաշինյանի հետ, կամ՝ տեղյակ չէ՞ այն ամենից, ինչ կատարվում է, կամ ինչքան տեղյակ է, այդքանը մենք գիտե՞նք, թե՞ ոչ։ Իհարկե, կան այս կասկածները։ Ի վերջո, 44 օրերի դաժան փորձը, որևէ կերպ, որևէ մեկը չի մոռացել, ու յուրաքանչյուրն իր մաշկի վրա է զգացել, այդ սուտն ու կեղծիքն անձամբ է տեսել։
Չնայած դրան, այս պահին Արցախում միասնականությունը կա, բոլորս մի սեղանի շուրջ ենք նստում, նույնիսկ, եթե կա անձնական հակակրանք իրար հանդեպ, միևնույն է՝ մենք դա պահել ենք շատ հեռվում և այս պահին բոլորս սեղանի շուրջ նստած ենք, այդ գործընթացն անընդհատ կա, սակայն կա նաև այն վախը, որ կարող է կրկնվել այն, ինչի միջով մենք անցել ենք ոչ շատ վաղուց՝ ընդամենը 2 տարի առաջ»։
ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ յուրաքանչյուր հարց, որը կապված է Արցախի հետ՝ քննարկվում է Արցախի իշխանությունների հետ։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր փաստաթուղթ ստորագրվի և ամեն ինչ բարդվի Արցախի իշխանությունների վրա, Մ. Հակոբյանը պատասխանեց․
«Ամեն ինչ հնարավոր է, ճանաչելով ՀՀ վարչապետին, մենք ցանկացած ստորության հավատում ենք, թեկուզ վերջերս իր տիկնոջ ցասումը, որն արտահայտեց։ 2 տարի իր մեջ պահել էր և հարմար առիթն օգտագործեց, որպեսզի Ադրբեջանի ջրաղացին էլ ջուր լցնի, իրենց օգտակար լինի իր պահվածքով։ Այսինքն՝ ամեն բան իրենցից պետք է սպասել, միանշանակ պետք է սպասել։
Իմ պատգամավորական հայտարարության ժամանակ Արցախի ԱԺ բարձր ամբիոնից հայտարարել եմ, որ ժամանակն է, և հիմա ասում եմ, որ ժամանակն անցել է արդեն կամ անցնում է, որ Արցախի իշխանություններն արդեն պետք է հասցեական դիմեն, հասցեական պետք է պահանջեն և ամեն ինչ իրենց անուններով կոչեն, հասցեական պետք է պահանջեն ՀՀ իշխանություններից, ինչո՞ւ չէ՝ նաև ընդդիմությունից, քաղաքական և հասարակական ամբողջ դաշտից, սփյուռքի մեր հայրենակիցներից, և դա պետք է լինի հասցեական, յուրաքանչյուրի առջև դրվի իր նկատմամբ պահանջ, քանի դեռ դա չի արվում, իսկ մենք տեսնում ենք, որ 17 օր է՝ չի արվում, հետևաբար՝ կասկածները միշտ լինելու են, և Աստված չանի՝ տեղի ունենա անդառնալին»։
Այս ընթացքում Արցախի նախագահից հետաքրքրվե՞լ եք՝ արդյոք նա կապի մե՞ջ է ՀՀ իշխանության հետ, քննարկումներ ընթանում են, հարցրե՞լ եք, թե ի՞նչ է պահանջում թշնամին՝ հարցրեցինք Մետաքսե Հակոբյանին։
«Ամենօրյա քննարկումներ կան, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները, կուսակցությունների, խմբակցությունների ղեկավարները անընդհատ հանդիպումներ են ունենում, այսինքն՝ երևացող որոշումները միանձնյա չեն լինում, այդտեղ են նաև մեր կուսակցության նախագահը և խմբակցության ղեկավարը։ Ես բազմիցս խնդրել եմ, որպեսզի այդ հարցն իրենք տան Արցախի նախագահին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կա՞ ամենօրյա կապ, պահանջներ կա՞ն, բայց առ այսօր չեմ ստացել պատասխան, հարցը շրջանցվում է։
Քանի որ այս ամբողջ ընթացքում ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը բարդում է Արայիկ Հարությունյանի վրա, Արայիկ Հարությունյանն էլ ասում է, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ասածն ու արվածը լրիվ հակառակն են, իմիտացիա է ստեղծվել աշխատանքի։ Քաղաքականություն վարելու իմիտացիան ստեղծված է մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց գործողություն չկա այդ ուղղությամբ, դա իմիտացիա է։
Ինչպես պատերազմի ժամանակ՝ առաջին 20-25 օրերին, երբ ամեն առավոտ ժամը 8-ին Արայիկ Հարությունյանը հանդիպում էր Ազգային ժողովի պատգամավորների հետ, ամեն օր ես նույնը կրկնել եմ՝ զենքերը չե՛ն լռելու, քանի դեռ չկա վարվող քաղաքականություն, չկա գործընթաց այդ ուղղությամբ, չկա դիվանագիտություն։ Ինձ անընդհատ պատասխան է տրվել, որ դրա ժամանակը չէ։ Դա երկրի ղեկավարի կողմից ծիծաղելի պատասխան է, եթե բանակցություններ չկան՝ խոսելու են զենքերը, զոհվելու են անմեղ մարդիկ, մեր երեխաները․․․ Այս պահին էլ մենք տեսնում ենք, որ դիվանագիտական գործընթաց չկա, կա ուղղակի իմիտացիա, և սա բերելու է հետևանքներ, չի լինելու անհետևանք այս մոտեցումը, չեմ ուզում ասեմ՝ անլուրջ, քանի որ հաշվարկված է արվում ամեն ինչ»։
Ամփոփելով զրույցը՝ Մետաքսե Հակոբյանին հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս է պատկերացնում․
«Սա միանշանակ հումանիտար դաշտի լուծման խնդիր չէ, այս խնդիրը քաղաքական հարթակում պետք է լուծվի, նույնիսկ, եթե հումանիտար խնդիրներով պայմանավորված լուծում տրվի և մի քանի օրով ճանապարհը բացվի, հետո շատ ավելի վատ է լինելու։
Ի՞նչ պետք է արվի, միանշանակ այն, ինչ առ այսօր պատասխանատուն՝ Նիկոլը Փաշինյանը, չի արել։ Պետք է շատ արագ՝ 1-2 օր մաքսիմում, ինքը հասներ նրան, որ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի ունենար, բայց դրան հակառակ՝ իրենք խուսափում են նման հանդիպումներից, հենց հայկական կողմն է խուսափում։
Կարծում եմ՝ յուրաքանչյուրն արդեն տեսնում է, որ Ադրբեջանը ոչ թե չի պահում պայմանավորվածությունները, այլ չեղարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ուստի շահագրգիռ կողմը պետք է լիներ Հայաստանը, և հենց այդպես էլ կա, և որի շահառուն մենք ենք՝ Արցախում բնակվող հայերս, ինքը պետք է առաջինն այդ հարցը բարձրացներ, պահանջեր եռակողմ ձևաչափով հանդիպում, և այդ հարթակում լուծեին այդ խնդիրը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։