Արդեն 25-րդ օրն է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ «Բնապահպանների» անվան տակ ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախագահի մերձավոր շրջանակներից որոշակի խմբեր դեկտեմբերի 12-ից փակել են Բերձորի ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի զրկելով արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից։
168.am-ի հետ զրույցում Ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Արցախի շրջափակման և օդային ճանապարհն օգտագործելու հնարավորությունների մասին, նախ շեշտեց՝ այդքան մարդու ապաշրջափակման մեջ պահելը հակամարդկային է։
«Ավելի քան երկու շաբաթ առաջ Արցախի կառավարությունն արդեն դիմել է ՄԱԿ-ին և Պարենի համաշխարհային կազմակերպության գրասենյակին։ Արցախի կառավարությունը դեկտեմբերի 23-ին դիմել է, անձամբ եմ այդ նամակը Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ հանձնել ՄԱԿ-ին։
Ճանապարհ պետք է լինի, եկեք օդային ճանապարհը դիտարկենք՝ որպես Արցախի շրջափակումը մասնակիորեն շրջանցող ճանապարհ։ Բայց հասկանում ենք, որ ամբողջովին հնարավոր չէ օդով փոխել շրջափակված երկրի կարգավիճակը, շրջափակված տարածքի բնակչության կարգավիճակը։ Օդային ճանապարհը՝ որպես քաղաքացիական օդանավերի շարհագործման ճանապարհ, Ադրբեջանը կարող է թույլ տալ, կարող է և թույլ չտալ։ Իրավաբանորեն օդային տարածքը նրա վերահսկողության տակ է գտնվում, և կարող է թույլ չտալ։ Խոսքը ոչ թե օդային ճանապարհի մասին է, այլ օդային ճանապարհն օգտագործելու՝ շրջափակումից ճեղքելու պայմանի մասին է»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Նա ընդգծեց ու կրկնեց դեռ երեք շաբաթ առաջ ասված միտքը՝ մարդությունը չի կառավարվում բանդիտական նորմերով, մարդու ապրելու իրավունքը ՄԱԿ-ի հիմնարար նորմերից մեկն է։
«ՄԱԿ-ն ունի մի շարք ծրագրեր՝ երեխաների պաշտպանության, առողջության, պարենային պաշտպանության, որոնք կիրառվում են տարբեր պատճառներով արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց փրկելու, օգնելու, սատարելու համար։ Պարենի համաշխարհային ծրագիրը կիրառվում է բնական կամ քաղաքական երևույթների հետևանքով աղետի մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։ Հիմա սա քաղաքական, ռազմական վտանգ է, դրա մեջ հայտնված 120 հազար մարդկանց խումբ։ Այսինքն՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ըստ իր նշանակության՝ արդեն իսկ նախատեսված է դրա համար, և այդ օդային ճանապարհը ուղղակի ուղիներից մեկն է։ Նույն Պարենի համաշխարհային ծրագիրը, մանուկների աջակցման ծրագիրը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլն, կարող են օգտագործել ոչ օդային ճանապարհը, ես օդային ճանապարհի մասին խոսել եմ՝ որպես երկընտրանքային, այլ ոչ՝ հիմնական։ Ասել եմ՝ ՄԱԿ-ը կարող է օգտագործել այդ ճանապարհը նույնպես»,- հավելեց Հակոբ Ճաղարյանը։
Ըստ Հակոբ Ճաղարյանի, ՄԱԿ-ը կարող է օգտագործել այդ ճանապարհը, երբ, օրինակ, համապատասխան կառավարությունները դիմում են կառույցին, ինչը չի արել Հայաստանի կառավարությունը
«ՀՀ կառավարությունը չի դիմել ՄԱԿ-ին, 25 օր է՝ 120 հազար մարդ շրջափակման մեջ է, իսկ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ին չի դիմել։ Նույնիսկ շրջափակման հարցերը Անվտանգության խորհրդի նիստում Ֆրանսիան է բարձրաձայնել։ Տարբեր տեղերից հասկացնում են, որ՝ դիմեք, դեկտեմբերի 30-ին դիմել ենք արտգործնախարարություն՝ արձագանք չկա, ՀՀ որևէ կառավարական մարմնի կողմից որևէ դիմում ՄԱԿ չկա, ի վերջո, կառույցը որևէ մեկին պետք է ռեակցիա տա՞, թե՞ ոչ։ Ո՞վ պետք է դիմի, 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, դատապարտված են սովի, Հայաստանը մատը մատին չի տալիս, ոչ մի կառավարական մարմին մատը մատին չի տվել։ Չկա դիմում ո՛չ ՄԱԿ գրասենյակ, ո՛չ Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպություն»,- շեշտեց նա։
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ին ու այլ կառույցների չի դիմում, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց՝ հարցը պետք է ուղղել Կառավարության ղեկավարին։
«Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում հայտարարեց՝ Հայաստանը 29.800 քկմ տարածքով է, սա ազդակ է, որ նա ասում է՝ հրաժարվում է Արցախից, արցախցիներից, հայկական անձնագիր կրող 120 հազար քաղաքացուց, տարածքներից։ Ես չգիտեմ՝ նրա ազդակները որոնք են, մի օր մեկ բան է ասում, հաջորդ օրը՝ այլ բան, ու ասում է, թե իրեն սխալ ենք հասկացել։ Ուղղակի փաստն եմ ընդգծում՝ ՀՀ կառավարական որևէ օղակ չի դիմել որևէ միջազգային կառույցի, 120 հազար մեր հայրենակիցներին օգնելու, փրկելու համար։ Սա ես վստահորեն եմ ասում, որովհետև շփվում եմ մարդկանց, գրասենյակների հետ, մշտապես զանգահարում եմ ՄԱԿ, Պարենի համաշխարհային ծրագիր, բոլոր ծանոթներին, որոնք մեկը՝ Հռոմում, մեկը՝ Աֆրիկայում ինչ-որ ծրագրեր են ղեկավարում։ Մարդիկ պարզ ասում են ու չեն թաքցնում, որ Կառավարությունն իրենց չի դիմել»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: